ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը «Դատավորների միություն» հասարակական կազմակերպության աշխատանքը բացասական է գնահատում։ «Ինչ-որ գործունեություն պետք է լինի, որ գնահատական տամ: Գործունեություն ընդհանրապես չկա»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր դատավորների ընդհանուր ժողովից առաջ ասաց Ազարյանը։
Նա տեղեկացրեց, որ ցանկանում է առաջադրվել եւ դառնալ «Դատավորների միության» նախագահ՝ ոլորտի առկա խնդիրները լուծելու առաջարկներ ներկայացնելու նպատակով․ «Կանոնադրությամբ ամրագրված գործառույթները եթե իրականացվեն, դատավորները կվերադառնան միություն»։
Ալեքսանդր Ազարյանի խոսքով՝ ինքը եւս տեղեկություններ ունի, որ մի շարք դատավորներ մտադիր են տապալել դատավորների միության նախագահի ընտրությունները․ «Չգիտեմ՝ տեղեկությունն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե ոչ։ Գիտեմ, որ տիկին Ելիզավետա Դանիելյանն էլ է առաջադրվել, մյուս առաջադրումներից տեղյակ չեմ։ Իմ շանսերը բարձր եմ գնահատում»։
Լրագրողները հիշեցրին Ազարյանի հարցազրույցները, թե դատավորների հանդեպ ճնշումներ են եղել։ Այս առիթով Ազարյանը պարզաբանեց․ «Ես նման բան չեմ ասել։ Եթե չեմ սխալվում, ինձ հարցրել են, թե արդյոք օրինագծերից մեկի միջոցով կարող են դատավորներին վախեցնել, եւ ասել եմ, որ այո, բայց ոչ մեր նման դատավորներին։ Ես չեմ ասել, որ կոնկրետ իմ հանդեպ ճնշումներ կան։ Հարցին անդրադարձել եմ 2-3 տարի առաջ։ Կարծում եմ՝ այն ժամանակ բացահայտ ճնշումներ են եղել գործադիր մարմնի ներկայացուցիչների կողմից»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ