Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիայի շտապողականության եւ Ալիեւի «հիստերիկ» հայտարարությունների պատճառը. Գագիկ Մինասյան

Հունվար 14,2022 13:46

Դեռ անցած տարվա վերջին ՌԴ-ն ներկայացրեց երեք սկզբունքային խնդիրներ եւ Ժնեւում, Բրյուսելում ու Վիեննայում՝ վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած հանդիպումները՝ ՌԴ, ԱՄՆ, ՆԱՏՕ-ի անդամ մյուս ներկայացուցիչների մասնակցությամբ, ցույց տվեցին, որ հակասությունները չափազանց խորն են եւ առաջիկայում ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ գտնվող երկրներում բարդ գործընթացներ են սպասվում: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական գործընթացներին: Այս զարգացումների համատեքստում է նա դիտարկում նաեւ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, մասնավորաբար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները, եւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, որի շրջանակում առաջին հանդիպումն այսօր է ընթանում:

Տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների մակարդակը ՀՀԿ-ական գործիչը համեմատում է Կարիբյան ճգնաժամի հետ, որը շուրջ 60 տարի առաջ աշխարհը կանգնեցրեց 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգի առջեւ եւ հաղթահարվեց ճկուն քաղաքականության արդյունքում, որում շատերը մեծ դեր են տալիս նաեւ 1964-65 թվականներին ԽՍՀՄ ԳԽ նախագահության նախագահ Անաստաս Միկոյանին: ՌԴ-ից հայտարարություններ հնչեցին, որ այս խնդիրները կարգավորելու համար, ՌԴ-ն քայլեր է ձեռնարկում՝ Կուբայում եւ Վենեսուելայում ռազմական հրթիռներ տեղակայելու համար: Գագիկ Մինասյանի գնահատմամբ՝ ակնհայտ էր, որ ՌԴ-ի նման քայլը բացասական ընկալում կունենա եւ ակնհայտ էր, որ ՌԴ-ն նաեւ իր պլան «Բ»-ն պետք է ունենա, իսկ դա՝ ՌԴ-ՆԱՏՕ տիրույթում գտնվող երկրներում լարվածության աճն է:

«Սա առնվազն սառը պատերազմ է, սանկցիաներ են, հարաբերությունների կտրուկ վատացում: ԱՄՆ-ից խոսում են այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ էլ սանկցիաներ կկիրառվեն, ՌԴ-ից էլ պատասխանում են, որ դա նշանակում է մի բան՝ դիվանագիտական հարաբերությունների խզում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- ասաց Գագիկ Մինասյանը՝ հավելելով, որ Հայաստանում լարվածության աճը մեծանալու է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանի ամենաագրեսիվ հարեւանը Թուրքիան է, որը համարվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից երկրորդը՝ հզոր բանակ ունենալով:

«Մենք պետք է սթափ նայենք իրականությանը եւ անենք հետեւություններ, որոնք կարող են մեզ զերծ պահել անդառնալի զարգացումներից»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում, Ղազախստանում խաղաղապահների գործուղումը Հայաստանից դաշնակիցների համախմբման փայլուն օրինակ էր: Համախմբման է գնում նաեւ ՆԱՏՕ-ն, ինչի փայլուն օրինակն էլ կառույցի անդամ երկրների միասնական եւ միանշանակ պատասխանն էր ՌԴ-ին:

Հիշեցնենք, ՌԴ-ն դեմ է արտահայտվել, որ Ուկրաինան եւ Վրաստանը անդամակցեն ՆԱՏՕ-ին եւ ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունները վերադառնան 1997 թվականի մակարդակին, սակայն ՆԱՏՕ-ի անդամ երկրները մերժում են առաջարկը: Թեեւ ՌԴ-ն պնդել է, որ Ուկրաինայի վրա հարձակվելու մտադրություն չունի, բայց Գագիկ Մինասյանը մի բան ակնհայտ է համարում՝ Ուկրաինայի շուրջ արդեն 100 հազարանոց զորք է տեղակայված եւ հրացանը մի օր կրակելու է, թեեւ երրորդ արարի ժամանակ, ինչի պատճառ կարող է դառնալ Դոնբասում կամ Լուգանսկում անգամ ամենափոքր սադրանքը:

Համանման բարդ իրավիճակ, ըստ նրա, նաեւ Հայաստանի շուրջ է՝ նկատի ունենալով Թուրքիայի գործոնը, որը չափազանց կարեւոր երկիր է ՆԱՏՕ-ի համար, որի համագործակցությունը ՌԴ-ի հետ այդ երկրին դարձրել է էներգակիրների տրանզիտ դեպի Եվրոպա եւ, որի համագործակցությունը ՌԴ-ի հետ նպատակ ունի ջլատել ՆԱՏՕ-ի համերաշխությունը:

«ՌԴ-ն խանդով է վերաբերվում, որ ՆԱՏՕ-ի բանակի հրահանգիչները գտնվում են Ուկրաինայում, վարժանքներ են իրականացնում ուկրաինական բանակի հետ, բայց բոլորս գիտենք, որ համանման իրավիճակ է նաեւ ԼՂՀ-ի շուրջ: Թուրքական բանակի հրահանգիչները վաղուց գտնվում են Ադրբեջանում, ավելին, թուրքական զորքը Ակնայում է, մշտական տեղակայված է այնտեղ եւ ուսումնասիրում է այն հայտարարությունների իրականացումը, որը ստորագրվեց այդ խայտառակ հայտարարության ձեռքբերումից հետո: Եվ ոչ միայն Ակնայում, այլ նաեւ Նախիջեւանում»,- ասաց Գագիկ Մինասյանը՝ հավելելով, որ այդ տարածքները ՌԴ-ն համարում է իր ազդեցության ոլորտ ու այս պարագայում Թուրքիայի համար վճռորոշ ժամանակներ են գալիս, ինչը շատ կարեւոր է, թե ՌԴ-ի, թե ՆԱՏՕ-ի համար: Թե ինչպիսի՞ կողմնորոշում կընդունի Թուրքիան՝ ելնելով Թուրքիայի վերջին 5-7 տարիների քաղաքականությունից՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, բավական սերտ համագործակցություն, այդ թվում՝ նաեւ ռազմական, ունենալ ՌԴ-ի հետ, բարդ է, քանի որ եւ-եւ-ի քաղաքականությունն այլեւս հնարավոր չի լինի շարունակել:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ըստ ՀՀԿ-ական գործչի, իրավիճակը բոլորովին այլ կլիներ, երբ մեր երկիրը պահպաներ իր ռազմական, տնտեսական դիրքը, որն ուներ 2018-ին եւ որը հնարավորություն էր տալիս գործոն լինել տարածաշրջանային զարգացումներում: Մինչդեռ այժմ, երբ 44-օրյա պատերազմի պարտության արդյունքում Հայաստանը կորցրեց իր սուբյեկտայնությունը, նա վտանգավոր է համարում Թուրքիայի հետ բանակցությունների շարունակումը, քանի որ իր համար ակնհայտ է՝ այս հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիային շատ բան կներվի, թե նա կողմնորոշվի դեպի ՌԴ: Նույնը՝ նաեւ Ադրբեջանի պարագայում: Այս համատեքստում՝ «Ալիեւի հիստերիկ» հայտարարությունները, ըստ բանախոսի, փաստում են մի բան, որ Հայաստանի պարտությունից հետո նրանց տրված ժամանակահատվածը մոտենում է ավարտին եւ գալիս է մի ժամանակաշրջան, որտեղ նրանց դիրքորոշումները պետք է պայմանավորված լինեն ոչ թե պատերազմում տարած հաղթանակով, այլ նոր աշխարհակարգով: Ժամանակի սղությունն է պատճառը, որ նրանք փորձում են հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական համաձայնագրերը արագ կյանքի կոչել, որպեսզի դրանց վրա լինի 44-օրյա պատերազմում մեր խայտառակ պարտության կնիքը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31