Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամիջանյանը տանելի իռոնիայով պատասխանեց՝ միգուցե պատերազմ էր…Ես երբեք այդպիսի տարողունակ պատասխան չէի ստացել իմ հարցադրումներին». Աղազարյան

Հունվար 14,2022 18:25

Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հրավիրվել էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին  «Հայաստան» համահայկական հիմնադրամը» նախաձեռնեց «Մենք ենք, մեր սահմանները, ամեն ինչ «Արցախի համար» դրամահավաքը։ Հետո պարզվեց, որ հավաքագրված գումարից մի զգալի մաս՝ 52 մլրդ 703 մլն դրամը  փոխանցվել է կառավարությանը։

Հարցին՝ որպես նախարար ներգրավված եղե՞լ եք այդ որոշմանը, որով հիմնադրամի գումարները փոխանցվել են կառավարությանը՝ Առաքելյանը պատասխանեց, որ նախարարությունը հիմնադրամի հետ ուղիղ բյուջետային հարաբերությունների մեջ չի մտել եւ չի ստացել ուղիղ ֆինանսավորում: Ենթադրվում է, որ դա եղել է ֆիննախի միջոցով, ֆիննախն էլ վերաբաշխում է արել:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց, որ հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանը քննիչ հանձնաժողովին փոխանցել է, որ սովորաբար հիմնադրամը այսպես է աշխատում՝ խնդիրը ներկայացնում են, իրենք լուծում են ու վերջնարդյունքը ներկայացնում կառավարությանը: Նա հարցրեց՝ եթե ֆինանսական միջոցներն ուղղվեին ուղիղ հիմնադրամից շահառուներն, հնարավո՞ր էր՝ Առաքելյանը պատասխանեց, որ տեսականորեն դա հնարավոր էր, բայց փաստացի նախարարությունը հսկայական գործընթաց է իրականացրել. «Այդ սոցիալական աջակցությունների հիմքում ընկած էր արագ սոցաջակցություն տրամադրելը, մասնավորապես, արցախահայության մասով: Առնվազն այդ պահին իմ ունեցած տեղեկությամբ նույնիսկ նախարարության հնարավորությունները՝ ե՛ւ մարդկային, ե՛ւ տեխնիկական, սուղ էին ու լրացուցիչ ռեսուրսների ներգրավմամբ է հնարավոր եղել դա ապահովել: Մեր նախարարության մասով ուղիղ աջակցություն ստացել են տարբեր ծրագրերով 100 հազարից ավելի շահառուներ, ես զերծ կմնամ գնահատական տալ՝ արդյոք հիմնադրամը կարո՞ղ էր 1-2 օրվա ընթացքում 100 հազար քաղաքացիների դիմումի ընդունում, մշակում անել, որից հետո՝ տրամադրել աջակցություն: Ենթադրում եմ, որ հիմնադրամը հնարավորություն չէր ունենա»:

Զարուհի Բաթոյանը հանձնաժողովին ասել էր, որ սոցիալական աջակցության ծրագրերը կարճաժամետ էին պլանավորել, մինչեւ ձմեռ, Առաքելյանն ասաց, որ իր տպավորությամբ դրանք երկարաժակետ ծրագրեր էին, մինչեւ խնդիրները լուծվեին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ ֆիննախից իրենց տրամադրած տեղեկանքի համաձայն, հիմնադրամի միջոցներից տրամադրվել է 7 մլրդ 607 մլն դրամ ծրագրերից մեկի համար, բայց կառավարության որոշումը, որը տվյալ ծրագրի որպես հիմք է տրված, այնտեղ 59,4 մլն-ով պակաս է գումարը, ուստի հարցրեց. «Կարո՞ղ է հիշեք, որ այս թիվը փոխվել է, որովհետեւ խոսքը մոտ 60 մլն-ի տարբերության մասին է»: Առաքելյանը պատասխանեց, որ պոտենցիալ շահառուների թվաքանակով պայմանավորված՝ փոփոխություններ եղել են. «Եղել են տարբերակներ, որ գումարը մնացել է, հետ ենք փոխանցել պետբյուջե: Ֆինանսավորումը եղել է մարտ ամսին, բայց երբ նախնական գնահատական է տրվել, թե որքան շահառու կա, հնարավոր է գումարը փոխվի»: Ավետիսյանը չհամաձայնեց՝ տեղեկանքում նշված է՝ ծախսված է 7,6 մլրդ, եթե ծախսվել է, ուրեմն պիտի ճշտված լիներ:

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց. «Պատերազմի թեժ օրերին, երբ ամեն րոպե օպերատիվ միջամտություն էր պահանջվում այս կամ այն հարցի հետ կապված ու մյուս կողմից հնարավոր չէր կանխատեսել, թե սոցիալական ոլորտում ինչ ծրագրեր պետք է իրականացնի կառավարությունը մարտ-ապրիլ ամիսներին, հետեւաբար, երբ այդ միջոցները եկել են բյուջե, ծրագրեր են իրականացրել, տեսել են՝ այլ անհրաժեշտություն կա: Պատերազմի ժամանակ, նաեւ կորոնավիրուսով պայմանավորված մոտ 124 մլրդ լրացուցիչ ծախս է պահանջվել բյուջեի համար»: Աղազարյանն ասաց, որ երբ հռետորական հարց է տվել, թե ինչո՞վ էր պայմանավորված այն հանգամանքը, որ կարճ ժամանակահատվածում հիմնադրամը այդքան մեծ միջոցներ հավաքեց՝ ի տարբերություն մյուս տարիների. «Պարոն Մամիջանյանը իմ համար ընդունելի, նաեւ տանելի իռոնիայով պատասխանեց՝ պարո՛ն Աղազարյան, միգուցե պատերազմ էր: Ես երբեք այդպիսի տարողունակ պատասխան չէի ստացել իմ հարցադրումներին, անկեղծ եմ ասում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31