Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր տպավորությամբ՝ Թուրքիան նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը. ՀՀ ԱԳՆ

Հունվար 13,2022 17:24

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին

Հարց. Որոնք են այն հիմնական նպատակները, որոնց հայկական կողմը ցանկանում է հասնել Հայաստան-Թուրքիա երկխոսության շնորհիվ

Պատասխան Հայաստանի ակնկալիքներն այդ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն և երկու երկրների միջև սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի։

Հարց. Կան կարծիքներ, որ համաձայնելով Թուրքիայի հետ երկխոսություն սկսելուն՝ Հայաստանն արդեն իսկ ընդունել է նախապայմանները, որոնք Թուրքիան միշտ առաջ է քաշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

Պատասխան․ Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի: Այս առումով ևս պետք է փաստեմ, որ Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում:

Ինչպես արդեն նախկինում նշել ենք, միջազգային գործընկերների հետ շփումներում մենք պարբերաբար ընդգծել ենք «առանց նախապայմանների» սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։

Հարց. Հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Ի՞նչ ֆորմատով է անցկացվելու հանդիպումը և ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն այս հանդիպումից:

Պատասխան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբ։ Ըստ էության, այս առաջին հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։ Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31