Լրահոս
Օրվա լրահոսը

Նինա Կարապետյանց. «Կյանքը ապացուցում է, որ գործող կամ առաջարկվող գործընթացները որեւէ կերպ չեն ապահովում մեր անվտանգությունը, մեր քաղաքացիների կյանքը»

Հունվար 13,2022 16:10

«Ես կարծում եմ, որ բոլոր գործող երաշխիքները եւ համակարգերը, որոնց վրա հույս է դրել իշխանությունը, չեն գործում: Իշխանությունը որպես անվտանգության երաշխավոր պարտավոր է գործարկել այլ գործիքակազմ, այլ համակարգեր, այլ իրավիճակներ, որովհետեւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքի, ազատությունների, տարբեր իրավունքների երաշխավորը իշխանությունն է: Հետեւաբար, սա իրենց պարտավորությունն է: Եթե ինչ-որ բան չի աշխատում, հարկավոր է կիրառել այլ մեխանիզմներ: Հատկապես, երբ մենք պատերազմի ընթացքում ունեցանք առայժմ անորոշ թվով, բայց մի քանի հազարը գերազանցող զոհեր, չենք կարող թույլ տալ թեկուզ մեկ զոհ: Բայց պարբերաբար երկու-երեք քաղաքացի՝ սերունդ ենք կորցնում»,- մեզ հետ զրույցում ասաց այսօր կառավարության առջեւ բողոքի խաղաղ ցույցի մասնակից, Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

«Պատերազմից հետո էլ, ըստ շրջանառվող լուրերի, մեր զոհերը եռանիշ թվով են հաշվվում: Հատկապես՝ սահմանին: Ի՞նչ է կատարվում մեր բանակի հետ: Այս պատասխանն էլ ակնկալում ենք իշխանություններից ստանալ, որովհետեւ պաշտպանության ոլորտը միշտ եղել է ամենափակ ոլորտը եւ բազմաթիվ անգամ, երբ քաղհասարակությունը փորձել է խնդիրներ բարձրացնել, մեզ մեղադրել են ամեն ինչի մեջ, սկսած դավաճանությունից, խառնակչությունից, օտար ուժերի համակիր չլինելուց, երկիրը քայքայելուց: Բայց ոչ մի անգամ մեզ չէ՝ հանրությանը պատասխան չեն տվել, թե ինչ խնդիրներ մենք ունենք բանակում: Բանակը ոչ իշխանությանն է, ոչ նրանը, թե ով է ղեկին գտնվում, ոչ էլ մի խումբ մարդկանցը: Բանակը բոլորինս է, զավակները մեր բոլորի զավակներն են: Եվ հանրությանը պետք է պատասխան տրվի, թե ինչ է արվում նման իրավիճակները կանխելու համար: Ես չեմ պնդում, որ պետք է փակ, գաղտնի տեղեկատվություն տարածվի, բայց առնվազն գոնե գործընթացը մեզ պետք է հասկանալի լինի: Արդյոք հանրությունը ընդունո՞ւմ է այդ գործընթացը եւ գտնում, որ այդ գործընթացներով հնարավոր է ապահովել Հայաստանի անվտանգությունը: Կյանքը ցույց է տալիս եւ ապացուցում է, որ գործող կամ առաջարկվող գործընթացները որեւէ կերպ չեն կարողանում ապահովել մեր անվտանգությունը, մեր քաղաքացիների կյանքը:

Այս իրավիճակից ելքը միայն հանրային պահանջն է: Մինչեւ չլինի հանրության, ժողովրդի պահանջը, ոչ մի առաջընթաց թափանցիկության, հաշվետվողականության տեսակետից ուղղակի չի կարող լինել: Հասարակության մի զգալի մասը տրամադրված է այնպես, որ չի ուզում ոչ մի բանի խառնվել, մինչեւ ողբերգությունը, դժբախտությունը թակում է իր դուռը, թշնամին հայտնվում է իր տան բակում: Մինչեւ ինքը զոհ չի ունենում, այդպիսի մարդը չի կարողանում ընկալել, որ պետության ամբողջական պաշտպանվածությունը, իշխանության ամբողջական հաշվետվողականությունը բոլորին անվտանգության պարտադիր պայման է: Հետեւաբար, հանրության պահանջը պետք է փորձել ձեւավորել:

Ցանկացած իշխանություն ուզի, թե չուզի՝ հեռանում է: Հարցը ժամանակն է: Դա անխուսափելի է: Իսկ հանրության պահանջը անվիճարկելի է, ինչպես եղավ 2018 թվականին եւ այդ պահանջը կյանքի կոչվեց: Հետեւաբար, ցանկացած իշխանություն միշտ պետք է իմանա, որ ինքը ժամանակավոր է»,-խոսքը եզրափակեց իրավապաշտպանը:

 

Հ. Գ. Ավելի ուշ Նինա Կարապետյանցը կառավարության շենքի առջեւ որպես պաստառ դատարկ թուղթ էր պարզել: Երբ հետաքրքրվեցինք, թե դրա խորհուրդը որն է, նա պատասխանեց, որ դա Նիկոլ Փաշինյանին առաջադրանք է «Լրացրու ինքդ» թեմայով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31