Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կարող է վերականգնել բոլոր կորուստները, որոնք ունեցել է. Գագիկ Մինասյան

Հունվար 14,2022 14:20

«Կապիտուլյանտ իշխանության յուրաքանչյուր օրը՝ պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո, աղետ է մեր պետության համար: Ընդ որում, հիմա դա ավելի ակնառու է դառնալու, որովհետեւ այս ցայտնոտային իրավիճակում պետք է չափազանց լուրջ, հեռատես եւ վստահելի ուժ՝ պետությունը ղեկավարելու համար, իսկ այս ուժը բազմիցս ապացուցել է, որ ինքն ամեն ինչ է, բացի պետություն ղեկավարող ուժից: Ինքը համաձայնողական մի կառավարություն է դարձել պատերազմից հետո, որը համաձայնվում է բոլոր կողմերից ներկայացվող պահանջներին՝ լինի ՌԴ-ից, Թուրքիայից, Ադրբեջանից ու անկախ նրանից, թե դա ինչ հետեւանքներ կունենա պետության համար: Իրենց նպատակը մեկն է՝ գոնե մեկ օրով ավելի մնալ իշխանության, որովհետեւ իրենք գիտեն, որ բոլոր այն ավերածությունների համար, որոնք իրականացրել են ազգի ու պետության գլխին, պատասխան են տալու՝ օրենքի ողջ խստությամբ»,- «Հենարան» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսում կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:

Ըստ նրա, եթե նախկինում այս իշխանության հեռացումը անգամ մի քանի ամսվա կտրվածքում կարող էր էական չլինել, այժմ խնդիրը մի քանի շաբաթվա կտրվածքում է: Այս համատեքստում, բոլոր առողջ ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց բոլոր հակասությունները տարբեր բնագավառներում եւ լծվեն մեկ գործի՝ «ազատել հանրապետությունն այս դավաճանական իշխանությունից»:

Պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների հասցեին հնչեցրած գնահատականների մասին հարցին, Գագիկ Մինասյանն ասաց. «Ինքը գիտի, թե ինչ ստորացումների են ենթարկվել ինքը, նաեւ իր հայրը, երկրորդ եւ երրորդ նախագահների իշխանության օրոք: Եվ ինքը գիտի, որ Աստծուց, ավելի շուտ Ալլահից ուղարկված մի բարեբախտություն էր Հայաստանում այս կապիտուլյանտի իշխանությունը, որն իրեն թույլ տվեց իրականացնել իրենց երազանքները»:

Ինչ վերաբերվում է Ալիեւի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեին արած հայտարարություններին էլ, Գագիկ Մինասյանն ասաց, որ ՌԴ-ի եւ Արեւմուտքի խորացող հակամարտության համատեքստում կդժվարանա լավատեսությամբ նայել եռանախագահների առաքելության իրականացմանը, քանի որ տարիների ընթացքում դա միակ հարթակն էր, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան համագործակցում էին: Իր գնահատմամբ, եթե ՀՀ կապիտուլյանտ իշխանությանը Հայաստանում փոխարինի ազգային իշխանություն, կամաց-կամաց հնարավոր կլինի վերականգնել բոլոր կորուստները, որոնք ունեցել ենք: Շատ մանրամասներ բանախոսը չցանկացավ հրապարակայնացնել:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում աշխարհաքաղաքական զարգացումներում, իր գնահատմամբ շատ բան է փոխվել եւ դա ստիպում է քաղաքական ուժերին միանգամայն նոր մարտավարություններ եւ ռազմավարություններ որդեգրել:

Այսօր Մոսկվայում ընթացող ՀՀ եւ Թուրքիայի բանագնացների հանդիպումից արագ զարգացումներ նա չի ակնկալում, քանի որ Թուրքիան պնդելու է իր նախապայմանները, որոնք շոշափում են նաեւ Ադրբեջանի շահերը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31