Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական ազդեցությամբ կալանքները բացառված են»․ դատախազության ներկայացուցիչ

Հունվար 13,2022 15:55

«Վարդենիսի դեպքերի հետ կապված հրապարակումներն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե։ Դատախազությունն այլ միջոցներ չի ձեռնարկել եւ գոնե այս փուլում ունի հայտնի մոտեցում»,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում կազմակերպված «Կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի ձեռքով մակագրման կարգի խախտումների եւ դրանց վերացման վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը՝ պատասխանելով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նկատառմանը, թե ՏԻՄ ընտրություններից հետո  կալանավորվեցին ընդդիմադիր թեկնածուները, որոնք պետք է համայնքապետ ընտրվեին։

«Այլ է հարցը, թե քաղաքական գործիչների կողմից դա իրավաչափ կգնահատվի, թե ոչ։ Այս պահին համամիտ ենք կատարվողի հետ։ Եթե համամիտ չլինեինք, անհրաժեշտ գործողություններ կանեինք»,-նշեց դատախազության ներկայացուցիչը։

Ապա «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հայտարարեց, որ իշխանության համար հաճելի դատավորներ կան, օրինակ՝ Մնացական Մարտիրոսյանն ու Արմեն Դանիելյանը։

Կարեն Ամիրյանը պատասխանեց, որ պատգամավորի ասածն ընդգծված քաղաքական բնույթ ունի․ «Քաղաքական գնահատականների հետ համամիտ չեմ։ Չէի ուզենա քննարկումը նման մակերեսային մակարդակի դարձնել։ Շատ դատավորներ կան, որոնք լավ են աշխատում, բայց հանրային հնչեղություն չունեն, քաղաքական կոնտեքստ ունեցող որեւէ գործ չեն քննել, բայց դատախազությունը կոնկրետ գործերով կարգապահական վարույթների միջնորդություններ է արել նրանց հանդեպ։ Կուզեի, որ ձեր գնահատականներն ավելի ամբողջական լինեն, դուք տեղեկատվության պակաս ունեք։ Եթե հարցում անեք, կտեսնեք, որ դատախազությունը որեւէ դատավորին պաշտպանելու կամ չպաշտպանելու միտում չունի»։

Կարեն Ամիրյանը նաեւ վստահեցրեց, որ քաղաքական ազդեցությամբ կալանքները բացառված են։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31