Մոտ մեկ ամիս առաջ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ դերասան, արվեստագիտության թեկնածու, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի «Բեթհովեն. ես լսում եմ» հեղինակային առաջին ֆիլմի պրեմիերան։
«Առավոտը» որոշեց ականջալուր լինել ֆիլմի դիտմանը ներկա արվեստագետների կարծիքներին։ Եվ քանի որ Վարդան Մկրտչյանը իսկապես հարուստ կենսագրություն ունի որպես դերասան, հաճախ ֆիլմի մասին կարծիքները զուգահեռվում էին թատրոնում եւ կինոյում նրա խաղացած դերերի հետ։ Հնչեցին նաեւ ափսոսանքի խոսքեր, թե ինչու արվեստագետը որոշում կայացրեց իրեն «նվիրել» ադմինիստրատիվ աշխատանքին, այն դեպքում, երբ 2000 թվականից Համազգային, ապա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոններում մարմնավորել է բազմաթիվ հրաշալի կերպարներ։ Մենք էլ այս առիթով մի լրացում անենք. 2004-ին, երբ երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանը բեմադրեց Ա. Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը», «Առավոտի» հետ զրույցում ռեժիսորը Չարենցի դերակատար Վարդան Մկրտչյանի մասին ասել էր՝ «ախր շատ-շատ է մտնում կերպարի մեջ…», հավանաբար անհանգստանալով դերասանի առողջության համար։
Լայն ընթերցողին տեղեկացնենք, որ Վարդան Մկրտչյանը, մինչեւ 2017թ. Սունդուկյանի թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնելը, 2009-ից նույն կարգավիճակով աշխատել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում։ Մեկ-երկու արվեստագետներ էլ փաստելով, որ արդեն քանի տարի թատերական ինստիտուտը ունենում է զրո դիմորդ թատերագիտություն մասնագիտությամբ, հիշեցին ինստիտուտի ասպիրանտուրայում Վարդան Մկրտչյանի «Վաղարշ Վաղարշյան. մտքի արտիստը» թեմայով գիտական թեզի գերազանց պաշտպանությունը, որի գիտական ղեկավարն է եղել անվանի թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը։ Իհարկե, դժվար է առանձնացնել ցանկացած դերասանի մարմնավորած կերպարներից որեւէ մեկը, բայց ժամանակին, եթե չենք սխալվում՝ 2015թ., մասնագետների եւ հանդիսատեսի շրջանում մեծ արձագանք գտած, բազում քննարկումների առիթ դարձած Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմում Վարդան Մկրտչյանի Էդգար Նովենցը միանշանակ ընդունվեց որպես լավագույն կատարում։ Արվեստագետներն առանց մանրամասնելու մի միտք էլ հնչեցրին. «Դե, չմոռանանք ում որդու մասին ենք խոսում…»։ Նշենք, որ Վարդան Մկրտչյանը անվանի ու սիրված դերասան Վանիկ Մկրտչյանի որդին է։ Բայց նշենք նաեւ, որ նրա մայրն էլ ավանդական երգերի անզուգական կատարող Տալիսկա Հովհաննիսյանն է, որի ձայնագրությունները գտնվում են ռադիոյի ոսկե ֆոնդում։
Կարդացեք նաև
Կարելի է երկար շարունակել լսած կարծիքները, բայց, ինչպես ասում են՝ չմոռանանք առիթը։ Իսկ ֆիլմի առիթով զրուցեցինք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ։ Մաեստրոյի հավաստմամբ՝ Բեթհովենի մասին ֆիլմ նկարահանելու «մեղավորը» հենց ֆիլհարմոնիկն է եղել։ Հիշեցնենք, որ նվագախումբը դեռեւս 2000թ. տարեվերջից մեկնարկել էր Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանին նվիրված «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» նախագիծը եւ ողջ տարվա ընթացքում Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի տեխնիկական անձնակազմի հետ ձեռնամուխ էր եղել կոմպոզիտորի 9 սիմֆոնիաների ձայնագրման ու նկարահանման աշխատանքներին։
«Վարդանը ունի նաեւ հիանալի երաժշտական ունակություններ, ճաշակ։ Իհարկե, Բեթհովենի մասին նկարահանվել են ֆիլմեր, բայց կոնկրետ Վարդանի ֆիլմը այլ է՝ իր ձեւի ու ոճի մեջ։ Նա կենտրոնացել է ոչ թե, ասենք, զուտ կոմպոզիտորի, այլ նրա անմահ ստեղծագործության վրա։ Ֆիլմի նախապատրաստական աշխատանքների ժամանակ հաճախ ենք զրուցել Վարդանի հետ եւ հանգել եզրակացության, որ Բեթհովենը համամարդկային երեւույթներից է, ինչը ոչ ոք չի ժխտի։ Ֆիլմի հիմքում կոմպոզիտորի 5-րդ սիմֆոնիան է, կան մեկնաբանություններ, որոնք պարզապես շարունակությունն են գեղարվեստական մասի։ Իսկ ֆիլմը իմ նախընտրած ժանրում է՝ փաստավավերագրական- գեղարվեստական։ Լավ, չպատմեմ ֆիլմը…»,- ասաց մաեստրոն։
Ընթացիկ տարին հոբելյանական է Վարդան Մկրտչյանի համար, բայց ծննդյան այդ հոբելյանը սովորաբար չեն նշում։ Հոբելյանական թիվ է նաեւ Սունդուկյանի տնօրեն լինելը՝ 5 տարի։ Արվեստագետ տնօրենի հետ հանդիպման ժամանակ երբ հիշեցրինք հոբելյանների մասին, պարոն Մկրտչյանն ասաց. «Մինչ այս պահը նույնիսկ մտքովս չի անցել… Ես չեմ սիրում անձնական որեւէ բան հանրայնացնել։ Ընդհանրապես փակ ու զուսպ մարդ եմ։ Իմ անձնական տիրույթը իմն է։ Միտքս զբաղված է աշխատանքներ պլանավորելով, ի վերջո՝ դրանք իրականացնելով։ Այո, այս պահին պատիվ ունեմ ղեկավարելու Սունդուկյանի անունը կրող ակադեմիական թատրոնը»։
Մեր զրուցակցին փոխանցեցինք ֆիլմի պրեմիերայից հետո հնչած այն միտքը, թե Սունդուկյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի բախտը բերել է, որ աշխատում է նման տնօրենի հետ, հավելելով նաեւ, թե մինչ օրս տարակարծություն ու բազմակարծություն է մի հարցի շուրջ՝ մշակութային օջախն ունենա մե՞կ ղեկավար, թե՞ տարանջատվեն տնօրենի ու գեղարվեստական ղեկավարի պաշտոնները։ «Արմեն Էլբակյանի եւ իմ պարագայում, ձեր խոսքով՝ տարանջատված մոդելը, աշխատում է։ Վստահ չեմ, թե այլ մշակութային օջախներում, այլ մարդկանց պարագայում աշխատո՞ւմ է, թե՝ ոչ։ Ես կիսում եմ պարոն Էլբակյանի գեղարվեստական ծրագրերը, նա էլ իմ»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը։
Դիտարկմանը՝ թատրոններում անպակաս են ինտրիգները՝ ստեղծագործական եւ ոչ ստեղծագործական, պարոն Մկրտչյանը հակադարձեց. «Դուք այնպես եք ասում, կարծես պարտադիր են դրանք։ Ես ինտրիգներով չեմ ապրում եւ դրանց ընթացք էլ չեմ տալիս։ Իմ համոզմամբ՝ այդ ինտրիգները առաջանում են, երբ մարդը պարապ է կամ նվիրված չէ իր աշխատանքին։ Դերասանները, գիտեք՝ փորձեր, ներկայացումներ, նկարահանումներ… Թատրոնի մյուս օղակի աշխատակիցներն էլ իրենց ամենօրյա գործերով են զբաղված։ Ես կուզեի անդրադառնալ նախորդ հարցին։ Ի դեպ, այն վաղուց արվեստի կառավարման մեջ եղել եւ մնում է կարեւորագույն խնդիր։ Այդ թեմայով բազմաթիվ աշխատություններ, գրքեր են հրատարակվել… Առանց մանրամասնելու թույլ տվեք ասել, որ կարեւոր է, թե այդ հարցը որ համակարգի դեպքում է քննարկվում, դիտարկվում, օրինակ՝ պետակա՞ն կառույցների, թե՞ բիզնես ոլորտի։ Փորձեմ մեկ նախադասությամբ ներկայացնել. հնարավոր չէ միանշանակ ասել, թե որ մոդելն է ճիշտ։ Վերջապես մենք խոսում ենք անձերի փոխհարաբերությունների մասին, այլ ոչ թե նյութի»։ Հետո էլ սահուն անցում կատարեց, նշելով. «Թատրոնը սիրում եմ իր ամբողջականությամբ։ Եթե օրերից մի օր որոշեմ գիրք գրել նաեւ տնօրենի անցածս ճանապարհի մասին, կներեք, բայց համոզված եմ, որ այն շատ հետաքրքիր կլինի… Ես նաեւ կռիվներ եմ անում հանուն թատրոնի, բայց ստանում նաեւ հաճոյախոսություններ աշխատակիցներիս կողմից։ Օրինակ, մեր հաշվապահներից մեկն ասաց՝ դուք թատրոնին այնպես եք վերաբերվում, ինչպես ձեր սեփականությանը։ Այդպես էլ պետք է լինի։ Որքան դեռ ես եմ ղեկավարում, ամեն ինչ կարեւոր է ինձ համար։ Այո, ես պիտի ապրեմ այդ կառույցի հոգսերով, ձեռքբերումներով եւ այլն»։
Իմիջիայլոց, Հայաստանի ամենատարեց՝ Սունդուկյանի անվան թատրոնը 100 տարեկան է։ Այս հոբելյանին նվիրված դեռ բազում անդրադարձներ ու միջոցառումներ կլինեն։ Վստահ ենք, որ դրանց եզրափակիչ ակորդը կլինի կառավարական հանդիսությունը։ Մի բան էլ. հայկական թատրոնը հունականի եւ հռոմեականի հետ դասվում է աշխարհի ամենահին թատրոնների թվին։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ կադրեր «Բեթհովեն. ես լսում եմ» ֆիլմից
«Առավոտ» օրաթերթ
13.01.2022