Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ոչնչացնել անիծյալ բայրաքթարները. Ավետիք Չալաբյան

Հունվար 13,2022 13:12

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ մենք մեկնել էինք Գեղարքունիքի մարզ՝ մեր հիմնադրամի կողմից սարքավորումների հերթական խմբաքանակը տանելու առաջնագիծը պաշտպանող մեր մարտական ստորաբաժանումներին։ Մեր այցելությունը զուգադիպեց տառացիորեն մեկ օր առաջ Վերին Շորժայի հատվածում տեղի ունեցած թշնամական սադրանքի և հաջորդած մարտական ընդհարման հետ, և մենք հնարավորություն ունեցանք տեղում ծանոթանալ իրավիճակին ու հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ վերլուծել թե տեղի ունեցած ընդհարման պատճառները, և թե թշնամուն հակազդելու իրական հնարավորությունները։

Ես չէի ցանկանա հատուկ խորանալ այս սադրանքի քաղաքական դրդապատճառների հետ՝ ակնհայտ է, որ դա կապված է թե Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես, դրանցում Հայաստանի Հանրապետության բավական ռիսկային դերակատարման, թե թշնամու կողմից Արցախի ապագա կարգավիճակի հարցում շարունակվող ճնշման, թե այսպես կոչված «հայ-թուրքական կարգավորման» հետ՝ և այս ամենի ցավալի գինը այսօր վճարում են երիտասարդ հայ զինվորները։ Ինձ համար ավելի կարևոր է սակայն, թե ինչ ռազմական մարտավարություն է որդեգրել թշնամին, և ինչպես կարելի է դրան իրատեսորեն հակազդել։

Հունվարի 11-ին թշնամին սկսել է սադրանքը՝ մեր տարածք դեռևս անցած տարի մայիսին ներթափանցած իր դիրքերից մեկից։ Հրաձգության արդյունքում հենց թշնամին է տվել առաջին կորուստը։ Կրակի ինտենսիվությունը աստիճանաբար ավելացել է, սակայն մեր դիրքապահ զինվորները օրվա ընթացքում հերոսական մարտ են վարել, և շարունակել են կորուստներ պատճառել թշնամուն։ Սպառելով դիրքային մարտի միջոցները, թշնամին օդ է բարձրացրել Բայրաքթար տիպի երկու գրոհային ԱԹՍ, որոնց արձակած ճշգրիտ ռումբերից նահատակվել են մեր երեք հերոսները՝ Ռուդիկը, Արթուրը և Վահանը։ Արդեն դրանից հետո, հայկական կողմը ստիպված է եղել հրետանի կիրառել, համարյա ավերելով նախահարձակ թշնամու դիրքը, և նրան նոր կորուստներ պատճառելով։ Թշնամու համար սեփական կորուստները, սակայն էական չեն, դրանք հաճախ թաքցվում են նույնիսկ զոհվածների ընտանիքից, փոխարենը կարևոր է այն հոգեբանական ճնշումը, որն այն գործադրում է հայկական հասարակության վրա յուրաքանչյուր այսպիսի սադրանքով։ Այսօր այդ ճնշման հիմնական գործիքն են դարձել անիծյալ բայրաքթարները, և խնդիրը նրանում է, թե ինչպես դրանք ոչնչացնել։

Ի հեճուկս Հայաստանում տարածված կարծիքի, Բայրաքթարը բոլորովին էլ անխոցելի չի, անցած պատերազմի ընթացքում մեր ՀՕՊ հաշվարկները առնվազն 6 այդպիսի ԱԹՍ են խոցել Արցախի երկնքում։ Խնդիրը նրանում է սակայն, որ նույն պատերազմի ընթացքում մեր արդիական ՀՕՊ միջոցների զգալի մասը ևս շարքից դուրս է եկել, իսկ մնացածները այս պահին չեն բավարարում՝ ամբողջ առաջնագծով օդային տարածությունը օպերատիվ ծածկելու, թշնամին էլ դա հրաշալի հասկանում և փորձում է շահագործել մեր այդ թույլ տեղը։ Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր Բայրաքթարներին հակազդելու մի քանի իրատեսական միջոց կա՝

ա) համալրել մեր ՀՕՊ զինանոցը նոր սպառազինությամբ, մասնավորապես, Тор, Панцирь, կամ Бук տեսակի, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը Բայրաքթարների դեմ պայքարում։ Երկարաժամկետ, սա առավել երաշխավորված լուծումն է, սակայն այն թե ժամանակատար է, և թե խիստ ծախսատար, քանի որ նոր մեծաքանակ սպառազինությունների ձեռքբերումը թանկ է։ Հնարավոր է սակայն միջանկյալ լուծում, որով մենք ՌԴ բանակից ժամանակավոր ստանում ենք օգտագործված միջոցներ, և դրանցով փակում գոնե առավել խոցելի հատվածները՝ նախկինում այդպիսի պրակտիկա բազմիցս կիրառվել է, և հիմա էլ հնարավոր է,քաղաքական կամքի առկայության պայմաններում։

բ) Բայրաքթարների դեմ պայքարի մեկ այլ արդյունավետ միջոց կարող են հանդիսանալ СУ-30 գրոհային կործանիչ ինքնաթիռները, որոնք մեծ շուքով գնվեցին պատերազմից առաջ, սակայն այդպես էլ չկիրառվեցին մարտադաշտում՝ ըստ տարբեր կցկտուր բացատրությունների, պատրաստված անձնակազմերի և համապատասխան զինամթերքի բացակայության պատճառով։ Նույն ՌԴ աջակցությամբ այսօր երկուսն էլ հնարավոր է լրացնել, և առնվազն սեփական օդային տարածքը մաքրել թշնամու ԱԹՍ-երից։
գ) վերջապես, Բայրաքթարներին կարելի է նաև ասիմետրիկ պատասխան տալ, թշնամու դիրքերի վրա կիրառելով սեփական հարվածային ԱԹՍ-երը։ Այսօր արդեն Հայաստանում մի շարք ընկերություններ ընդունակ են արտադրել դրանք, սակայն մեր համար անհայտ պատճառներով, ՀՀ Պաշտպանության նախարարությունը դեռևս չի շտապում գնել և կիրառել դրանք։

Այս լուծումներից յուրաքանչյուրը իրատեսական է, սակայն հստակ քաղաքական կամք և նաև որոշակի մասնագիտական կոմպետենցիա է պահանջում։ Հայաստանում գործող իշխանությունը դրանցով երբեք աչքի չի ընկել, արդյունքում մենք շարունակում ենք վճարել մեր զավակների արյամբ։ Գեղարքունիքում տեղի ունեցած վերջին ընդհարումը և մեր հերոս նահատակների արյունը պետք է վերջին հիշեցումը դառնա, որ այսպես շարունակել այլևս չի կարելի, պետք է դուրս գալ այս կործանարար թմբիրից և իրական գործողություններով պաշտպանել սեփական երկիրը թշնամու ոտնձգություններից։
Համոզված եմ, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, անիծյալ Բայրաքթարները արդյունավետ կոչնչացվեն, և թշնամու բոլոր սադրանքները կճնշվեն բնում՝ մինչ այդ, իմ վշտակցությունն եմ հայտնում մեր հերոս նահատակների ընտանիքներին և մերձավորներին, և իմ անվերապահ զորակցությունը մեր բոլոր այն զինծառայողներին, որոնք ի հեճուկս քաղաքական ղեկավարության ապաշնորհության, շարունակում են արիաբար պաշտպանել մեր երկրի սահմանները ու մեր ժողովրդի անվտանգությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31