Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման լարվածություն առաջին անգա՞մ է ՀՀ պատմության մեջ. ճիշտ է՝ Գեղարքունիքի ուղղությամբ կրակոցներ չէին հնչում». Արման Եղոյան

Հունվար 13,2022 17:06

«Ո՞վ է ասում, որ չի օգտագործվում»,-«Մեդիա կենտրոնում» «ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում» թեմայով հարցազրույցի ժամանակ հնչած հարցին՝ ինչո՞ւ սահմանային լարումը թուլացնելու համար չի օգտագործվում թեժ գծի մեխանիզմը, որը ստեղծվեց ԵՄ հովանու ներքո, այսպես պատասխանեց
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Նա շարունակեց. «Մենք հիմա ունենք սահմանային այսինչ աստիճանի լարում, բայց այն կարող է աճել, նվազել: Հիմա՝ ամսի 11-ի բախումից հետո, եկավ մի կետ, որտեղ նվազեց լարումը, այսինքն՝ այնպես չէ, որ այդ գիծը օգտագործում ես և ամեն հարց լուծում. դա քաղաքական, միջպետական մակարդակով լուծվող հարց է: Գիտեք՝ ինչ պետության հետ գործ ունենք, և ամեն ինչ այնքան հեշտ չէ: Կարծում եմ՝ իրավիճակը հիմա կառավարելի է մեր մասով, մեր կողմից»:

Հարցին՝ իսկ դա բավարա՞ր է, Արման Եղոյանն այսպես արձագանքեց. «Հաճախ այս հարցերը, որ տալիս են, տպավորություն է, որ մենք Շվեյցարիայում ենք ապրել, հիմա խնդիրերի մեջ ենք հայտնվել: Մենք այս խնդիրները մի՞թե 5-10 տարի առաջ չենք ունեցել: Մոտավորապես նույն տիպի պրոբլեմներ ենք ունեցել: Նման լարվածություն առաջին անգա՞մ է ՀՀ պատմության մեջ»:

Հարցազրուցավարի շեշտմանը, թե այժմ այդ լարվածությունը ՀՀ ինքնիշխան տարածքում է, կրակոցները հնչում են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, Արման Եղոյանն արձագանքեց. «Իսկ առաջ ո՞նց էր: Նույնն էր Տավուշի ուղղությամբ, ճիշտ է՝ Գեղարքունիքի ուղղությամբ կրակոցներ չէին հնչում»:

Փաստարկին՝ Սև լիճն էլ է հիմա գումարվել, Արման Եղոյանը փորձեց հակադարձել. «Դա պատերազմի ընթացքում չեղավ, այլ պատերազմի հետևանքով եղավ, որը հիմա մենք փորձում ենք լուծել: Ե՛վ նոյեմբերի 16-ի, և՛ հունվարի 11-ի բախման մեջ չե՞ք նկատում մեր բանակի ակնհայտ վերականգնողական ներուժը, չեք տեսե՞լ այդ կադրերը, էդ ամբողջ զինամթերքի պահեստը ոչնչացված, եթե մեր պահեստը ոչնչացնեին, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ աղմուկ էր լինելու: Դա դիտավորյալ է արվում՝ բանակի ներուժը, ինքնավստահությունը թուլացնելու համար: Գիտեմ՝ որ ուժերն են դա անում: Դա քարոզչական դիվերսիա է: Այժմ, ռազմական լեզվով ասած, հավասարը հավասարի խոսակցություն է, կամ այդ բախման մեջ այնպես չէ, որ անընդհատ նահանջում ենք. ամսի 12-ից հետո մենք ընդհանրապես տարածքային կորուստներ չենք ունեցել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31