«Եկեք չձեւացնենք, որ կա մարդ, որը չի հասկանում, թե ինչպիսի դիրքորոշում ունի եւ ինչ քաղաքականություն է վարում իշխանության եկած այս խումբը»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով խաղաղության դարաշրջան բերելու իշխանության խոստումների մասին:
Տիկին Ալավերդյանը խորին ցավակցություն հայտնեց երկու օր առաջ Վերին Շորժայում զոհված հայ զինվորների հարազատներին, որից անմիջապես հետո հստակ ձեւակերպեց իր տեսակետը, թե դա ինչ է: «Դա այն գինն է՝ արյուն, հող, հետագայում նաեւ տարբեր այլ, այդ թվում՝ նաեւ ֆինանսական պարտականություններ, որոնք այս իշխանությունները խոստացել են կատարել թուրք-ադրբեջանական ցեղասպանական զույգի առջեւ : Այս իշխանությունները չեն պայքարում իրական, մեզ թշնամի համարող պետությունների դեմ: Նրանք պայքարում են այն քաղաքական ուժերի եւ դեմքերի դեմ, որոնք կարողացել են անհնարին թվացող իրավիճակներում ազատագրել Ադրբեջանին չպատկանող հողերը եւ այդ հողերը վերամիավորել:
Ի՞նչ է նշանակում խաղաղություն: Կրկնում եմ՝ խաղաղությունը գին ունի: Բայց գինը, որը հիմա մենք տալիս ենք հաղթանակի համար, որը մենք ունենալու ենք, շատ բարձր է լինելու: Ու այսօր մենք գրանցում ենք պլյուս երեք զոհ: Սա այն քաղաքականության գինն է, որը այս խմբի կողմից անվանվում է «խաղաղություն»:
Խաղաղությունը արժանապատվության պայմաններում է տեղի ունենում, դա հավասար երկու կողմերի միջեւ գործընթացների արգասիք է լինում, այլ ոչ թե ենթարկելու եւ ենթարկվելու այս իրավիճակում: Իշխանությունները, իսկ նրանք, ցավոք սրտի, մերն են՝ բերված չեն, նրանք աճեցվել են մեր հողի վրա եւ ամբողջովին մերժում էին մեր ազգային ինքնությունը որպես անփոխարինելի եւ բացարձակ արժեք, առանց որի չի լինում ազգ, մանավանդ, պետական ազգ: Այսինքն, մենք պետք է հստակեցնենք, որ այն, ինչ այսօր կատարվում է՝ երեք տղաների արյունը, այն գինն է, որը տալիս են այս իշխանությունները իրենց այն գործընկերներին, որոնց հետ ուզում են խաղաղություն հաստատել:
Կարդացեք նաև
Խաղաղության մասին կարելի է խոսել եւ պղծել այդ գաղափարը: Մենք այսօր էլ մեր մեջ ունենք այնպիսի մարդկանց թիվ, որոնք ունեն պրոթուրքադրբեջանական ցեղասպանական քաղաքական կողմնորոշում: Բայց ես դիմում եմ մյուսներին՝ երեք միլիոնին. դուք է՞լ եք համաձայն, որ այս գնով պետք է հաստատվի այդ այսպես կոչված խաղաղությունը: Ես դեմ եմ, համաձայն չեմ: Հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանում հստակ դեմ են դրան: Ափսոս, որ մենք չկարողացանք ունենալ այն միասնությունը, որը այսօր արտահայտի եւ ամբողջ աշխարհին ցույց տա, որ կա այլ, իսկական Հայաստան»,- ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ