Լրահոս
Օրվա լրահոսը

Իզաբելլա Սարգսյան. «Էական չէ, թե այստեղ քանի հոգի ենք, կարեւոր է՝ կառավարությունը տեսնի, որ այս ձայնը կա եւ մարդիկ պատրաստ են նաեւ փողոց դուրս գալ»

Հունվար 13,2022 14:03

Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին անում կառավարության շենքի առջեւ՝ ընդդեմ «խաղաղության դարաշրջանում» շարունակվող  մարդկային կորուստների:

Նախաձեռնության հեղինակ Իզաբելլա Սարգսյանը լրատվամիջոցներին պարզաբանեց, որ սա ինքնաբուխ խաղաղ միջոցառում է, որով ինքը եւ մտահոգ քաղաքացիները բարձրաձայնում են խաղաղ ժամանակներում չդադարող մարդկային կորուստների անթույլատրելիության մասին: «Կառավարությունը պարտավոր է ապահովել քաղաքացիների կյանքի իրավունքը եւ անվտանգությունը: Մարդիկ սոցցանցերում անընդհատ գրում, դժգոհում, բողոքում, նեղվում են, որ նման բաներ են տեղի ունենում, սակայն այդ ամենը մնում է վիրտուալ աշխարհում: Ես ուղղակի ֆեյսբուքում գրեցի, որ ինչ-որ բան պետք է անել: Մարդիկ արձագանքեցին ու այսօր եկել են: Սա ըստ էության քաղաքացիների ինքնաբուխ բողոք է:

Մենք պահանջելով մարդու ապրելու իրավունքի ապահովում՝ նկատի ունենք ամեն ինչ, սկսած սահմանից: Ցանկացած պետություն, կառավարություն եւ իշխանություն պարտավոր է ապահովել իր քաղաքացու կյանքի անվտանգությունը: Բայց մենք տեսնում ենք, որ դա  մեր երկրում տեղի չի ունենում: Երկրի  ղեկավարությունը հայտարարում է, թե խաղաղության դարաշրջան է բերում եւ այլեւս զոհեր չեն լինելու: Բայց դա այդպես չէ: Երկու օր առաջ էլ սահմանին երեք երիտասարդ զինվոր զոհվեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում եւ երկու հոգի էլ վիրավորվեց»,- ասաց Իզաբելլա Սարգսյանը եւ ավելացրեց. «Էական չէ, թե այսօր այստեղ քանի հոգի ենք: Կարեւոր է, որ կառավարությունը տեսնի, որ այս ձայնը կա եւ մարդիկ պատրաստ են նաեւ փողոց դուրս գալ: Ուշադրություն դարձրեք. այստեղ մեծամասամբ կանայք են: Մենք մտահոգ ենք մեր երեխաների, եղբայրների, ծնողների առողջության համար: Այսպես երկար շարունակվել չի կարող, վերջապես պետք է այս իրողությանը վերջ տալ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31