Կառավարության առջեւ ընդդեմ «խաղաղ ժամանակներում» շարունակվող մարդկային կորուստների խաղաղ ցույցին միացած Շողեր Մաթեւոսյանը Aravot.am-ին ասաց. «Արդեն ոսկորին է հասել: Ես ակտիվ ակցիա անող չեմ: Եվ պատկերացրեք՝ ինչ վիճակ է, որ ես ուզում եմ նաեւ այսպես պայքարել: Այսինքն, պետք է դուրս գալ փողոց: Պետք է մեր երեխաները իմանան, որ իրենց համար ձայն բարձրացնող կա: Ինչքա՞ն է սա տեւելու, դեռ որքա՞ն զոհեր ենք ունենալու: Ես չգիտեմ: Մինչեւ ե՞րբ: Այս ցույցը նրա համար է, ու պահանջները հստակ գրված են պաստառներին, որ իշխանությունը պետք է վերջ դնի ամենօրյա զոհերին, պետք է զբաղվի բանակաշինությունով: Հայտարարել են խաղաղության դարաշրջա՞ն: Ֆեյսբուքում աչքովս ընկավ «խաղաղության մուրացկան» տերմինը: Շատ նման է դրան, որովհետեւ մեր իշխանությունները խաղաղությունը չեն պահանջում: Պարտված իշխանությունը խնդրում, մուրում է խաղաղություն: Իսկ այդպես մենք խաղաղություն չենք ստանա երբեք: Ինձ թվում է, իշխանությունները այս ամենին լավ էլ տեղյակ են, դրա համար են անվտանգության համակարգը իրենց շուրջը կուտակել, այլ ոչ թե սահմաններում եւ զբաղված են սեփական եսը պահպանելով»:
Շողեր Մաթեւսյանը այս իրավիճակից արմատական ելք է տեսնում: «Երբ տեսնում ես, որ երկար ժամանակ ոչինչ չի ստացվում որեւէ հարթության մեջ, այս իշխանության որեւէ խոստում, որեւէ հայտարարություն, որ արվել է, կատարվել է լրիվ հակառակը՝ չհաշված հրահրված պատերազմը, բանակցային գործընթացները մինչեւ վերջ ձախողելը, խայտառակ պարտությունը եւ ամբողջ աշխարհի առջեւ մեր երկիրը ողորմելի տեսքով ներկայացնելը, ելքը սրանց հեռանալն է: Ես ավելի անողնաշար, ավելի անարժանապատիվ ու ավելի անխելք իշխանություն երբեւէ չեմ տեսել: Հեռացեք ու մինչեւ վերջ մի մսխեք առանց այդ էլ մսխված այս հանրապետությունը»,- ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ