Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկեղծ լինենք․ ԲԴԽ-ն էլ կարծես ցանկություն չունի առգրավված համակարգիչները հետ բերելու»․ դատավոր Դավիթ Հարությունյան

Հունվար 14,2022 15:21

«Ակնկալիքները շատ են։ Համոզված եմ, որ պարոն Ազարյանը կընտրվի միության նախագահ։ Վերջապես միությունը կսկսի գործել եւ առաջին հերթին կզբաղվի դատավորների շահերի պաշտպանությամբ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր դատավորների ընդհանուր ժողովից առաջ ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն առաջադրվել է «Դատավորների միություն» հ/կ նախագահի թեկնածու, եւ այսօր տեղի է ունենալու նաեւ միության նիստը՝ նախագահի ընտրությունների օրակարգով։

«Գուցե անգործության հետեւանքով, իսկ գուցե դիտավորյալ անգործության։ Այսօրվա նպատակն այն է, որ միությունը սկսի աշխատել՝ գլխավորությամբ պարոն Ազարյանի»,-նշեց Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու միությունը նախորդ տարիներին չի աշխատել ինչպես հարկն է։ Ինչ վերաբերում է մամուլում առկա տեղեկություններին, թե դատավորների մի մասը մտադիր է տապալել ընտրությունները, Դավիթ Հարությունյանն ասաց․ «Տհաճ է, հուսով եմ՝ չի ստացվի»։

Վերջերս մի շարք դատավորներ համակարգի խնդիրների վերաբերյալ հայտարարություն էին տարածել՝ մատնանշելով, որ արդարադատության նախարարության կողմից դատավորների հանդեպ կարգապահական վարույթների հարուցումը խոչընդոտում է դատավորների անկախությանը։ Այս առիթով դատավոր Դավիթ Հարությունյանը, որի անունը եւս առկա է որպես հայտարարությունը հեղինակած դատավոր, հետեւյալ դիրքորոշումը հայտնեց․ «Որեւէ դատավոր սկզբունքորեն դեմ չէ առհասարակ կարգապահական վարույթների գոյությանը եւ այդ հարցերի քննարկմանը։ Խոսքը նրա մասին է, որ անհարկի եւ ցանկացած առիթով չպետք է ընտրվեն դատավորներ, որոնց հանդեպ կարգապահական վարույթներ են կիրառվում կամ ցանկանում են կիրառել։ Պետք է այնպես լինի, որ դատավորների հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու համար օրինական առիթ լինի։ Այն վարույթներով, որոնցով ներկա եմ եղել, չեմ տեսել նման բան»։

Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաեւ այն փաստին, որ ԱԱԾ-ն քրեական գործի շրջանակում դեռեւս նախորդ տարվանից առգրավել է դատական գործերի բաշխման էլեկտրոնային համակարգը, ինչի պատճառով ձեռքով մակագրումները դատավորների շրջանում մտահոգությունների առիթ են տալիս։ «Դա խոչընդոտ է։ Այդ համակարգիչներից ձերբազատվելն իրավաչափ չէ։ Ոնց հասկանում եմ ԲԴԽ-ի հայտարարություններից, ապա անկեղծ լինենք․ իրենք էլ կարծես ցանկություն չունեն դրանք հետ բերելու։ Ասում են, թե նոր ընկերությունների հետ են բանակցում, բայց լսե՞լ եք, որ միջոց ձեռնարկեն՝ այդ համակարգիչները հետ բերելու համար»,-հարցադրում արեց Դավիթ Հարությունյանը։

Հավելենք, որ դատավորների ընդհանուր ժողովն անցնում է դռնփակ․ օրակարգում արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամների ընտրության հարցն է, որից հետո կգումարvի «Դատավորների միության» ժողովի նիստ՝ կրկին դռնփակ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31