ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր հրավիրված խորհրդակցությանը քննարկվել են ինքնակամ շինությունների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների կիրարկումն ապահովելուն վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության մարզային վարչությունների, Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային բաժնի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մարզային գրասենյակի, Կադաստրի կոմիտեի «Արմավիրի» սպասարկման գրասենյակի և մարզպետարանի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուները, ինչպես նաև միավորված համայնքների ղեկավարները:
Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է քաղաքաշինության ոլորտը կարգավորող մի շարք օրենքներում տեղ գտած փոփոխություններն ու լրացումները, որոնք հիմնականում վերաբերում են ինքնակամ կառույցների հաշվառմանն ու շինարարությունների օրինական իրականացմանը՝ մարզային իշխանության տարբեր ոլորտները ներկայացնող կառույցների պատասխանատուներից ակնկալելով համագործակցված աշխատանք: Մարզպետն իր խոսքում ընդգծել է, որ օրենքներում տեղ գտած կարգավորումները թույլ կտան արմատապես վերջ դնել ինքնակամ կառույցների պրակտիկային և ունենալ օրինական հիմքով կառուցված շենք-շինություններ:
Անդրադառնալով օրենսդրական կարգավորումներին՝ մարզպետարանի աշխատակազմի գլխավորր քարտուղար Արամ Հովհաննիսյանը մասնավորապես ներկայացրել է «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանված երկու ռեժիմը՝ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների և օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների համար:
Կարդացեք նաև
Արամ Հովհաննիսյանի կողմից ներկայացվել են նաև ոլորտը կարգավորող մի շարք այլ օրենքներում կատարված փոփոխությունները և լրացումները: Նշվել է, որ մշակված նախագծերի հիմնական նպատակն է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը, ինչն ինքնին կապահովի ցանկացած շինության կառուցումը բացառապես իրավասու մարմնի կողմից թույլտվության, ինչպես նաև օրենսդրությամբ անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծային և այլ փաստաթղթերի հիման վրա:
Ամփոփելով օրակարգային հարցի շուրջ ոլորտային պատասխանատուների կողմից հնչեցված առաջարկները և ընթացիկ հարցերը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հանձնարարել է հետևողականորեն ապահովել օրենքների կիրառմանն ուղղված միջոցառումները և կատարված աշխատանքների վերաբերյալ պարբերաբար տեղեկություն ներկայացնել մարզպետարան:
Արմավիրի մարզպետարան