Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանամուտ` վագոն տնակում 25 տարի ապրելուց հետո

Հունվար 13,2022 17:52

Բաբայանների ընտանիքը 25 տարի Ամանորը դիմավորել է վագոն-տնակում: Տոնածառի չափազանց համեստ չափն այդտեղ միշտ  հարմարեցվել է տարածքին, իսկ ընտանիքի միակ՝ տուն ունենալու երազանքը մնացել է անփոփոխ: 27 քմ մակերեսով երկաթյա անհրապույր կացարանում մեծացել է երեք երեխա: Այդտեղ է ծնվել նաև Բաբայանների առաջին թոռնիկը, ում մանկությունը, բարեբախտաբար, չի անցնելու նույն կերպ: 2022 թվականի Ամանորն այս ընտանիքի կյանք է մուտք գործել բառացիորեն՝ «ամեն ինչ նոր» սկզբունքով: Հերթական վագոն-տնակն, իր մեջ ամփոփված հիշողություններով, կտրվի մոռացության, իսկ Բաբայանները կապրեն չորսսենյականոց ընդարձակ տանը:

Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում բնակվող Բաբայանները հին տոմարով Նոր տարին դիմավորել են կիսակառույցը տուն դարձնելու հարցում իրենց աջակցած կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարների հետ: Տարիների գործընկերների համար կարևոր ձեռքբերում է ոչ միայն մարդկանց կեցության պայմանների բարելավումը, այլև՝ նրանց հոգեբանության մեջ կատարվող դրական փոփոխությունը:

Ընդարձակ ու լուսավոր սենյակների, մաքուր և հարմարավետ տան մասին ընտանիքի մայրը երազել է ոչ միայն տոներին, այլև ամեն բացվող առավոտ, 25 տարի շարունակ: Այժմ փոխվել են երազանքներն ու երբեմնի՝ տխրություն արտահայտող հայացքը:

«Ձմռան ամիսներին վագոն-տնակի երկաթյա բարակ պատերը չէին պահում ներսում վառվող վառարանի ջերմությունը. ներսում ջերմաստիճանը րոպեների ընթացքում իջնում էր: Խոհանոցը դրսում էր, սանհանգույցի մասին չեմ ուզում խոսել… Տոն օրերին մարդիկ հյուրեր էին ընդունում, իսկ մեր տնակում՝ մեկ, երկու և նստելու տեղ չէր լինում: Դժվար էր, ինչ խոսք: Այսօր այդ ամենը  վատ երազ է թվում: Առանց օգնության, ո՞վ գիտի, էլ քանի՞ տարի կտևեր մեր զրկանքը», -ասել է տանտիրուհին՝ Արմիդան:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության համատեղ ծրագրի տասնամյա հաջողությունը խոսուն է. աջակցություն է ստացել 391 ընտանիք՝ Հայաստանի բոլոր մարզերում:

«Արդեն տասը տարի իրականացնում ենք բնակարանաշինության ծրագիրը: Թվում է՝ ամեն ինչ նույնն է, սակայն նրբություններ կան: Երկու ընդհանրություն կա. ընտանիքների երազանքը և մեր նպատակը: Մնացյալը տարբեր է. դժվարությունների միջով անցած այս մարդիկ տարբեր են իրենց ապրած կյանքով: Նրանցից յուրաքանչյուրն անցել է խնդիրները հաղթահարելու իր ճանապարհը: Մեր նպատակը մեկն է՝ մարդկանց հանել անելանելի վիճակից, նրանց համար ստեղծել ապագայի հիմքեր և ամրացնել կամքն ու հավատը: Համոզված եմ, որ կենցաղի նոր պայմաններն ու հենարան ունենալու փաստն ամբողջովին կփոխեն նաև այս ընտանիքի կյանքը: Այդ փոփոխությունն է չափման այն միավորը, որը թույլ է տալիս հաջողված համարել մեր համատեղ ծրագիրը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեր ծրագրի նպատակը տան կարիքն ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է, մինիմալ պայմանների ապահովումը: Սոցիալ-կենցաղային խնդիրներից թեթևացած մարդը ազատ է արարելու, ներկան վայելելու և ապագայի համար ավելի հեռահար պլաններ մշակելու հարցում: Մենք փորձում ենք մարդկանց տալ այդ հնարավորությունը», – ասել է «Ֆուլերն տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում 2021 թվականին աջակցություն է ստացել 87 ընտանիք:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

***

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է ծնողազուրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա հետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 1300 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31