Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Փաշինյանը կողմ էր, որ Երեւանում հրահրվեն զինված անկարգություններ, բայց դեմ է, որ հրահրվեն Ալմաթիում». Հայկ Ալումյան

Հունվար 14,2022 13:21

«Եթե նայեք այն կադրերը, որ վերջերս նկարահանվել են Ղազախստանում, եւ այն կադրերը, որոնք նկարված են 2008թ. մարտի 1-ին, պահեր կան, որ ձեզ կթվա, թե նույն իրադարձություններն են, քանի որ շատ նման են իրար: Նույնիսկ մարտի 1-ի իրադարձությունների որոշ հատվածներ ավելի դաժան են, քան Ղազախստանում կատարվածը, երբ ամբոխը ոստիկանության վրա նետում է «Մոլոտովի կոկտեյլները», երբ ամբոխի ուղղությունից դեպի ոստիկանության ուղղություն ավտոմատային կրակահերթեր էին լինում…Դուք պատկերացրեք, որ այդ կես օրվա ընթացքում 180 ոստիկան ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ, իսկ 2-ը սպանվել են»,- «Հայելի» ակումբում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ զուգահեռներ տանելով Ղազախստանում կատարվածի եւ մարտի 1-ի իրադարձությունների միջեւ:

«Մարտի 1-ին ոստիկանները ստացել էին այրվածքներ, կոտրվածքներ եւ բեկորային վնասվածքներ…Կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե այդ վնասվածքներից յուրաքանչյուրը որ դեպքում է առաջանում…Եթե նայեք, թե ամբոխը ոնց էր մասնակցում այդ ամենին մարտի 1-ին եւ ինչեր էր անում Երեւանի կենտրոնում, եւ Ալմաթիում այս վերջին իրադարձությունների ժամանակ, հարցեր կառաջանան: Մեզ՝ իրավաբաններիս հեշտ չէ մոլորության մեջ գցելը, մինչդեռ Հայաստանում հանրությանը 12 տարի բացատրում էին, թե չէր կարելի կիրառել ՀՀ Զինված ուժերը զինված զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով; Ասում էին, որ մեր Սահմանադրությունն ու օրենքները դա արգելում են: Բայց պարզվում է, որ այդ նույն մարդիկ, համարելով, որ Հայաստանում մեր զորքերը չեն կարող կիրառվել զանգվածային զինված անկարգությունները կանխելու համար, համարում են, որ Ղազախստանի զորքերը կարելի է կիրառել Ղազախստանի զինված անկարգությունները կանխելու նպատակով: Այստեղ տրամաբանություն չնկատեցի»,-հավելեց փաստաբանը:

«Փաստորեն, պարոն Փաշինյանը համարում էր եւ մինչեւ հիմա էլ համարում է, որ Երեւանում կարելի էր հրահրել զանգվածային զինված անկարգություններ, բայց դեմ է, որ նման անկարգություններ հրահրվեն Ալմաթիում կամ Ղազախստանի այլ քաղաքներում: Չեմ հասկանում այս ամենում՝ թե իրավաբանական, թե հասարակ մարդկային տրամաբանությունը: Այստեղ ավելի շուտ երեսպաշտություն եմ նկատում, երկակի ստանդարտներ:

Ընդ որում, խոսքը գնում է այն անձի (Նիկոլ Փաշինյանի-Գ.Հ.) մասին, որը Հայաստանի դատարանների կողմից դատապարտված է, եւ դատավճիռ կա, որ հենց ինքն է զինված անկարգությունների կազմակերպիչներից մեկը: Հիմա ինքը ինչի՞ն է դեմ, դեմ է՝ Ղազախստանո՞ւմ լինեն զինված անկարգություններ, թե՞ դեմ էր, որ Հայաստանում էլ անկարգություններ լինեն»,- հարց հնչեցրեց Հայկ Ալումյանը:

Ապա արձագանքելով ասուլիսը վարողի դիտարկմանը՝ հավելեց. «Սա Եվրոպական կոնվենցիայի հետ չհարաբերվող իրավիճակ է, Ղազախստանից որեւէ մեկը չի կարող Հայաստանին դատի տալ Եվրոպական դատարանում՝ այս իրադարձությունների հետ կապված: Հայաստանում որեւէ մեկի իրավունքը եւս չի խախտվել մեր զորախումբը Ղազախստան ուղարկելով: Ես ընդհանրապես խնդիր եմ տեսնում մարտի 1-ի իրադարձություները վերագնահատելու, վերաարժեվորելու եւ ճիշտ մոտեցում ձեւավորելու առումով»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31