Մեր երկրում մարդկանց մահվան հիմնական պատճառ շարունակում են մնալ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Այս մասին փաստում է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ ամփոփելով 2021 թվականի ցուցանիշները: 2021-ին Հայաստանում մահացել է 31 հազար 713 մարդ, որից 15 հազար 68-ը մահացել է արյան հիվանդություններից:
Նախանցյալ տարի՝ 2020-ին ՀՀ-ում մահացել է ավելի քիչ մարդ՝ 31 հազար 580, որից 15 հազար 38-ը արյան շրջանառության համակարգի հիվանդություններից:
Հիվանդություններից մեր բնակչության մահվան երկրորդ պատճառը նորագոյացություններն են: Այս հիվանդությունից 5 հազար 4 մարդ 2020-ին է մահացել, 4 հազար 905 մարդ էլ՝ 2021-ին: Շնչառական օրգանների հիվանդությունները նույնպես առաջատար դիրքերում են: Անցյալ տարի այդպիսի խնդիրներով 2 հազար 636 մարդ է մահացել, 2020-ին՝ 2 հազար 608 մարդ:
Մահացության ցուցանիշում բարձր տոկոս են կազմում նաեւ մարսողական օրգանների հիվանդություններից մահերը: Անցյալ տարի 1135 մարդ աղեստամոքսային տրակտի հիվանդություններից է մահացել, 2020-ին այդ թիվը 89-ով ավելի է եղել՝ 1224 մարդ: Վարակիչ եւ մակաբուծային հիվանդություններից մեր երկրում անցյալ տարի մահացել է 149 մարդ, նախանցյալ տարի՝ 152 մարդ: Այս թվերը ներառում են նաեւ ՄԻԱՎ-ով հիվանդություններից մահերը: Ընդ որում 2021-ին ՄԻԱՎ-ից մահացածների ցուցանիշը գրեթե կրկնակի ավելի է եղել՝ 34 մարդ, 2020-ին՝ 17:
Կարդացեք նաև
Բարձր են ցուցանիշները նաեւ COVID-19 վարակից: 2021-ին մեր երկրում կորոնավիրուսից 5 հազար 79 մարդ մահացել է, 2020-ին՝ 2 հազար 609 մարդ:
Նույն փաստաթղթից տեղեկանում ենք, որ այլ հիվանդություններից Հայաստանում անցյալ տարի մահացել է 1501 մարդ, իսկ 2020-ին՝ 1554 մարդ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ