2021թ. դեկտեմբերի վերջին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ստորագրել է երեք պայմանագիր Կապան, Դիլիջան և Իջևան համայնքների հետ: Նշված տեղական իշխանություններն ընտրվել են Հայաստանից՝ ԵՄ ֆինանսավորմամբ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» (M4EG) տարածաշրջանային ծրագրի շրջանակում հայտարարված պիլոտային ծրագրեր իրականացնելու դրամաշնորհների մրցույթի արդյունքում։
Առաջիկա տարիների ընթացքում Եվրոպական միության 2,7 միլիոն եվրո համաֆինանսավորումը կօգնի ընտրված նախագծերի իրականացմանը: Մասնավորապես, Սիմոնյան կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ Կապանում՝ քաղաքի երկաթուղային կայարանի պատմական շենքում, կհիմնվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Դիլիջանում՝ խորհրդային շրջանից լքված կարի գործարանի տարածքում, կգործարկվի ձեռնարկությունների և անհատների համատեղ աշխատանքի համար նախատեսված ստեղծարար կենտրոն, Իջևանում էլ կհիմնվի «ԻննոԻջևան» հարթակը, որն իր մեջ կներառի նոր Արմաթ ինժիներական լաբորատորիաներ, «Իրական Դպրոց» և բիզնեսների ու անհատների համատեղ աշխատանքի համար նախատեսված տարածք։
Նախագծերի մեկնարկը նախատեսվում է այս տարվա սկզբին:
EU NEIGHBOURS east