Լրահոս
Օրվա լրահոսը

Սա այն պետությունն է, որը գերեզմանատները նորմալ տեխնիկայով ապահովում է, իսկ սահմանային ինժեներական աշխատանքները երեխաները ձեռքով են անում. Զարուհի Հովհաննիսյան

Հունվար 13,2022 12:25

«Դադարեցրե՛ք երեխեքի սպանդը», «Մայրերը սպասում են որդիներին»,-այսօր այսպիսի ցուցապաստառներով կառավարության շենքի առաջ մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց արեցին: Նրանք նաեւ պաստառների վրա գրել էին՝ «ՀԱՊԿ-ը միայն Ղազախստանի համար չէ»:

Քաղաքացիների զայրույթը հարուցել էր մասնավորապես երկու օր առաջ՝ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, ինչի արդյունքում երեք զինծառայողներ զոհվեցին:


Իզաբելլա Սարգսյանի խոսքով, այսպես չի կարող շարունակվել, պետք է վերջ դնել այս ամենին. «Որպես քաղաքացի պահանջում ենք, որ կառավարությունը բոլոր ջանքերը գործադրի՝ այս հարցին վերջ դնելու համար: Ինչի՞ են մարդիկ գալիս իշխանության, գալիս են, որ հարցերը լուծեն, եթե չեն կարող լուծել, ուրեմն՝ չեն կարող: Ընդհանրապես, մարդիկ չպետք է զոհվեն, խաղաղ բնակիչները չպետք է զոհվեն, մենք պետք է դնենք խնդիր, որ այս հարցը լուծվի, վե՛րջ»:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, պետք է բանակային խոշոր բարեփոխում անել. «Պատերազմից հետո կառավարությունը հնարավորություն չի տալիս ժողովրդին նորմալ կյանքի վերադառնալու: Երբ պետք է Ղազախստան զորք ուղարկեին՝ արագ մեթոդը գտնում են, ուրեմն թող մեթոդը գտնեն, իրենց քաղաքացու կյանքը պաշտպանելու: Սա այն պետությունն է, որը կարողանում է գերեզմանատները նորմալ տեխնիկայով ապահովել, իսկ սահմանային ինժեներական աշխատանքները երեխաները ձեռքով են անում: Դա նորմալ չի»:

 

Ըստ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի, խաղաղությունը չի կարող կեղծ թեզ լինել, չկա ողջամիտ մարդ, որը դեմ լինի խաղաղությանը. «Խաղաղությունն անխուսափելի է, հարցն այն է՝ ինչքանով են ողջամիտ մեր արած քայլերը: Ինչքանով են հանուն Հայաստանի հանրապետության իրականացվում գործողություններ: Մեկ տարի անց մեզ համար հասկանալի է, որ այն մեխանիզմները, որոնք առաջարկվում են, դրանք չեն աշխատում եւ պարբերաբար ունենում ենք նոր զոհեր, նոր կորուստներ, պետք է մտածել նոր առաջարկներ անել, նոր մեխանիզմներ մշակել»:

Նինա Կարապետյանցի կարծիքով, այս իրավիճակի լուծումը կարող է լինել խաղաղապահ ուժերի ներգրավումն այս տարածաշրջան. «Մոնիտորինգային խմբեր ներգրավել: Այն, ինչ մեզ առաջարկվում է՝ չի աշխատում: Ռուսական խաղաղապահները մեր խնդիրը չեն լուծում, մենք չենք ստանում ո՛չ ՀԱՊԿ-ի արձագանքը, ո՛չ Ռուսաստանի: Պետք է լինեն միջազգային մոնիտորինգային խմբեր, միջազգային խաղաղապահ ուժեր, որոնք, գոնե մի փոքր կզսպեն Ադրբեջանի ագրեսիան: Միջազգային հանրությունն ունի այդ հնարավորությունը մի զանգով խնդիրը լուծելու: Չկա մի այդպիսի ղեկավար, որը նույնիսկ, եթե տիեզերական մասշտաբի դիկտատոր է, նա չունի այդ հնարավորությունը, օրինակ՝ մերժելու ԱՄՆ նախագահին, չունի հնարավորությունը մերժելու ԵՄ-ի այդ ամբողջական կազմին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31