Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատավայր մեկնելու պահից մինչև ՔԿՀ վերադառնալը դատապարտյալների վարքագծի հսկողություն չի իրականացվում. դատախազությունը քննարկում է օրենսդրական փոփոխությունների առաջարկ ներկայացնելու հարցը

Հունվար 14,2022 14:58

ՀՀ ԱՆ քրեակատարողական բաց ուղղիչ հիմնարկներում պահվող անձանց իրավունքների իրացման վիճակի ուսումնասիրության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում  ստուգվել է Բաց ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող և ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող դատապարտյալների կողմից աշխատանքի անցնելու, հաճախելու, աշխատանքից ազատվելու հանգամանքները։

Այդ կապակցությամբ Վարչության կողմից այցելություն է կատարվել բոլոր գործատուների աշխատանքային գործունեության վայրեր, հարցումներ են արվել ՊԵԿ, որոնց արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:

Մասնավորապես՝ առանձին դեպքերում պարզվել է, որ ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի որոշ դատապարտյալներ հիմնարկի պետի թույլտվությամբ աշխատանքային պայմանագրեր են կնքել տարբեր Ա/Ձ-երի հետ, որոնց համաձայն աշխատանքի են անցել այդ գործատուների մոտ, սակայն դատախազության աշխատակիցների կողմից կատարված ստուգայցերի ժամանակ նրանք աշխատավայրում չեն գտնվել:

Առանձին դեպքում ստուգմամբ պարզվել է, որ դատապարտյալը աշխատավայրում չի գտնվել, իսկ ավելի ուշ ՔԿՀ վերադառնալուց հետո անձնական խուզարկության արդյունքում վերջինիս ուսապարկում հայտնաբերվել է տարբեր տեսակի թմրանյութերին նմանվող զանգվածներ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, դատապարտյալը բաց ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է նույն ՔԿՀ-ի կիսաբաց ուղղիչ հիմնարկ։

Մեկ այլ դեպքում դատապարտյալը ստացել է այլ գործատուի մոտ աշխատելու համար ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլատրություն և մի արտադրական կոոպերատիվի հետ աշխատանքային պայմանագիր կնքել այնտեղ որպես վարորդ աշխատելու վերաբերյալ։ Մինչդեռ դատախազության աշխատակիցների կատարված ստուգայցի և ՊԵԿ-ին ուղղված հարցմամբ  պարզվել է, որ նա երբևէ տվյալ ԱԿ-ի աշխատակից չի հանդիսացել, գործատուն նրա հետ կնքված պայմանագիրը չեղյալ է համարվել, երբ  պարզվել է, որ վերջինս վարորդական իրավունքի վկայական չունի։

Դատախազությունը կասեցրել է տվյալ դատապարտյալին ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլտվություն տալու մասին ՔԿՀ-ի պետի որոշման գործողությունը, իսկ իրավունք վերապահող բովանդակությամբ ու հատկանիշներով կեղծ փաստաթուղթ կազմելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Այլ դեպքում ստուգմամբ պարզվել է, որ ՔԿՀ պետի կողմից որոշում է կայացվել դատապարտյալին թույլատրել հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվել և աշխատանքային պայմանագիր կնքել հենց դատապարտյալի անունով նոր բացված ԱՁ-ում աշխատելու համար, ինչի հիման վրա դատապարտյալը աշխատանքային ժամերին դուրս է եկել ՔԿՀ-ի տարածքից։

Այդ որոշման գործողությունը կասեցնելու վերաբերյալ դատախազի որոշմամբ արձանագրվել է, որ քանի որ դատապարտյալի գործատուն հանդիսացել է հենց ինքը, ՔԿՀ-ի վարչակազմը զրկված է գործատուի միջոցով դատապարտյալի վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու հնարավորությունից։ Այսինքն հայտնի չէ, թե աշխատանքային օրերին ՔԿՀ-ի տարածքից՝ իր իսկ կողմից հիմնադրած ԱՁ-ում աշխատելու պատճառաբանությամբ դուրս գալուց հետո այդ ողջ ընթացքում ինչով է դատապարտյալը զբաղված եղել։

Կամ՝ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալը ՔԿՀ պետի թույլտվությամբ անհատ ձեռնարկատիրոջ  հետ կնքել է աշխատանքային պայմանագիր նրա մոտ որպես բանվոր աշխատելու համար, մինչդեռ ՊԵԿ-ից ստացված գրությամբ պարզվել է, որ դատապարտյալի կողմից այդ գործատուի մոտ աշխատելու վերաբերյալ տեղեկություններ առկա չեն։ Ավելին, պարզվել է, որ չնայած ԱՁ-ի գործունեությունը 2021թ. օգոստոսի 25-ին դադարեցվել է, սակայն դատապարտյալը միայն հոկտեմբերի 29-ին է դիմել ՔԿՀ պետին՝ ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլատրությունը դադարեցնելու համար:

Այսինքն կատարված ուսումնասիրությունները փաստել են, որ աշխատավայր մեկնելու պահից մինչև ՔԿՀ վերադառնալը բաց ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող և ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս այլ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող դատապարտյալների վարքագծի նկատմամբ որևէ հսկողություն չի իրականացվում, ինչը հակասում է պատժի կատարման և դատապարտյալի ուղղման ծրագրի իրականացմանը։ Դրա հիմնական պատճառը ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի բազմաթիվ լուրջ թերություններն են և իրավական ընթացակարգերի բացակայությունը:

Մանրամասն վերլուծելով այդ բացերը՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից հաղորդում է ուղարկվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին՝ քննարկելու մինչև անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների կատարումը, այլ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող դատապարտյալների կողմից աշխատանքի հաճախելու, ինչպես նաև վերջիններիս կողմից աշխատանքի ընթացքում դրսևորվող վարքագծի նկատմամբ հսկողությունն առարկայական դարձնելու նպատակով ներքին իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու և գործադրելու հարցը:

Միևնույն ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվում է  ոլորտը կարգավորող իրավական ակտերում անհրաժեշտ կարգավորումներ սահմանելու նպատակով համակարգային վերանայումներին միտված օրենսդրական փոփոխությունների առաջարկ ներկայացնելու հարցը:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31