Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը կրկին օգտագործել է հայատյաց գաղափարներ. այսպիսի քաղաքականությունը պետք է արժանանա համապատասխան գնահատականի նաև միջազգային հանրության կողմից. Արցախի ԱԳՆ

Հունվար 14,2022 14:24

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը

Մի շարք լրատվամիջոցներին վերջերս տված հարցազրույցում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, կրկին օգտագործել է հայատյաց, ապակառուցողական, ծավալապաշտական բառապաշար և գաղափարներ՝ հնչեցնելով դրանց համապատասխանող ծրագրեր ու նպատակներ։

Նման քաղաքականությունը միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտում է։ Այն նպատակ ունի տորպեդացնելու խաղաղության հաստատման ու կայունության պահպանման նախաձեռնություններն ու ապամոնտաժելու գոյություն ունեցող ձևաչափերը։

Ադրբեջանի ղեկավարը հատուկ թիրախավորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահող երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելությանը՝ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելով նրանց գործունեության դեմ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր կողմերի միջև համաձայնեցված միակ ձևաչափը։

Մենք բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում և անընդունելի համարում նրանց գործունեության վրա ստվեր գցելու ցանկացած փորձ։

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը խստիվ դատապարտում է Ադրբեջանի պահվածքը՝ համոզված լինելով, որ պետական մակարդակով իրականացվող այսպիսի քաղաքականությունը պետք է արժանանա համապատասխան գնահատականի նաև միջազգային հանրության կողմից։

Արցախի Հանրապետության ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31