Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթեւոսյանը հունվարի 13-ին հոտը արոտավայր է տարել եւ հայտնվել ադրբեջանական կողմում։ «Միջադեպի մասին անմիջապես տեղյակ էինք պահել ռուս խաղաղապահների ու մեր զորքերի հրամանատարներին։ Սուրիկ Մաթեւոսյանն է շփոթվել, անցել իրենց տարածք։ Հիմա արդեն հովիվը ռուս խաղաղապահների մոտ է, շուտով նրան կբերեն Տեղ»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում քիչ առաջ ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։ Ի դեպ, վերջինս նշեց նաեւ, որ հակառակորդը Սուրիկ Մաթեւոսյանի 340 մանր եղջերավոր անասուններին հետ չի տվել։ «Այդ ուղղությամբ բանակցությունները դեռ շարունակվում են, հուսանք բարեհաջող կավարտվի»,-նշեց Դավիթ Ղուլունցը։
Ըստ որոշ աղբյուրների, Տեղ համայնքի Տեղ, Արավուս եւ Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում ժամը 15:30-ի սահմաններում, Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150 մետր նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը։
«Ես մանրամասները չգիտեմ, չեմ կարող դեռ ոչինչ ասել, բայց էլի եմ ասում, նախնական տեղեկություններով, Սուրիկը շփոթել է տարածքը»,-ասում է Տեղի համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ