Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվեց «Միասնական Վարդենիս» դաշինքը գլխավորած Արամ Հարությունյանի կալանքի բողոքարկումը: Դատավոր Բիշարյանը մերժեց փաստաբանների բողոքը եւ ուժի մեջ թողեց Գավառի առաջին ատյանի դատարանի՝ Արամ Հարությունյանին կալանավորելու որոշումը:
Վերաքննիչ դատարանի նիստից առաջ Արամ Հարությունյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը (լուսանկարում) «Երկիր»-ին ասել էր, թե իր վստահորդին կալանքի մեջ պահելու որեւէ իրավական հիմք չկա: «Տվյալ դեպքում մենք կրկին համոզվում ենք, որ սա քաղաքական ենթատեքստ ունի: Գրեթե բոլոր համայնքներում ՏԻՄ ընտրություններից հետո մենք տեսնում ենք, որ քաղաքական հետապնդումներ են արվում: Միանշանակ համոզված եմ, որ Արամ Հարությունյանի կալանավորումը պայմանավորված է հետընտրական պրոցեսներով:
Տեսեք: Անշուշտ, տեղյակ եք, որ Արամ Հարությունյանը մանդատից հրաժարվեց: Տվյալ դեպքում նաեւ վրեժխնդրություն է իրականացվում: Այսինքն, նախադեպ է ստեղծվում, որ մյուս ընդդիմադիր գործիչները հասկանան, որ գործող իշխանության կողմից հետեւողական ճնշում է իրենց նկատմամբ իրականացվելու: Մենք գնալով համոզվում ենք, որ ոստիկանությունը, քննչականը, դատախազությունը մուրճիկ եբ դարձել գործող իշխանության ձեռքին»,- ասաց Սերգեյ Հարությունյանը, իսկ դատական նիստի ավարտից հետո նաեւ հավելեց. «Ցավոք սրտի, վերաքննիչ դատարանը չբավարարեց երկու պաշտպանների հիմնավոր բողոքը, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ ապօրինությունները եւ քաղաքական բռնաճնշումները շարունակվում են: Ցավալի է, որ վախի, տեռորի մթնոլորտում նմանատիպ դատական վճիռներ պարբերաբար լինելու են, որովհետեւ նույն դատավորները տեսնում են, թե ինչ է կատարվում երկրում ու ակնհայտ է, որ իրենք էլ ունեն իրենց մտահոգությունները»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ