Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆինանսների նախարարությունում միջին վարձատրության չափը 370 հազար դրամ է եղել, որից պարգեւավճարները 82 հազար դրամ են կազմել». Ջանջուղազյան

Հունվար 13,2022 21:00

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հրավիրվել էր ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին  «Հայաստան» համահայկական հիմնադրամը» նախաձեռնեց «Մենք ենք, մեր սահմանները, ամեն ինչ «Արցախի համար» դրամահավաքը։ Հետո պարզվեց, որ հավաքագրված գումարից մի զգալի մաս՝ 52 մլրդ 703 մլն դրամը  փոխանցվել է կառավարությանը։

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց՝ 2020-ին պարգեւավճարների համար որքա՞ն գումար է հատկացված եղել: Հանձնաժողովականները հուշեցին, որ ուրիշ հարցով են հավաքվել, մինչդեռ, ըստ Հովիկ Աղազարյանի, եթե պարգեւավճարների վրա այդ գումարը չծախսելու հարցը չկա, ուրեմն քննիչ հանձնաժողովում ուրիշ քննարկելու հարց չկա:

«Պահ, լո՞ւրջ»,- արձագանքեցին ընդդիմադիրները: Ջանջուղազյանը միայն պատասխանեց, որ 2020-ին պարգեւավճարների գումարը նվազել է: Աղազարյանը եզրակացրեց. «Հետեւաբար, մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին ուզում եմ հավաստիացնել, որ իրենց ուղարկած գումարները ծառայել են կոնկրետ նպատակին, եւ իհարկե, պարգեւատրումների գումարը պակասել է, որովհետեւ ԱԺ պատգամավորները, մասնավորապես, չեն ստացել պարգեւավճարներ: Իսկ կառավարության գործընկերները, ովքեր ստացել են, չգիտեմ, թե ոնց են այդ գումարները ծախսել, ոնց չեն ծախսել՝ դա արդեն այլ հարց է: Բայց փաստը մնում է փաստ, որ պարգեւավճարների գումարները չեն ավելացել՝ պակասել են»:

Ջանջուղազյանն ասաց, որ կառավարությունում եւ ֆինանսների նախարարությունում միջին վարձատրության չափը 370 հազար դրամ է եղել, որից պարգեւավճարները 82 հազար դրամ են կազմել:

Հայկ Մամիջանյանը Ջանջուղազյանից ճշտեց՝ եթե գումարը եկավ մտավ բյուջե, չե՞ք տարանջատում՝ որն է մաքսատուրք, որն է ԱԱՀ, որն է եկամտահարկ, որն է նվիրաբերության գումարը, ծախսելուց փողը հոտ չունի, չեք հասկանո՞ւմ դա որ փողն է: Նա պատասխանեց, որ երբ գումարը գալիս է, հաշվառում են կոնկրետ եկամտահարկի տեսակի հաշվին, բայց ինչպես մարդը չի ֆիքսում, թե իր աշխատավարձի որ մասը ծախսեց էլեկտրաէներգիայի վճարի համար, որ մասը՝ կրթության, դա գալիս է ընտանեկան բյուջե ու ուղղվում բոլոր ծախսերին, մոտավորապես այդ տրամաբանությամբ էլ պետական բյուջեն է կազմվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31