«Քաղաքական թիմի որոշումն է եղել, երեւի ավելի նպատակահարմար է եղել իմ պոտենցիալն օգտագործել գործադիրում»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Արագածոտնի մարզպետ նշանակվելու մասին ասաց Սերգեյ Մովսիսյանը։
Թե ո՞րն է, իր խոսքով ասած՝ պոտենցիալը, որի համար նշանակվել է մարզպետ, հարցին ի պատասխան Մովսիսյանն ասաց՝ ցանկացած մարդ ունի պոտենցիալ․ «Հարկ չեմ համարում անդրադառնալ իմ պոտենցիալին»։
Լրագրողի դիտարկմանը՝ որպես ԱԺ պատգամավոր շատ պասիվ է եղել, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, նորանշանակ մարզպետը պատասխանեց․«ԱԺ պատգամավորի գործունեության մեջ միայն օրենսդրական նախագծերը չեն մտնում։ Չնայած պասիվ եմ եղել օրենսդրական նախաձեռնության մեջ, բայց իմ հանդիպումները ժողովրդի հետ միշտ եղել են։ Պատգամավորի չափելիությունը միայն ելույթներով եւ օրենսդրական նախագծերով չէ։ Եթե ուսումնասիրեիք իմ գործունեությունը, նման հարց չէր հնչի»։
Քաղաքական թիմում իր եւ Արարատի նորանշանակ մարզպետ Սեդրակ Թեւոնյանի նշանակման շուրջ դժգոհություններ կան, եւ առաջիկայում փակ քննարկում է լինելու, որտեղ այս հարցն էլ է քննարկվելու, լրագրողի այս դիտարկմանն իր պատասխան՝ մարզպետն ասաց՝ չկա նման բան, իրականությանը չի համապատասխանում։
Կարդացեք նաև
Արագածոտնի արդեն նախկին Ռազմիկ Պետրոսյանի մասին մամուլը գրել էր, որ նա մարզպետ էր նշանակվել կեղծ դիպլոմով, եւ սա է եղել նրան պաշտոնանկ անելու պատճառներից մեկը։ Թե նրա կեղծ դիպլոմի մասին ինչ տեղեկություն ունի նոր մարզպետը, վերջինս կոնկրետ դիպլոմի մասին ոչինչ չասաց, միայն նշեց․«Հարգում եմ Ռազմիկ Պետրոսյանի անցած ուղին։ Ճանաչելով նրան, կարող եմ ասել՝ շատ պարկեշտ անձնավորություն է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ