Նկատի ունենալով, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ Գորիսի «Սյունիք» ինստիտուտից տրված դիպլոմի թեման շարունակում է քննարկվել մամուլում, Գորիսի «Սյունիք» ինստիտուտի տնօրեն Գրավիկ Բաբայանը Aravot.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց մարզպետի ուսանողական կյանքից:
«Ինքը շատ շրջահայաց ու նորմալ տղա է, մինչեւ ինստիտուտ ընդունվելն էլ կապված է եղել մեզ հետ, օգնել է ինստիտուտի կայացմանը: Ինքը մասնակցել է դասերին, չէի ասի, թե միշտ եկել է, որովհետեւ հեռակա է ձեւակերպված եղել, եթե չեմ սխալվում, բայց ամեն դեպքում շատ ուշադիր է եղել եւ բուհի հանդեպ: Հաճախ էր հանդիպում մեզ, հարցեր էր տալիս դասախոսներին:
Նույնիսկ պատերազմի տարիներին էր գալիս դասերի, ու մենք միշտ զարմանում էինք: Այդ տարիներին ինքը դիրքեր էր պահում, բայց նաեւ գալիս էր դասերի: Ու եթե որոշ հարցերում ընդառաջել ենք, օգնել ենք իրեն, դա արել ենք որպես զինվորի ու որպես պարտաճանաչ ուսանողի»,-ասաց Գրավիկ Բաբայանը:
Նա նշեց, որ ներկա է եղել Մելիքսեթ Պողոսյանի պետական քննությանը. «Երբ մտա, ինքը անհանգիստ նայում էր հարցին ու ժպտում: Հարցրի՝ ինչ է պատահել: Պարզվեց անհասկանալի բան կա հարցատոմսում, ասացի՝ մոտեցիր: Մոտեցավ հանձնաժողովի նախագահին, ինչ-որ բան ասաց ու հետո գնաց իր տեղը նստեց: Պատասխանը չեմ հիշում, բայց նորից ներս մտա այն ժամանակ, երբ ավարտում էր իր պատասխանը: Այնպես որ, ինքը նորմալ սովորել է մեզ մոտ, անկախ նրանից՝ հիմա ինչ են գրում; Այդ մարդը օրինական է եղել մեզ մոտ»:
Կարդացեք նաև
Գորիսի «Սյունիք» ինստիտուտի տնօրենը հակադարձելով մարզպետի դիպլոմի կեղծ լինելու վերաբերյալ խոսակցություններին՝ հավելում է. «Իմ ողջ կենսագրության մեջ ես երբեք ինձ թույլ չեմ տվել ոչ իմ հարազատներին, ոչ բարեկամներին դիպլոմ տալ…Նույնիսկ եղել է դեպք, երբ ինձ 10000 դոլար են առաջարկել, որ դիպլոմ տամ, տանեն Ամերիկա, ես 10000 անգամ հայհոյել եմ… Այնպես որ, նման բաներ չենք արել: Բայց իհարկե, ընդառաջել ենք, հնարավոր է, ինչ-որ ստուգարքի էլ եկած չլինի, հետո ինչ… Ընդ որում, ընդառաջել ենք ոչ միայն այդ անձնավորությանը, այլեւ ուրիշներին: Այդ տարիներին ինքը սահման էր պահում, ինչու պետք է օգտակար չլինեինք ոչ միայն նրան, այլեւ նման զինվորներին:
Էլի դեպք է եղել, գուցե մի օր էլ այդ մասին գրեն, միլիցիայի աշխատող է եղել ուսանող: Եկել պատվի են առել ու զեկուցել են՝ մենք մի քանի զինվորով եկել ենք քննության, ստուգարքի: Մարդիկ թողել էին Շուռնուխը եւ եկել ստուգարքի: Ես ել ասել եմ՝ դուք ստացել ենք ստուգարքը: Ինչո՞ւ պետք է նրանց նստեցնեի ու ստուգարք ընդունեի, երբ ավելի կարեւոր քննություն էին հանձնում՝ Շուռնուխն էին պահում…
Իսկ կեղծ դիպլոմ արտահայտությունն էլ ինձ համար նշանակում է հանցագործություն, գնդակահարություն, որը չեմ անի: Իսկ եթե նման բան կա, թող ինձ գնդակահարեն…Այո, էլի եմ կրկնում, մի քիչ ընդառաջել ենք ու լավ ենք արել, հիմա ավելի վատ բաներ են անում, հատկապես նրանք, ովքեր մեծ-մեծ խոսում են բուհական ոլորտի մասին»:
Զրույցի ավարտին Գրավիկ Բաբայանը հավելեց, որ մինչեւ այժմ պահպանվում են բոլոր փաստաթղթերը, ամփոփաթերթերը, որոնք կոնկրետ ապացույցներ են:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ