Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոցապնախարարը Փարաքար համայնքի բնակիչ է եւ ունեցել է որոշակի ազդեցություն նաեւ այդ պրոցեսներում». Մեսրոպ Առաքելյան

Հունվար 14,2022 15:10

Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքար համայնքում մանդատները վայր դրեց՝ պատճառաբանելով, որ հանուն համայնքում համերաշխության են դա անում: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 20-ին «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն էր տարածել, որ Փարաքար խոշորացված համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։

Սակայն մանդատները վայր դնելու արդյունքում հունվարի 9-ին Փարաքար համայնքի ավագանու նիստի ընթացքում հայտարարվեց, որ Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կիրականացնեն համայնքի համատեղ կառավարում՝ 2,5 տարի համայնքը կկառավարի Դավիթ Մինասյանը, 2,5 տարի՝ ՔՊ թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Այսօր լրագրողների հետ զրույցում Մեսրոպ Առաքելյանը հարցին՝ ինչո՞ւ ընտրողներին փաստի առաջ կանգնեցրիք, դուք էիք ամենաշատ ձայները հավաքել՝ պատասխանեց, որ «Ապրելու երկիրը» դիմել է դատարան՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով: Նա ասաց, որ համայնքում լարվածություն կար ու որեւէ կողմը ընդառաջ չէր գնում, ուստի իրենք գտան, որ նման պայմաններում աշխատանքը շարունակելը ոչ արդյունավետ է. «Արտահերթ ընտրությունների պահանջը օրենքի շրջանակներում լրիվ հիմնավորվում է, որովհետեւ Վեդի համայնքում հունվարի 4-ին նմանատիպ պայմաններում կառավարությունը որոշում է կայացրել ու այդ տրամաբանությամբ պետք է որոշում կայացվեր մեր դիմումին ի պատասխան, սակայն պատասխան չկա մինչեւ օրս»:

Նա նաեւ ասաց, որ իրավաբանների հետ քննարկում են ու հնարավոր է առաջիկայում նաեւ դիմեն Վարչական դատարան՝ ներկայիս ավագանու գործունեությունը Փարաքարում կասեցնելու համար:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ զիջեցիք՝ մանդատները վայր դնելով՝ Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Այս պահին իրավական տեսանկյունից մանդատները վայր դրած չի, քանի որ դատական գործընթացի մեջ ենք ու հայցվորը հենց խմբակցությունն է հանդիսանում: Մենք չենք զիջում, ընդամենը այս պահին դատական ճանապարհով գնալն է մեր քայլը»:

Առաքելյանն ընդգծեց, որ տրամաբանական չի, որ 8 համայնքից 4-ում «հաղթող» թեկնածուն 3-4% ձայն է հավաքել: Դիտարկմանը, որ տրամաբանական չի նաեւ ձեր քայլը, երբ ամենաշատ ձայներն եք հավաքում ու մանդատները վայր դնում՝ Մեսրոպ Առաքելյանն արձագանքեց. «Մենք դիմում ենք դատարան՝ արտահերթ ընտրությունների պահանջով, մեր ընտրողների աջակցությամբ բոլոր օրինական միջոցներով հասնելու ենք նրան, որ նշանակվեն նոր ընտրություններ: Առավել եւս, եթե իշխանությունները պնդում են, որ իրենք ունեն ավելի շատ մանդատ, իրենք որեւէ մտավախություն չպետք է ունենան մասնակցելու արտահերթ ընտրություններին ու եթե կարծում են կարող են հաղթել՝ ասում ենք՝ եկեք մասնակցեք եւ հաղթեք: Մենք վստահ ենք, որ նոր ընտրություններում եւս ավելի վստահ մենք հաղթանակ ենք տանելու, Փարաքար համայնքում մենք ՔՊ-ից 2 անգամ ավելի շատ ձայն ենք հավաքել, մենք հաղթել ենք ու հիմա թե ավագանու ինչի արդյունքում ինչի են հասել՝ դա որեւէ ձեւով չի արտահայտում քաղաքացիների դիրքորոշումը»:

Հարցին՝ ասում են՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն է ներգրավված այդ գործընթացում, ցանկացել է ամեն ինչ անել, որ ՔՊ թեկնածուն հաղթանակ տանի, դուք ի՞նչ տեղեկություն ունեք այդ մասին՝ Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Բնական է, որ ՔՊ խմբակցությունը եւ առավել եւս «Դավիթ Մինասյան» խմբակցությունը իրենց որոշումը իրենք չեն կայացրել: Փաստացի 2 խմբակցություն չի եղել, բոլորը եղել են ՔՊ-ի ազդեցության տակ, որում ներգրաված են եղել կառավարության եւ խորհրդարանի բազմաթիվ պաշտոնյաներ: Եվ այստեղ պետք է փաստել, որ մեկ անգամ եւս տեղական ինքնակառավարումը ոտնահարվում է ու կառավարության անդամները միջամտում են: Սոցապնախարարը Փարաքար համայնքի բնակիչ է եւ ունեցել է որոշակի ազդեցություն նաեւ այդ պրոցեսներում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31