Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ադրբեջանական բանտերից վերադարձած հայ ռազմագերիների համար արդեն Հայաստանում ստեղծվող խնդիրներին՝ ասաց, որ իրենք զբաղվում են այդպիսի երեք ռազմագերիների գործերով, որոնցից երկուսը շարունակում են մնալ անազատության մեջ:
«Ես կարծում եմ, որ սա անմարդկային վերաբերմունք է նրանց նկատմամբ: Նրանք տուժողներ են, մեր պատկերացմամբ տուժողներն են այն մարդկանց, որոնք իրական մեղավորներն են այս ազգային աղետի: Սկսած երկրի քաղաքական ղեկավարությունից, վերջացրած ռազմաքաղաքական ղեկավարությամբ: Քանի որ արդեն այս քրեական գործով հայտարարվել է ավարտ, շատ շուտով նաեւ դատարանում, կարծում եմ, դատավարությունը հրապարակային կլինի, հանրությունը կհամոզվի, որ մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնց Հայաստանը ապօրինաբար անազատության մեջ էր պահում Ադրբեջանից վերադառնալուց անմիջապես հետո եւ այդ մարդկանց տանջանքները բազմապատկվել էին:
Ի դեպ, շատ կարեւոր հանգամանք նշեմ. Ադրբեջանը ամբողջությամբ օգտագործում, քամում է հնարավորը այս իրավիճակից: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե այս մարդիկ Հայաստանում խոշտանգման են ենթարկվում եւ ասում է, որ լավ կլինի, որ այս մարդիկ նախընտրեն ոչ թե հայրենադարձվելու, այլ երրորդ երկրներ ընտրելու տարբերակը: Եվ ցավոք, կարծում եմ, որ նման դեպքեր կլինեն, ու Ադրբեջանը կփիառի այդ դեպքերը:
Անարդար ձեւով մարդը կանգնած է եղել մառախուղի մեջ՝ ընդամենը հրազենային զենքով, տեսանելիությունը՝ գրեթե զրոյական: Եվ շատ կարեւոր է՝ այդ մարդիկ ջերմադիտարկիչներ չեն ունեցել: Սփյուռքի մեր հարգելի ընկերներ: Խնդրում եմ. նրանք, ովքեր այդ սարքերն ուղարկել են պատերազմի ժամանակ, հետեւողական եղեք, թե ինչ եղան դրանք: Դուք ձեր երեխաների բերանից կտրել եք, որպեսզի մեր բանակը հզորացնեք: Ունենք բազմաթիվ հրապարակումներ, թե մեղմ ասած, ինչ անմխիթար վիճակ է տիրում առնվազն առանձին հատվածներում»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Ռուբեն Մելիքյանը եւ մի քանի թվարկում արեց՝ դրանք գնահատելով որպես տարրական ռազմագիտության բացակայություն: «Այս մարդիկ եղել են ուղղակի անօգնական վիճակում, պետությունը նրանց թողել է անօգնական վիճակում, եւ նրանցից մի մասը զոհվել է, մի մասը գերության մեջ ենթարկվել անմարդկային խոշտանգումների: Հետո վերադարձվել են: Կոնկրետ ռազմագերի կա, որը 56-57 օր պահվում է անազատության մեջ, որից 37 օրը Հայաստանի կողմից, 20-ը՝ Ադրբեջանի»,-ասաց իրավապաշտպանը:
Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ այս ամենը կատարվում է այլ մարդկանց վրա մեղքը բարդելու նպատակով: Հասարակ այն մարդկանց վրա, որոնք պաշտպանվելու շատ քիչ հնարավորություն ունեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ