Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետին և կառավարությանը. սովորելը երբեք ուշ չէ

Հունվար 14,2022 15:38

Թեմա՝ Գիտական աշխատանքների կազմակերպման և ֆինանսավորման Ձեր սկզբունքային սխալների մասին

Հավատացնում եմ ձեզ, որ իմ կենսագրությունը ինձ իրավունք է տալիս ձեզ կարդալ այս դասախոսությունը:

Հարգելի՛ ունկնդիր, գիտությունը, իրոք որ, կարող է հզորացնել մեր պետությունը և լուծել այսօրվա բազմաթիվ խնդիրներ: Բայց, մի՞թե այն ուժերը, որոնք քայքայեցին մեր երկիրը (երկրի առաջին նախագահը և Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ)), թույլ կտային այն իրականացնել: Ինձ հաճախ մեղադրում են դավադրության տեսության կողմնակից լինելու մեջ: Բայց մի՞թե ես սխալ եմ: Երկրի ներկա վիճակը լրիվ հիմնավորում է իմ մոտեցումը: Սկսած 1990-ական թվականներից` այդ դավադիր ուժերը աննկատ և խորամանկ կերպով քայքայեցին գիտության զարգացման և նրանով պետությունը հզորացնելու հնարավորությունները: Նրանք խախտեցին հետևյալ հիմնական կանոնը՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է: Դժգոհությունից խուսափելու համար նրանք սկսեցին քիչ-միչ վճարել գիտական աշխատողներին, բայց ոչինչ չպահանջել, պետպատվեր չիջեցնել և չտալ նախկին արդյունքների գնահատականներ:

Մեր երկրում չկային և հիմա էլ չկան մեծ ֆիրմաներ, որոնք ֆինանսավորեին, պատվիրեին և պահանջեին պետությանը անհրաժեշտ գիտական արդյունքներ: Եվ այս պայմաններում, փաստորեն, իրականացվեց քաղաքականություն՝ հարգելի՛ գիտնականներ, ինչով ուզում եք զբաղվեք, բայց մեզ չխանգարեք, բավարարվեք այս քչով, բայց միայն թե պետությանը օգուտ չտաք:

Այսպես, չկա պետպատվեր, վճարման ենթակա գիտական թեմաները առաջարկվում են իրենց իսկ կատարողների կողմից: Նրանցից յուրաքանչյուրը առաջարկում է իր համար ցանկալի, երբեմն դեռ սովետից մնացած գիտական թեմաներ, երբեմն ոչ մի առնչություն չունեցող մեր պետության շահերի հետ: Իսպառ բացակայում են ստացված արդյունքների ներդրման պահանջները և այդ ներդրման կազմակերպումը: Ստացվում է կատարվող թեմաների մեծ խայտաբղետություն, պետական բյուջեի ոչ նպատակաուղղվածություն, բյուջեի միջոցների փոշիացում:

Վերջերս ավելի են անհասկանալի դարձել պահանջները գիտական արդյունքների վերաբերյալ: Որպես վերջինիս որակի չափանիշ` պահանջում են տպած հոդվածներ արտասահմանյան գիտական բաց մամուլում: Այսինքն` մեր պետությունը փող է ծախսում, իսկ օգտվում են օտարները: Չկա ոչ մի վերահսկում, թե միգուցե մեր գիտնականների կողմից իրենց հոդվածներում առաջարկած գաղափարները, մեթոդները յուրացվում են մեր թշնամիների կողմից, վերջին հաշվով դառնում մեր իսկ դեմ կռվող զենք:

Այս գրվածքը կլիներ թերի, եթե չտայինք այս վիճակից դուրս գալու լուծումները: Իսկ անհրաժեշտ է`

1.Դադարեցնել գիտություն բառի սպեկուլյացիան:

2.Վճարել միայն պետությանը անմիջական օգուտ տվող և ավարտված արդյունքների համար:

3.Դադարեցնել վճարումը գիտական կոչումների, այսպես կոչված գիտական արժեքների համար, տպված հոդվածների համար :

4.Արգելել արժեքավոր հոդվածների տպագրումը արտասահմանյան մամուլում (սովորաբար հայերը տալիս են հետաքրքիր հեռանկարային գաղափարներ, լուծումներ):

5.Պարզեցնել գիտական բյուրոկրատիան` գիտական աստիճանների բազմաստիճան ցանկը:

6. Չվճարել հիմնարար գիտության համար, որոնք ռեալ արդյունք կարող են տալ միայն 50-100 տարի հետո: Քանի որ մենք գտնվում ենք պատերազմական վիճակում, մեզ անհրաժեշտ է լուծել ավելի օպերատիվ խնդիրներ:

7.Մեր գիտական միավորներին վճարել միայն պետպատվերների համար: Իսկ եթե պատվերը չկատարվի, ապա գիտական հիմնարկներին պատժել ծախսված ֆինանսը հետ պահանջելով: Թույլ տալ, որ նրանք կատարեն մեր երկրի մասնավոր ընկերություններից ստացվող պատվերներ:

8.Պարզեցնել գիտության կառավարման ներկայիս խճճված սխեման (այժմ կա և´ Գիտության Կոմիտե, և´ Ակադեմիա): Ամենակարևորը` կազմակերպել պետական պատվերներ առաջադրող օրգանների աշխատանքը: Պետբյուջեն պետք է ծախսել միայն այդ պատվերների կատարման համար:

9.Պետության շահերին նպատակաուղղված պետպատվերների ձևավորումը պետք է իրականացնել լուրջ մասնագետների օգնությամբ ելնելով պետության օրգանների (պաշտպանության, էկոնոմիկայի, բարդ տեխնոլոգիաների նախարարությունների) պահանջներից: Պատվերները պետք է ձևավորվեն Գիտության Կոմիտեի կողմից, բայց անհրաժեշտ կլինի փոխել ներկայիս աշխատաոճը, փոխել Գիտության Կոմիտեի ներկայիս կազմը, ընդգրկել լուրջ մասնագետների, բարձրացնել Գիտության Կոմիտեի պատասխանատվության աստիճանը գիտական արդյունքների վերջնական ներդրման կազմակերպման համար:

 Մի քանի խորհուրդներ Գիտության Կոմիտեի ղեկավարներին, որոնք թույլ կտան չփչացնել բյուջեի գիտության համար նախատեսված ծախսերը: Պետք է օգտվել միջազգային փորձից, որն ասում է՝ գիտական մեծ ծավալի ավարտուն աշխատանքները պետք է վերածել հետևյալ փուլերի կատարմանը.

1.Տեխնիկական առաջադրանքի կազմում:

2.Գիտահետազոտական աշխատանքների կատարում (կամ այլ կերպ անվանում են էսքիզային նախագծում):

3.Փորձնա-կոնստրուկտորական աշխատանքների կատարում (այլ կերպ՝ տեխնիկական նախագծում):

4.Աշխատող նմուշի ստեղծում (այլ կերպ՝ աշխատանքային նախագծում):

5.Աշխատանքի արդյունքների շահագործման մեկնարկում և ընդունումը պետական հանձնաժողովի կողմից:

 

Նշված փուլերից յուրաքանչյուրի կատարումից հետո միայն իրականացվում է հաջորդ փուլի ֆինանսավորումը: Այսպիսով կանխվում են աշխատանքի կատարման միջանկյալ անհաջող լուծումները, որոնք անխուսափելի են գիտական աշխատանքների դեպքում:

Վերջում նորից պնդեմ, որ սովորելը երբեք ուշ չէ. դուք ջահել եք, վերը նշված աշխատանքի սխեմայով փորձ չունեք:

Էդուարդ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Տեխնիկական գիտությունների սովետական պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31