Այս տարվա գարնան վերջին ազգային փոխադրող «FlyArna» ավիաընկերությունը կսկսի թռիչքները: Այս մասին այսօր առցանց ասուլիսում հայտնեց «Air Arabia» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ադել Ալ Ալին: Նա եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) ղեկավար Դավիթ Փափազյանը ներկայացրին ավիաընկերության ապրանքանիշը:
Պարոն Ադել Ալ Ալին նաեւ ասաց՝ բոլոր ինքնաթիռները, որոնք կօգտագործվեն ավիաընկերության կողմից, կգրանցվեն Հայաստանում։ Ասաց նաեւ, որ աշխատանքներ են տարվում Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, Մերձավոր Արեւելքի, ԵՄ-ի եւ այլ ուղղություններով թռիչքներ իրականացնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին ԱՆԻՖ-ն ու «Air Arabia» ավիաընկերությունը հայտարարեցին համատեղ ձեռնարկության կողմից գործարկվող նոր՝ ազգային ավիաընկերության մասին, եւ որպես ընկերության անուն ընտրվեց «Fly Arna»-ն։ Այն գործելու է որպես բյուջետային ուղեւորատար ավիաընկերություն, որի բազան հանդիսանալու է Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Դավիթ Փափազյանից եւ «Air Arabia»-ի տնօրենից հետաքրքրվեց՝ արդյոք լուծվե՞լ են «սեւ ցուցակի» խնդիրները, որտեղ հայտնվել էին Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն եւ իր ենթակայության տակ գտնվող ավիափոխադրողները՝ հնարավորություն չունենալով արդեն երկու տարի դեպի Եվրոպա թռիչքներ կատարել: Հետաքրքրվեցինք՝ եթե արաբական ընկերությունը Հայաստանում ունենա հայկական գրանցումով օդանավեր կկարողանա՞ թռիչքներ կատարել դեպի Եվրոպա:
Ի պատասխան Դավիթ Փափազյանն ասաց՝ այն գործընթացները, որոնք տեղի ունեցան երկու տարի առաջ, դեռ ընթացքի մեջ են: Սակայն պարոն Փափազյանն ասաց, որ թռիչքներ իրականացնելու առումով հատուկ անհանգստություն չունեն: Ըստ նրա, «սեւ ցուցակի» հարցի հնարավոր հանգուցալուծման ժամկետների եւ եղանակների մասին հարցին ճիշտ կլինի տեղեկություն հայտնի Քաղավիացիայի կոմիտեն:
«Էյր Արաբիա» խմբի գործադիր տնօրեն Ադել Ալին էլ ասաց, որ այդ մասով անհանգստություն չունեն եւ որ «Fly Arna»-ն համապատասխանում է տեխնիկական բոլոր չափորոշիչներին:
Դավիթ Փափազյանը հայտնեց, որ հայկական ընկերությունը կունենա բաժնետոմսերի 51%-ը, ներդրող «Air Arabia»-ն՝ 49 %-ը։ Ընդ որում, պետությունը կֆինանսավորի բացառապես իր բաժինը եւ ոչ մի սուբսիդիա եւ արտոնություն չի լինի:
Նաեւ հարցրինք՝ հայկական բաժնեմասում թռիչքներն իրականացնելու են ազգությամբ հա՞յ օդաչուները: Մեր դիտարկմանը, թե փորձագիտական շրջանակներում, երբ խոսք է գնում ազգային ավիափոխադրողի մասին, հենց այդ գործոնն է կարեւորվում, քանի որ տեսանք՝ պատերազմի, կորոնավիրուսի ստեղծած բարդ պայմաններում հիմնականում մեր հայկական ավիաընկերությունները, հայ օդաչուները ստանձնեցին բեռների, մարդկանց թռիչքները, Դավիթ Փափազյանը պատասխանեց՝ հարցն իսկապես կարեւոր է, եւ ի սկզբանե պետք է պարզ լինի «Fly Arna»-ի՝ մարդկային ռեսուրսների քաղաքականությունը:
Ըստ ԱՆԻՖ-ի տնօրենի, կձեւավորվի խորհուրդ, որը կնշանակի գլխավոր տնօրենին եւ թիմի հիմնական մասին. կադրերն ընտրվելու են որակի ու զարգացման ներուժը համադրելու սկզբունքով. «Միակ չափանիշը, որն օգտագործելու է գլխավոր տնօրենը, դա լինելու է այն՝ ինչ ակնկալիք ունի մարդուց՝ լինի օդաչու, թե ցանկացած հաստիքում աշխատող անձ: Արդեն կատարված աշխատանքում հայկական կողմն ունեցել է մասնակցություն եւ այն եղել է հայկականացման էլեմենտով մասնակցությունը: Նույն մշակույթով եւ նույն մոտեցմամբ լինելու են մարդկային ռեսուրսների ընտրությունը՝ լինի օդաչուներ, թե ցանկացած այլ հաստիք»:
Տեղեկացանք, որ ազգային ավիափոխադրողը թռիչքները կիրականացնի Airbus A-320 երկու օդանավերով, սակայն չի բացառվում, որ շահագործվեն նաեւ այլ օդանավեր:
Պարոն Ադել Ալ Ալին ասաց, որ սկզբնական փուլում կձեւավորվի մի քանի հարյուր աշխատատեղ, բայց, երբ թռիչքների ուղղություններն ավելանան ու նոր ինքնաթիռներ ներգրավեն, աշխատատեղերը նույնպես կարող է ավելանան։
Թե ինչու որոշեցին օտարերկրյա ընկերության հետ համատեղ իրականացնել ծրագիրը, Դավիթ Փափազյանն ասում է՝ «Air Arabia»-ի իրենց գործընկերն ունի կենսունակ բիզնես մոդել, տարիների հաջողված փորձ, ինչի շնորհիվ Հայաստանը միջազգային զբոսաշրջային քարտեզի վրա կդառնա ավելի տեսանելի եւ գրավիչ ուղղություն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ