Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատկերացնում եմ նման որոշումների քաղաքական գինը». Խոսրով Հարությունյանը Ղազախստան՝ խաղաղապահներ ուղարկելու մասին

Հունվար 14,2022 15:34

«Իմ խոսքի հասցեատերը բոլոր քաղկալանավորներն են: Խոսքը վերաբերում է Աշոտ Մինասյանից մինչեւ Առուշ Առուշանյան: Ես մեծ ցավ եմ ապրում բոլորի համար, բայց առանձնահատուկ կուզենայի առանձնացնել Աշոտ Մինասյանին, Գառնիկ Իսագուլյանին, եւ մասնավորապես Աշոտ Մինասյանին, որն Անկախության խորհրդանիշ է… Բոլորս էլ հասկանում ենք, որ նպատակը քաղաքական է: Այսօր կալանավորված է մի անձնավորություն, որը շատ ուրույն եւ պատասխանատու դերակատարություն կարող է ունենալ Սյունիքի պաշտպանության հարցում…

Համոզված եմ, որ այս մղձավանջը կավարտվի, եւ իրենք կհաղթահարեն այս դժվարությունները: Ընդ որում, սա մարտահրավեր չէ ուղղված Աշոտին, Իսագուլյանին կամ Առուշին, սա ուղղված է մի ողջ ժողովրդի, որ կանգնած է սեփական պետականության պահպանման, գոյատեւման անհրաժեշտության առջեւ»,- «Հայելի» ակումբում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անազատության մեջ գտնվող գործիչների ընտանիքներին մաղթելով համբերություն, բարօրություն եւ հաջողություն:

Խոսելով ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ՝ Ղազախստան ուղարկելու մասին, Խոսրով Հարությունյանն ասաց, որ առաջիններից մեկն է եղել, որ արձագանքել է այդ որոշմանը. «Ես երկար տարիներ եղել եմ ՀԱՊԿ խորհրդարանական վեhաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ, եւ շատ լավ պատկերացնում եմ նման որոշումների քաղաքական գինը: Սակայն, զարմանալի էր մեկնաբանությունը, որով ներկայացվում էր ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներգրավման անհրաժեշտությունը: Եթե հիշում եք՝անթաքույց ասվում էր, որ ներսում կա իշխանությունը պահելու աջակցության անհրաժեշտություն»:

Խոսրով Հարությունյանը միեւնույն ժամանակ ընդգծում է, որ եթե անկարգությունները շարունակվեին, ապա շատ ու շատ ուժեր, այդ թվում՝ արմատական իսլամիստներն ու ջիհադիստները կօգտվեին իրավիճակից, ինչը ճակատագրական կլիներ Կենտրոնական Ասիայի համար, քանի որ Ղազախստանը տարածաշրջանի տեղի կարեւորագույն երկրներից մեկն է: «Ես խնդիր չեմ տեսնում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի՝ Ղազախստան մտնելու հետ, խնդիրը ներկայացվելն է: Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն անթաքույց ասաց, որ իշխանություններին աջակցելու մասին է խոսքը: ՀՀ ԱԽ քարտուղարն էլ ասաց, որ այս քայլին գնում ենք, որովհետեւ վաղը կարող է համանման իրավիճակ ստեղծվել նաեւ մեզ մոտ, սա ուղղակի անթույլատրելի էր»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31