«Մի ներվ է տարածված հասարակության մեջ, իբրեւ թե այդ գումարների մի մասը ծախսվել են՝ պարգեւավճարների տեսքով: Մենք բոլորս գիտենք, թե նախարարությունը ինչ ծանրաբեռնվածությամբ է աշխատել: 2019-ին 2020-ի բյուջեում նախատեսված է եղել նաեւ պարգեւատրման ֆոնդը, այս ընթացքում այդ ֆոնդը մեծացե՞լ է, թե՞ ոչ»,- այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն այս հարցն ուղղեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանին, որը հրավիրվել էր՝ պատասխանելու պատգամավորների հարցադրումներին:
Առաքելյանը պատասխանեց, որ ինքը պաշտոնավարել է 2020-ի նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին ու այդ ընթացքում անձամբ ինքը հրաժարվել է պարգեւավճարից. «Որեւէ պարգեւավճար, որեւէ փոխհատուցում չեմ ստացել պաշտոնավարման ընթացքում: Ավելին, դեկտեմբերին նախարարության աշխատակիցների պարգեւատրման ֆոնդն ամբողջությամբ փոխանցվել է Արցախի մինչեւ 6 տարեկան երեխաներին՝ որպես ամանորյա նվեր: 2021-ի ընթացքում, երբ պաշտոնավարել եմ, նախարարության ցածր հաստիք զբաղեցնող աշխատակիցները ստացել են պարգեւավճար, ես շարունակել եմ պարգեւավճար չստանալ նաեւ 2021-ին»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամը» նախաձեռնեց «Մենք ենք, մեր սահմանները, ամեն ինչ «Արցախի համար» դրամահավաքը։ Հետո պարզվեց, որ հավաքագրված գումարից մի զգալի մաս՝ 52 մլրդ 703 մլն դրամը փոխանցվել է կառավարությանը։
ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրեց՝ նախորդ տարի բացահայտվեց խարդախության սխեմա, ըստ որի, այն մարդիկ, որոնք չպետք է աջակցություն ստանային, ընդգրկվել էին սոցաջակցության ծրագրերում ու խոսքը մի քանի հարյուր անձանց մասին էր:
Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց, որ խոսքը այն ծրագրի մասին էր, ըստ որի, Արցախի հանրապետության վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում նախկինում բնակվող անձանց տրամադրվել էր միանվագ աջակցություն 300 հազար դրամի սահմաններում: Երկու չափանիշ կար՝ պետք է այդ տարածքի բնակիչ լինեին ու վերջին երեք ամսում այնտեղ փաստացի բնակության վերաբերյալ տեղեկանք բերեին գյուղապետերից: Այնտեղ իսկապես չարաշահումներ եղել են, պարզել են, որ որոշ մարդիկ, օրինակ, գրանցված են եղել ՀՀ դպրոցներում, ինչից բացահայտել էին, որ չեն կարող Արցախից գալ աշխատանքի: Այդ մարդկանց մասին գործերն ուղարկել են իրավապահներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ