«Քննարկումների ժամանակ տարբեր կարծիքներ են հնչում, թե Հայաստանում բժիշկների քանակը նորմայից ավելի է, կամ նորմայից պակաս է: Նշեմ, որ բժիշկների քանակը Հայաստանում միջազգային միջին թվաքանակին համապատասխան է, այն է՝ 10 հազար բնակչին 35 բժիշկ: Բայց այստեղ խնդիր ունենք բժիշկների անհամաչափ բաշխվածության մարզերում եւ Երեւանում: Երեւանում 10 հազար բնակչին բաժին է ընկնում 88 բժիշկ միջինում, այսինքն, 2 եւ ավելի անգամ նորմայից բարձր է, իսկ մարզերում բավականաչափ պակաս է այդ թիվը»,- այսօր ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում այսպիսի վիճակագրություն ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
Նա նշեց, որ Լոռու մարզում այդ թիվը 25 է, Արմավիրում՝ 14, Գեղարքունիքում՝ 15,9, այսինքն, մարզերում խնդիր ունենք բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիության:
Հանձնաժողովում քննարկվեց Զեյնալյանի ու ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանի հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է մարդկային ռեսուրսի կառավարման հարցը լուծել՝ նորավարտ ուսանողներին խրախուսելով:
Զեյնալյանն ասաց, որ առաջիկայում պլանավորում են գնալ ապահովագրական բժշկության ու բնակչությանը պատշաճ բուժօգնություն ու ծառայություն մատուցելու համար պետք է այս խնդրին հիմա ուշադրություն դարձնեն. «Այն ուսանողները, որոնք նպատակադրված են գնում Բժշկական համալսարան եւ անվճար հիմունքներով, տվյալ ուսանողների համար վճարում է պետությունը, որպեսզի համալսարանը պատրաստի կադրեր: Սրանով պետությունը իր կարիքն է ներկայացնում կադրերի, նաեւ պարտավորվում է տվյալ ուսանողներին ավարտելուց հետո գործով ապահովելու: Պետությունը պետք է կարողանա իր պոզիտիվ պարտավորությունը կատարել՝ վճարելով ուսման վարձը տվյալ ուսանողների համար ու դրանից հետո նրանց պետք է ուղղորդի այն բուժհաստատություններ, որի կարիքը տվյալ պահին կունենա պետությունը: Նաեւ սոցիալական երաշխիքներ ենք նախատեսել տվյալ անձանց համար, ում կուղղորդեն աշխատելու: Կսահմանվեն ենթաօրենսդրական ակտերով՝ կոմունալ վարձի փոխհատուցում, տրանսպորտային ծախս, բնակարանային վարձավճար եւ այլն, այսինքն, հավելյալ մոտիվացիա, որոնցով նորավարտ բժշկին կխրախուսեն, որ առնվազն 3 տարի ժամկետով իրականացնի բուժօգնություն»:
Կարդացեք նաև
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն (լուսանկարում) ասաց, որ նախարարությունը ծրագրեր իրականացնում է՝ խնդիրը լուծելու համար, օրինակ, նպատակային կլինիկականն օրդինատուրայի միջոցով համալրում է կադրային բազան ու ուղղորդում այն բուժհաստատություններ, որտեղ նրանց կարիքը կա:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ