Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ շենք մտնելիս իմ իրավունքն արդեն իսկ խախտվեց»․ Ալվինա Գյուլումյան

Հունվար 13,2022 13:47

«ԱԺ շենք մտնելիս իմ իրավունքն արդեն իսկ խախտվեց․ իմ անձնագիրը վերցվեց, մնաց անցակետում։ Օրինակը բերում եմ, որովհետեւ մեր դժբախտությունը մեր փարիսեցիության մեջ է։ Պետք է կարողանանք ասել այն, ինչ պետք է անել»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում կազմակերպված «Կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի ձեռքով մակագրման կարգի խախտումների եւ դրանց վերացման վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ սահմանադրական դատարանի լիազորությունները դադարեցված դատավոր Ալվինա Գյուլումյանը։

«Իմ՝ ՍԴ-ում եղած ժամանակ ՍԴ-ն նախնական կալանքի վերաբերյալ կայացրել է որոշումներ, որոնք կարող են ուղենիշային լինել։ Նախնական կալանքի հետ կապված կա կարեւոր միջազգային պահանջ՝ կալանքի օրինականության վերաբերյալ հարցերը պետք է քննարկվեն արագ, անհապաղ։ Մեզանում կալանքի օրինականությունը վիճարկվում է, Վճռաբեկ դատարանը մի քանի ամիս քննարկում է, մինչդեռ այդ ընթացքում անձի կալանքի ժամկետն արդեն կարող է լրացած լինել»,-թեմայի վերաբերյալ նախ նշեց նա։

Տիկին Գյուլումյանի խոսքով՝ նախնական կալանքի որոշումների բողոքարկման գործընթացը բավականին երկար է․ «Ավելի հստակ ձեւակերպում պետք է տրվի, որ նույն կանոնները տարածվեն բողոքարկման գործընթացի վրա եւս։ Հիմնավոր կասկածի վերաբերյալ եւս կան նախադեպային գործեր ՄԻԵԴ-ում»։

Ալվինա Գյուլումյանը շեշտեց․ «Երբ անձն ազատության մեջ է եղել, սակայն փախուստի դիմելու կամ վկաների վրա ազդելու կասկածով նախնական կալանքը երկարաձգվում է, կարելի է մտածել, որ նախնական կալանքն անձի հանդեպ կիրառելու համար այլ նպատակներ կան»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31