«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հրավիրվել էր ՔՊ պատգամավոր, վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, պատերազմի ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամը» նախաձեռնեց «Մենք ենք, մեր սահմանները, ամեն ինչ «Արցախի համար» դրամահավաքը։ Հետո պարզվեց, որ հավաքագրված գումարից մի զգալի մաս՝ 52 մլրդ 703 մլն դրամը փոխանցվել է կառավարությանը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ այն ժամանակահատվածում կառավարության որոշման համաձայն առողջապահության նախարարությունը բավական մեծ գումարի չափով հնարավորություն էր ստացել բանկային քարտերի միջոցով կանխիկացման իրավունք ստանալ, ձեր պաշտոնավարման ժամանակ փող տրվե՞լ է ինչ-որ անձի: Թորոսյանը պատասխանեց, որ արագ ծախս անելու անհրաժեշտությունից ելնելով այդ իրավունքը խնդրել եւ ստացել են կառավարությունից. «Ես որքան գիտեմ, մինչեւ հիմա ոչ մի դրամ չի ծախսվել կանխիկ»:
Կարդացեք նաև
Թորոսյանն ասաց, որ երբ մարտահրավեր կա, միջոցներն օգտագործվում են՝ ըստ նպատակի, դրա համար էլ որոշում է կայացվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն այդպես օգտագործել: Արծվիկ Մինասյանը կառավարության որոշումներն ուներ, ըստ որի, պատերազմի օրերին 1,8 մլրդ դրամ է հատկացվել առողջապահության նախարարությանը:
Արսեն Թորոսյանն ասաց, որ պատերազմի օրերին հավելյալ ֆինանսավորում են ստացել. «Երբ ռազմական դրությունը հայտարարվեց, մենք թե՛ մեր գործող պլաններով, թե՛ իրավիճակը գնահատելով պարտավոր էինք հավելյալ միջոցներ տրամադրել՝ առաջացած խնդիրները լուծելու համար: Մենք երկու խնդիր ունեինք՝ պատերազմի պատճառով վիրավորված զինծառայողների ու քաղաքացիական բնակչության բուժօգնությունը եւ Արցախից տեղահանված բնակչության ամենօրյա բժշկական սպասարկումը: Բոլոր բժշկական հաստատությունները, որոնք այս գործում ներգրավված են եղել, ոչ մեկը իր հաշվին այս ծառայությունները չի մատուցել, մենք փոխհատուցել ենք»:
Թորոսյանը նաեւ հրապարակեց, թե քանի վիրավորի են ծառայություն մատուցել. «Մենք 7500 վիրավոր ենք ունեցել, որոնք սպասարկվել են այս թվի շրջանակներում: Պոլիկլինիկաներին էլ է ավել գումար տրվել, այդ ամեն ինչը փաստաթղթավորվել է»:
Արսեն Թորոսյանը նաեւ հայտնեց, որ շտապօգնության մեքենաները պատերազմի օրերին մաշվել են, քանի որ 1000 կմ օրական քշել են Ստեփանակերտ-Երեւան, Վարդենիս-Երեւան, Գորիս ճանապարհներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ