Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ դոցենտը՝ 14 գլխից բաղկացած շպրինգերյան գրքի խմբագիր

Հունվար 14,2022 12:04

Գիտական հանրույթին քաջածանոթ «Springer» հրատարակչական տունն արդեն երկրորդ անգամ լույս է ընծայել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կենսաբ. գիտ. թեկնածու Հովիկ Փանոսյանի և նրա օտարերկրյա գործընկերների համատեղ խմբագրությամբ կազմված «Մանրէային համակեցություններ և դրանց փոխազդեցություններն էքստրեմալ էկոհամակարգերում» 14 գլխից բաղկացած ստվարածավալ գիրքը:

«Մանրէային համակեցություններ և դրանց փոխազդեցություններն էքստրեմալ էկոհամակարգերում» գրքում զետեղված են կենսաբանության բնագավառում միջազգային հեղինակություն ունեցող գիտնականների՝ տասնամյակների ընթացքում հետազոտած փորձարարական ու տեսական աշխատանքները:

Գրքում արծարծվում են եվրասիական էկոհամակարգերի էքստրեմոֆիլ մանրէների մի շարք ասպեկտներին առնչվող խնդիրներ, ինչպես նաև տեղ են գտել կենսատեխնոլոգիաներում այդ մանրէների կիրառման հեռանկարներին վերաբերող աշխատանքներ:
Մեզ հետ զրույցում Հ. Փանոսյանն ասաց, որ նախկինում առիթ եղել է ներկայացնելու էքստրեմոֆիլ մանրէների նկատմամբ աճող հետաքրքրությունը՝ պայմանավորված վերջիններիս գիտագործնական նշանակությամբ: Նրա խոսքով, այսօր էլ էքստրեմոֆիլ մանրէները գիտնականների ուշադրության կիզակետում են, ըստ այդմ՝ դրանց առանձնահատկությունները լուսաբանելու և գիտության արդի նվաճումները նոր լույսի ներքո ներկայացնելու անհրաժեշտությունն արդիական է ու կարևոր:

«Առկա պահանջը բավարարելու նպատակադրվածությամբ էլ ես և իմ գործընկերները լծվեցինք այդ հետաքրքիր նախաձեռնությունն իրականացնելու բարդ ու պատասխանատու գործին, և այսօր արդեն գիտական հանրույթի դատին է ներկայացված նոր լույս ընծայված գիրքը»,- նշեց ԵՊՀ դոցենտը:

Ի դեպ, գրքի 3 գլուխները հեղինակել են ԵՊՀ աշխատակիցները: Այդ գլուխներից մեկում ներկայացված են «Thermus» ցեղի թերմոֆիլ մանրէների բազմազանությունը և դրանց կիրառական հեռանկարները, մյուսում՝ մետալաֆիլ մանրէների կենսաբանությունն ու ծանր մետաղների նկատմամբ հարմարվողականության մեխանիզմները:

Երրորդ գլուխը ԵՊՀ մասնագետները հեղինակել են տաջիկ և նորվեգացի գործընկերների հետ՝ ներկայացնելով Տաջիկստանի բարձրադիր երկրաջերմային աղբյուրների մանրէային կենսաբազմազանությունը: Ի դեպ, Հ. Փանոսյանն ասաց, որ այդ աշխատանքներն իրականացվել են գրքի խմբագիրների համաղեկավարությամբ արդեն տասնամյա պատմություն ունեցող «Մետաքսի ճանապարհ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

«Մանրէային համակեցություններ և դրանց փոխազդեցություններն էքստրեմալ էկոհամակարգերում» գիրքը կարող է օգտակար լինել ընդհանուր և էկոլոգիական մանրէաբանություն, մանրէների կենսատեխնոլոգիա մասնագիտություններով մասնագիտացող ուսանողների, մագիստրանտների, ասպիրանտների, ինչպես նաև երիտասարդ հետազոտողների և գիտաշխատողների համար:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31