Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ դատարանը մերժում է կալանքը, նախաքննական մարմինը ձեւական գրավի չափ է սահմանում․ սա արատավոր է»․ դատավոր

Հունվար 13,2022 14:43

«Կան գործեր, որոնց դեպքում, երբ դատարանները քննարկում են կալանքի հիմքերը, նրանց հասցեին լայն քննադատություն է հնչում, թե դատարանը դուրս է եկել լիազորություններից, թե պետք չի այդքան խորանալ։ Ինձ մոտ տպավորություն է, որ գնում ենք ոչ թե ողջամիտ կասկածի տիրույթ, այլ կասկածի տիրույթ»,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում կազմակերպված «Կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի ձեռքով մակագրման կարգի խախտումների եւ դրանց վերացման վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ դրա մասին են վկայում դատավորների հանդեպ կարգապահական վարույթները եւ բողոքները․ «Անընդհատ խոսվում է այն մասին, որ դատարանները չպետք է քննարկեն մեղավորության հիմնավորվածությունը։ Ընդունում եմ, որ չպետք քննարկեն, բայց կան դեպքեր, երբ դատարանը պետք է գնահատական տա մեղադրանքին։ Եթե մի քանի արարք կա, դատարանն ինչպե՞ս չգնահատի։ Դատարանները ստիպված գերպատճառաբանություն են ներկայացնում, թե ինչու են կալանքի որոշում ընդունել, մինչդեռ հակառակ դեպքում պետք է հարցը գերպատճառաբանված լիներ։ Երբ քննադատվում է դատավորը, ստիպված գերպատճառաբանություն է ներկայացնում»։

Ինչ վերաբերում է կալանքներին, դատավորը նշեց, որ երբ գրավի ինստիտուտի կիրառման լիազորությունն օրենքով տրվեց նախաքննական մարմնին,  դա դրական հանգամանք է, բայց վատ է, որ դատարանը դրանից զրկված է դատաքննության սկզբնական փուլում․ «Կամ պետք է կալանքը հաստատես, կամ մերժես, իրավունք չունես գրավ կիրառել։ Դա խնդիր է։ Դա մարդու իրավունքներից նահանջ է։ Բացի այդ, արատավոր գործընթաց եմ նկատել․ երբ դատարանը մերժում է կալանքը, նախաքննական մարմինը ձեւական գրավի չափ է սահմանում․ անձը չի կարող վճարել, ու նորից կալանքի հարց է առաջանում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31