Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ժամանակ ԱԱԾ-ն եկավ, ուսումնասիրեց համակարգն ու գնաց․ այսինքն, լուծման տարբերակ կար»․ Վազգեն Ռշտունի

Հունվար 14,2022 17:52

«Բոյկոտի իմաստը ո՞րն է։ Տարիներ շարունակ միության նախագահ չունենք»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին` անդրադառնալով մամուլում առկա տեղեկություններին, թե որոշ դատավորներ պատրաստվում են բոյկոտել «Դատավորների միություն» հ/կ նախագահի ընտրությունները։

Հիշեցնենք, որ այսօր դատավորների ընդհանուր ժողով է անցկացվում, որից հետո կգումարվի «Դատավորների միության» ժողովի նիստ․ «Դատավորների միություն» հ/կ նախագահի պաշտոնում առաջադրվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Այժմ արդեն դատավորներն ընտրում են միության նախագահին. քվորում կա:

«Եթե դատավորները բոյկոտի ցանկություն ունեն, չեմ կարծում, որ նրանք շատ են։ Գուցե առանձին դատավորներ լինեն, բայց, ամեն դեպքում, պատճառ չեմ տեսնում»,-նշեց Վազգեն Ռշտունին եւ հավելեց,-«երբ պարոն Ազարյանը կայացրել է ինքնառաջադրվելու որոշում, բնականաբար, խորհրդակցել է իր գործընկերների հետ։ Գիտեմ, որ որոշ գործընկերներ հենց իրեն են առաջարկել ինքնառաջադրվել, որովհետեւ քրեական արդարադատության ոլորտում պարոն Ազարյանն առաջամարտիկներից մեկն է։ Տրամաբանական է, որ իրեն են առաջարկել՝ այն հույսով, որ նա լավագույնս կներկայացնի դատավորների շահերը հանրային հարաբերություններում՝ որպես հ/կ-ի ղեկավար»։

Անդրադառնալով արդարադատության նախարարության կողմից իր հանդեպ կարգապահական վարույթի հարուցմանը՝ դատավորն ասաց, որ գնահատականներ չի տա, որովհետեւ դրանք կարող են սուբյեկտիվ որակվել․ «Ասելիքը կներկայացնեմ ԲԴԽ նիստում։ Անկանխակալ դիտողի մոտ կարծիք կձեւավորվի, թե որքանով էր իրավաչափ այդ կարգապահական վարույթը։ Ինձ հայտնի չէ մեկ այլ վարույթ, երբ նախարարությունն իր նախաձեռնությամբ ուսումնասիրում է դատավորի գործերն ու վարույթ հարուցում։ Այդ ամենի մասին մանրամասն կխոսենք առաջիկայում»։

Նախորդ տարի ԱԱԾ-ն արտաքին միջամտության կասկածանքով վերաքննիչ քրեական դատարանից առգրավել էր դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը, որից հետո արդեն գրեթե ութ ամիս՝ գործերի մակագրումները ձեռքով են արվում։ Այս առնչությամբ Վազգեն Ռշտունին հետեւյալ դիրքորոշումը հայտնեց․ «Չեմ կարող երեւույթը դրական մեկնաբանել։ Տարիներ շարունակ միջազգային կազմակերպությունները պայքարել են, որ այդ էլեկտրոնային համակարգը ներդրվի։ Այն ժամանակ կապ հաստատվեց Միքայել Համբարձումյանի կողմից (չեմ հիշում՝ այդ ժամանակ ԱԱԾ պետ էր, թե պետի տեղակալ) իմ հետ՝ որպես դատարանի նախագահի։ Պայմանավորվեցինք, որ հնարավոր չի համակարգն առգրավել, որովհետեւ դրանից դատարանի բնականոն գործունեությունը կխափանվի։ Իրենք եկան, տեղում համակարգն ուսումնասիրեցին մի քանի օր ու գնացին։ Այսինքն, այդ ժամանակ այդ լուծման հնարավորությունը կար։ Ուստի հնարավոր էր լուծում գտնել։ Պետությունը փորձագիտական հիմնարկների համար միլիոններ է ծախսում, ուստի կարելի էր այս դեպքում այդ համակարգիչը փոխարինել մեկ ուրիշով, հետո նոր առգրավել։ Գուցե դա մեկ այլ գործի շարունակությունն էր, ես տեղյակ չեմ այդ գործից»։

Վազգեն Ռշտունին հավելեց, որ իր ունեցած տվյալներով՝ ձեռքով մակագրումների դեպքում համաչափությունը հիմա պահպանված չէ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31