Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է խախտել Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը՝ ֆիզիկական անձ Նիկոլ Փաշինյա՞նը, պաշտոնական անձը, թե՞ պետական մարմինը. բանավեճ դատարանում

Հունվար 13,2022 15:00

Այսօր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռ նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի Հանրապետության գործով դատական նիստը սկսվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի եւ դատավոր Սերգեյ Սահակյանի բանավեճով՝ պատասխանողի վերաբերյալ:

Սերգեյ Սահակյանն առաջարկում էր ֆինանսների նախարարությանը ներգրավվել սույն գործով, քանի որ դատական ակտից հետո ֆինանսական պարտավորություններ կառաջանան: Հայկ Ալումյանը պնդեց, որ սա քաղաքացիաիրավական բնույթի վեճ է, որտեղ ֆինանսների նախարարությունը սուբյեկտ չէ: ՀՀ ֆինանսների նախարարության ներգրավվումը նա ակնհայտ հակաիրավական է համարում եւ անգրագետ քայլ: Հայկ Ալումյանը տարակուսեց՝ դատարա՞նը պիտի որոշի ՀՀ-ի անունից որ պետական մարմինը գա դատարան, թե՞ ՀՀ-ն:

Հայկ Ալումյանն այսօր ներկայացրեց հայցադիմումը:

Հիշեցնենք, 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ ասել էր, որ իշխանությունները 2008-ին տանկեր են հանել ժողովրդի դեմ եւ այլն: Այդ ելույթը հրապարակվել է եւ կառավարության պաշտոնական կայքէջում եւ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում: Ըստ հայցվորի, այդ ելույթով Նիկոլ Փաշինյանը զրպարտում է իրեն, խախտում է անմեղության կանխավարկածը: Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հատուցել պատճառված ոչ նյութական վնասը, պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները, հերքումը տարածել ՀՀ կառավարության պաշտոնական կայքով ու յութուբյան էջով, Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով եւ բոլոր այն լրատվամիջոցների յութուբյան ալիքներով, որոնք հեռարձակել են Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը եւ զրպարտության եւ անմեղության կանխավարկածի համար վճարել, ընդհանուր առմամբ, 4 մլն դրամի փոխհատուցում: Անմեղության կանխավարկած խախտող եւ զրպարտող, ըստ Հայկ Ալումյանի պետք է ճանաչվի Նիկոլ Փաշինյանը, իսկ նյութական վնասը պետք է փոխհատուցի Հայաստանի Հանրապետությունը:

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը առարկեց՝ նկատելով, որ հայցում նշված չէ «վարչապետ Նիկոլ Փաշինյան», ուստի իր համար անհասկանալի է, թե ո՞վ է անմեղության կանխավարկածի խախտողը՝ ֆիզիկական անձը, պաշտոնական անձը, թե՞ պետական մարմինը: Այս հարցը դատարանի եւ կողմերի միջեւ երկար բանավեճի առարկա դարձավ: Հայկ Ալումյանը հստակեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս եւ որպես ֆիզիկական անձ, եւ, որպես ՀՀ վարչապետ ու ինքն ընդգծել է, որ անմեղության կանխավարկածը կարող է խախտել պետական մարմինը, պետական մարմնի կողմից հանդես եկող անձը, ուստի ինքը նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը պնդեց, որ հարցն իր համար հստակ չէ:

Դատավորը ևս հստակեցրեց, որ դատարանի հարցին ի պատասխան` Հայկ Ալումյանն ասել էր, որ պետական մարմնի ներկայացուցիչ, պաշտոնատար անձ Նիկոլ Փաշինյանի գործողություններն են վիճարկվում: Դատավորը հայտարարեց նաեւ, որ ապացուցման բեռն այնպես կբաշխի, որ այս հարցող խնդիր չի առաջանա:

Պատասխանողը միջնորդեց նիստը հետաձգել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների ամբողջական տարբերակն ուսումնասիրելու հնարավորություն ունենա: Դատարանը բավարարեց միջնորդությունը։ Նիստը կշարունակվի փետրվարի 18-ին, ժամը 11.00-ին:

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան  Հայկ Ալումյանն ասաց, որ իր տպավորությամբ, դատավոր Սերգեյ Սահակյանը տրամադրված չէր այսօր դատավարությունը շարունակել. «Հնարավոր է, որ դա զուտ պայմանավորված էր նրանով, որ երկուշաբթի երբ ես բացարկ հայտնեցի դատավորին, եւ ինքը ստիպված եղավ նիստը դնել ամսի 13-ին… հնարավոր է, որ ամսի 13-ին նախապես նշանակված այլ գործեր ուներ։ Այսօրվա նիստն ինչ-որ առումով անակնկալ նիստ էր եւ կողմերի համար, եւ դատավորի։ Այստեղ տեսնում եմ, որ կողմն օգտվեց տեխնիկական հնարավորությունից, միջնորդություն արեց հետաձգելու, դատարանն էլ օգտվեց առիթից եւ հետաձգեց»:

Իսկ առհասարակ, ըստ Հայկ Ալումյանի, դատարանը նիստի ժամանակ փորձում էր հայցադիմումի թույլ կողմերը գտնել: Իր գնահատմամբ՝ դատարանն է իր առջեւ նման խնդիր դրվել կամ խնդիր են դրել, որ հայցը որեւէ պատրվակով մերժվի։

«Ինքն այդ հայտարարությունն արել է եւ չի կոնկրետացրել՝ այդ հայտարարությունն ի՞նչ կարգավիճակում է անում։ Համենայնդեպս, անձինք, որոնք լսում էին, լավ գիտեին, որ խոսում է ՀՀ վարչապետը։ Նաեւ, ինքն ինչ խոսել է, տեղադրվել է վարչապետի պաշտոնական էջում։ Դե ես զգում էի, որ դատավորն ու մյուս կողմը հավասարաչափ եռանդով փորձում էին ինչ-որ ճեղք գտնել, որ հետո հնարավորություն ստանային իմ հայցի դեմ մի կողմն առարկեր, մյուսն էլ հայցը մերժելու հիմքեր ստեղծել։ Բայց զգում եմ, որ դեռ իրենց մոտ չի ստացվել»,- ասաց Հայկ Ալումյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31