«Հասարակության կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընկալելու վերաբերյալ սխալ մոտեցում կա։ Անձին անազատության մեջ տեսնելու հանրության ցանկությունը խիստ կաշկանդում է դատավորներին։ Շատ դեպքերում ճնշումներ ենք տեսել, որոնք չէին կարող չազդել դատավորների կողմից որոշումներ կայացնելու վրա»,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր խորհրդարանում կազմակերպված «Կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման ինստիտուտի արժեզրկման, դատական գործերի ձեռքով մակագրման կարգի խախտումների եւ դրանց վերացման վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը։
Նա նշեց, որ ԲԴԽ-ի կողմից դատավորների հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու առնչությամբ եւս խնդիր կա․ «Ներկա եմ եղել արդարադատության նախարարության միջնորդությունների քննարկմանը։ Հիմնականում այդ միջնորդությունները վերաբերում են կալանավորման որոշումներին։ Ամեն անգամ տպավորություն է, որ դատավորը հետապնդվում է իր կողմից կայացված որոշման առիթով, որը վերաբերում է կալանավորման միջնորդությունը մերժելուն։ Դա մարդու իրավունքների դիրքերից բխող որոշում է, եւ մտահոգիչ է, որ այդ առիթով է դատավորի հանդեպ հետապնդում տեղի ունենում»։
Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ էլ Արմինե Ֆանյանն ասաց․ «Խնդիրը նախ օրենսդրական է, որովհետեւ հարմար այլընտրանքներ չկան․ գրավը որպես խափանման միջոց օրենքով դարձել է ինքնուրույն ինստիտուտ, որը կարծես թե կոչված էր չեզոքացնելու արատավոր գործընթացը, սակայն քրեական հետապնդման մարմինները հակված չեն այդ լավ եւ արդյունավետ գործիքն օգտագործելուն։ Շատ քիչ դեպքերում են գրավը կիրառում որպես ինքնուրույն խափանման միջոց։ Երբ դատարանը մերժում է կալանավորումը, ստիպված գրավի միջոցն են ընտրում վարույթն իրականացնող մարմինները։ Փորձը ցույց տվեց, որ իրավամտածողության խնդիր ունենք, ուստի սա չօգնեց»։
Արմինե Ֆանյանի խոսքով՝ դատարանը չի կարող հետապնդվել իր կայացված որոշման համար։ Դա հետապնդում է»։
Կարդացեք նաև
Ֆանյանը նաեւ հետեւյալ խնդիրը բարձրաձայնեց․ «Այս կամ այն քաղաքական գործիչների կողմից քրեական գործի քննության փուլում հնչեցրած կարծիքները շոշափելի խնդիր են։ Քաղաքական ուժերը հրապարակային կարծիքներ ու պնդումներ են անում անգամ մեղադրական բնույթի, եւ այդ գործընթացին զուգահեռ՝ քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացնում։ Հպարտությամբ ասեմ, որ ունենք դատավորներ, որոնց վրա սա չի ազդում, բայց դեպքերի մեծամասնությամբ սա այն գործոնն է, որն ուղղակի բացասական ազդեցություն կարող է ունենալ գործի քննության վրա։ Անհրաժեշտ է օրենքով ամրագրել քաղաքական գործիչների կողմից քաղաքական զսպվածություն սահմանելը։ Քաղաքական գործիչը պետք է զրկված լինի ընթացիկ քրեական գործի մասին դատողություն անելուց։ Ամեն անգամ, երբ քաղաքական գործիչը պնդում է, որ այս կամ այն անձը մեղավոր է, սա ուղղակի ճնշում է դատավորի վրա»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ