«Այդ քննչական գործողությունը եղել է հուլիսին․ դատավորները որոշակի ժամանակ լռեցին, որովհետեւ մեր պարտականությունն էր գործը քննել։ Այստեղ դատավորների հարցը չի»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում կազմակերպված «Կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի ձեռքով մակագրման կարգի խախտումների եւ դրանց վերացման վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը՝ անդրադառնալով նախորդ տարի դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգի՝ ԱԱԾ-ի կողմից առգրավվելուն։
Դատավորը նշեց․ «Անձի իրավունքի խնդիր կա։ Անձը պետք է լիարժեք օգտվի արդար դատաքննությունից։ Այդ երաշխիքներից է օրենքի հիման վրա ձեւավորված դատարանը։ Հանրությունն առգրավումից պետք է տեղյակ լիներ թափանցիկության պայմաններում։ Բացի այդ, դատավորները հավասարաչափության սկզբունքի խախտում են արձանագրել։ Մի դատավորը չի կարող 25%-ով ավելի մակագրում ստանալ, քան մյուսները։ Փաստաբանական համայնքն էլ այբբենական մակագրման կանոնի խախտումներ է արձանագրել։ ՄԻՊ-ը համակողմանի անդրադարձել է այս խնդրին»։
Արշակ Վարդանյանի խոսքով՝ նման պայմաններում դատավորների համար հասկանալի չէ՝ ձեռքով մակագրման այբբենական ընթացակարգն ի վերջո պահպանվե՞լ է, թե ոչ․ «Այս հարցն անմիջապես առնչվում է դատարանի անաչառությանն ու անկախությանը։ Որքա՞ն ժամանակ է սա շարունակվելու։ Պատասխանատուն ԲԴԽ-ն է։ Եթե չարաշահումներ են եղել, խնդիրն ինչպե՞ս է լուծվելու։ Չենք կարողանում հասկանալ։ Նազ ու տուզ անելու խնդիր չկա, բոլոր գործերն էլ քննելու ենք, բայց չափանիշները պետք է պահպանվեն»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ