Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Հայաստանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կտեսնենք՝ ինչ կլինի. Ալիևը սպառնացել է

Հունվար 13,2022 11:53

Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության, իսկ եթե դա չանեն, այն ժամանակ կտեսնենք՝ ինչ կլինի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

«Մենք չենք ցանկանում երրորդ պատերազմ (Հայաստանի հետ-խմբ.), նման բան մեր ծրագրերում չկա: Մենք ուզում ենք, որպեսզի ռազմական փուլն ավարտվի, մենք ուզում ենք, որպեսզի ձևավորվեն բնականոն հարաբերություններ, որպեսզի Հայաստանն ի վերջո ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք դա ենք ուզում: Բայց եթե մենք տեսնենք, որ, ինչպես ասացի, մեզ համար սպառնալիք կա, այդ սպառնալիքը տեղում կոչնչացվի»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում անպայման դրանում պետք է դրույթներ լինեն միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու վերաբերյալ: «Հայաստանն այժմ պետք է ընտրություն կատարի, ճիշտ ընտրություն: Ես ասել եմ, որ մեր առաջարկները միշտ կլինեն սեղանին: Եթե Հայաստանը չի ցանկանում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա մենք էլ չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա:

Ալիևը հերթական անգամ տարածքային հավակնություններ է ներկայացրել Հայաստանի նկատմամբ՝ պնդելով, որ իրենք հիմքեր ունեն չճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը: «1920թ. նոյեմբերին մեր տարածքը՝ Զանգեզուրը, միացվեց Հայաստանին: Դեռ ավելի առաջ՝ Իրավանը (Երևան-խմբ.) 1918թ. մայիսի 29-ին փոխանցվել էր Հայաստանին: Այնպես որ մենք, ինչպես ասում են, բազմաթիվ պատճառներ ունենք, որպեսզի չճանաչենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Բայց չնայած դրան, հանուն ապագա խաղաղության, հանուն երկրների միջև հարաբերությունների ձևավորման, մենք պատրաստ ենք դրան: Բայց եթե նրանք դա չուզեն, այն ժամանակ կտեսնենք՝ ինչ կլինի»,- սպառնացել է Ալիևը:

Խոսելով սահմանազատման մասին՝ Ալիևը նշել է, որ Բաքուն Երևանին այդ առումով հստակ առաջարկներ է արել:

«Մենք, ըստ էության, նրանց ներկայացրել ենք խաղաղության օրակարգը և շատ հստակ առաջարկներ արել սահմանազատման վերաբերյալ, իսկ եթե դա լինի, նաև սահմանագծման վերաբերյալ: Ինչպես հայտնի է, սկզբնական փուլում Հայաստանը չի արձագանքել, չի ասել՝ այո կամ ոչ: Այլ կերպ ասած,  դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունն ապագայի վերաբերյալ հստակ տեսլական չունի»,- ասել է Ալիևը:

Ընդ որում, Ալիևը չի բացառել, որ եթե անգամ Հայաստանը ստորագրի խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի հետ, դա Երևանի համար կլինի «ոչ ավելի, քան թղթի կտոր»: «Մենք Հայաստանին առաջարկել ենք փոխադարձաբար ճանաչել տարածքային ամբողջականությունը, սկսել աշխատել սահմանազատման շուրջ, սկսել հաղորդակցությունների բացման գործընթաց և ստորագրել խաղաղության համաձայնագիր: Այսինքն` խաղաղության պայմանագրի ստորագրումը 100 տոկոսանոց երաշխիք չէ, բայց ամեն դեպքում այն զգալիորեն նվազեցնում է պատերազմի ռիսկը: Սակայն մենք պետք է իմանանք, որ ցանկացած խաղաղության համաձայնագիր Հայաստանի համար կարող է լինել միայն թղթի կտոր»,- ասել է Ալիևը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լուսանկարը՝ Իլհամ Ալիեւի թվիթերյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31