Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ կարեւոր է, թե որտեղից են փողը գողացել պետբյուջեից՝ այդ 52 մլրդ-ի՞ց են գողացել, թե՞ 152 մլրդ-ից են գողացել, եթե գողացել են, գողին բացահայտեք». Աղազարյան

Հունվար 13,2022 20:20

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հրավիրվել էր ՔՊ պատգամավոր, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, պատերազմի ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին  «Հայաստան» համահայկական հիմնադրամը» նախաձեռնեց «Մենք ենք, մեր սահմանները, ամեն ինչ «Արցախի համար» դրամահավաքը։ Հետո պարզվեց, որ հավաքագրված գումարից մի զգալի մաս՝ 52 մլրդ 703 մլն դրամը  փոխանցվել է կառավարությանը։

Արսեն Թորոսյանը նախ ներկայացրեց, թե ինչ ծախսեր են կատարել հատկացված միջոցներով՝ շտապօգնության մեքենաներ են գնել, Մեծամորում հատուկ սառնարանային կենտրոն են կառուցել՝ զոհվածների մարմինների համար եւ այլն: Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ հնարավոր չէ՞ր կարիքները ներկայացնեիք հիմնադրամին ու հիմնադրամն ինքը շատ ավելի արագ կկազմակերպեր այդ գնումները, Թորոսյանը պատասխանեց, որ դա պարզապես հնարավոր չէր լինի անել, քանի որ առողջապահության ողջ նախարարությունը՝ իր վարչություններով, ներգրավված է եղել գործընթացում ու եթե հիմնադրամը դա աներ, շատ ուշացած կլիներ ու դժվար որակյալ ստացվեր. «Նախ, իրենք դրա մասնագետը չեն, կապերը չունեն ու ֆիզիկապես չէին կարողանալու արագ կազմակերպել գնումները: Սա լավագույն լուծումն էր»:

Քննիչ հանձնաժողովի նիստին հրավիրվել էր նաեւ ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Արծվիկ Մինասյանը նրան հարցրեց՝ հաշվի առնելով, որ նվիրաբերության պայմանագիր է կնքվել, իսկ նվիրաբերությունը ՀՀ օրենսդրության շրջանակներում որոշակի կանոնների է ենթարկվում, ինչպե՞ս որոշվեց հիմնադրամի միջոցները փոխանցել կառավարության բյուջե, ինչքանո՞վ են ծախսերն արվել թափանցիկ:

Ջանջուղազյանը պատասխանեց, որ ֆինանսների նախարարը չէր կարող ներգրաված չլինել մի գործընթացում, որը բյուջետավորման հետ է կապված, ուստի ինքը ներգրաված եղել է այդ որոշման կայացման գործում. «Ռազմական գործողություններով պայմանավորված լրացուցիչ ծախսերը կազմել են շուրջ 124 մլրդ դրամ, իսկ համավարակով պայմանավորված իրականացվել են շուրջ 75 մլրդ դրամի ծրագրեր»: Ջանջուղազյանն ասաց, որ ամբողջ աշխարհում ընդունված է այդպիսի մոտեցում, որ հիմնադրամի միջոցներից կարող են ծախսվել միջոցները այս եղանակով: Ինչ վերաբերում է թափանցիկությանը, բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մեջ ներկայացված են ծրագրերն ու շեղումների բացատրությունը:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ շահերի բախում է եղել, Ջանջուղազյանը ե՛ւ քվեարկել է հոգաբարձուների խորհրդում, ե՛ւ որպես կառավարության անդամ կայացրել այդ միջոցները այս եղանակով ծախսելու որոշումը: Ջանջուղազյանն էլ պատասխանեց, որ դրա պատասխանը իրավաբանները կտան՝ եղե՞լ է շահերի բախում, թե՞ ոչ, բայց դրանից խուսափել հնարավոր չէր ու եթե նման որոշման առաջ էլի կանգնեին, Աստված մի արասցե, էլի նույնը կաներ:

Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե 52 մլրդ 703 մլն դրամով ի՞նչ ծրագրեր են ֆինանսավորել, ի պատասխան՝ Ջանջուղազյանն ասաց, որ եկամտային հաշվից որեւէ ծախս ուղիղ հաշվով չի ֆինանսավորվել, իսկ ինչ ծրագիր իրականացրել են՝ կատարողականում կա: Միջամտեց ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ասելով, թե ի՞նչ պարտադիր է դա. «Ի՞նչ կարեւոր է, թե որտեղից են փողը գողացել պետբյուջեից՝ այդ 52 մլրդ-ի՞ց են գողացել, թե՞ 152 մլրդ-ից են գողացել: Եթե գողացել են, գողին բացահայտեք»: Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, թե ինչու է ստեղծվել քննիչ հանձնաժողովը. «Գնանք ամբողջ բյուջեի՞ն տանք գնահատական, թե՞ այս 52,7 մլրդ-ի ծրագրերին: Աղազարյանն  ասաց, որ COVID-ով պայմանավորված՝ մոտ 200 մլրդ դրամի հավելյալ ծախս է եղել պետբյուջեի վրա, դրա մի մասը փակվել է համահայկական հիմնադրամի տված 52 մլրդ-ով, մնացածը՝ պարտքով, այլ ճանապարհներով. «Ես, որպես պատգամավոր, եթե ընդդիմադիր մեր գործընկերների տեղը լինեի, կփորձեի պարզել, թե այդ 200 մլրդ-ը ոնց ու որտեղ է ծախսվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31