Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան-Անկարա երկխոսությունը մեկնարկում է. Չավուշօղլուն Միրզոյանին արդեն «ընկեր» է կոչում

Հունվար 13,2022 11:30

Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը պաշտոնական Երեւանին ընտելացնում է՝ բանակցել կրակոցների, սահմանային լարվածության
ու ահաբեկչությունների մթնոլորտում

Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին ավելի քան տասը տարի առաջ՝ 2008 թվականին Երեւանում, այնուհետեւ 2009-ին՝ Բուրսայում։ Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացի բավական դադարից հետո գործնականում այժմ նոր փորձ է արվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Շուրջ 30 տարի դիվանագիտական կապեր չունեցող ու փակ սահմաններով ապրող Հայաստանն ու Թուրքիան անցյալ տարի, 44-օրյա պատերազմից ամիսների անց սկսեցին բարձրաձայնել հարաբերությունների կարգավորման, տրանսպորտային ու տնտեսական կապերի վերաբացման, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու մասին։

Վերջերս հայտնի դարձավ, որ պաշտոնական Անկարան Երեւանի հետ ուղիղ բանակցելու համար բանագնաց է նշանակել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարեց ուղիղ բանակցելու համար երկուստեք բանագնացներ նշանակելու որոշման մասին: Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ, փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչի հետ հայկական կողմից բանակցելու է խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Օրերս Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է Սերդար Քըլըչին: Թուրքիայի պաշտպանության նախարարության թվիթերյան էջից տեղեկացանք, որ բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հունվարի 14-ին Մոսկվայում:

Թե՛ Մոսկվան, թե՛ Արեւմուտքը մեծ շահագրգռվածություն են ցուցաբերում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հնարավոր կարգավորման նկատմամբ՝ հրապարակավ աջակցելով այդ ջանքերը: Երրորդ կողմերի մոտեցումները հասկանալի են՝ տնտեսական տեսանկյունից: Քաղաքական կողմում արդեն փոքր-ինչ բարդ է. թե երրորդ երկրները, թե հենց Թուրքիան Հարավային Կովկասում ազդեցության ամրացման ուղղությամբ հստակ քաղաքականություն է վարում: Էրդողանի իշխանությունը չի էլ թաքցնում այդ հավակնությունները:

Եթե անգամ Արեւմուտքին ու Մոսկվային այնքան էլ դուր չեն գալիս թուրքական իշխանությունների հավակնությունների մասշտաբները տարբեր հակամարտություններում, նախկին խորհրդային միության հանրապետություններում եւ մասնավորապես՝ Հարավային Կովկասում, նրանք հրապարակավ չեն հակադրվում Անկարային, գործընկերային հարաբերությունների շրջանակում փորձում են հավասարակշռել Թուրքիայի քայլերին:

Էրդողանն էլ, ըստ երեւույթին, հստակ գիտի «կարմիր գծերը», որոնք չպետք է խախտի: Սակայն Հարավային Կովկասի համար անհաշտ, բայց լուռ պայքարը շարունակվում է, այդ գործընթացը նույնիսկ «եռացող կաթսայի» է նմանվում:

Հայաստանի իշխանությունները մտան Երեւան-Անկարա շփումների մեջ ղարաբաղյան 44-օրյա պատերազմում պարտությունից հետո, ինչը նշանակում է, ՀՀ շահը պահելու տեսանկյունից, մեղմ ասած՝ ոչ այնքան բարենպաստ շրջան է: Թեեւ թուրքական իշխանություններն այլ երկրների հետ իրենց դիրքորոշումներն ու պահանջները ներկայացնելիս, առանձնապես չեն դիտարկում մյուս երկրի իշխանության ամուր կամ թույլ լինելը: Գոնե հրապարակավ Անկարան մշտապես ցույց է տալիս, որ չի զիջելու այս կամ այն հարցում:

Հայաստանից թուրքական իշխանությունների պահանջները նույնպես հստակ են:

Թվում էր, թե Արցախի դեմ Անկարայի ու Բաքվի սանձազերծած 44-օրյա պատերազմի ավարտով թուրքական իշխանությունների պահանջները գոնե ԼՂ-ի մասով պատմության գիրկը կանցնեն, բայց պարզվեց՝ ոչ… Անկարան ակնկալում է եւ պահանջելու է Հայաստանից Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրում, այսինքն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, ինչն էլ նշանակելու է ԼՂ-ի կարգավիճակից հրաժարում: Գումարած՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում թուրք-ադրբեջանական տանդեմի ակնկալիքները: Եվ Անկարայի համար հաջորդ կարեւոր հարցն, անշուշտ, Հայոց ցեղասպանութան հարցը պաշտոնական Երեւանի կողմից մոռացության տալն է: Այսինքն, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարայի պահանջները Երեւանից ոչ թե նվազել են, այլ՝ ավելացել:

Հետեւաբար՝ հարց, պաշտոնական Երեւանը Անկարայի ներկայացրած պահանջներին համաձա՞յն է, եւ ի՞նչ ակնկալիքներով ու օրակարգով են ՀՀ իշխանությունները գնում բանակցությունների՝ բացի հարաբերությունների հաստատման մասին խոսելը, որտե՞ղ է Անկարան զիջելու, եթե Երեւանը գնում է այս կամ այն քայլին: Այսինքն, խոշոր հաշվով, ՀՀ իշխանությունների օրակարգային բազան հանրությանը հայտնի չէ, թեեւ պարզ է, որ բանակցությունները որոշակի գաղտնի կպահվեն մանրամասների համար, սակայն Թուրքիայի իշխանությունները ի ցույց են դնելու, թե ինչի են հասել, իսկ հայկական կողմն ինչից է հրաժարվել:

Իհարկե, Անկարան կփորձի սիրաշահել ՀՀ իշխանություններին, որպեսզի ցույց տա, թե որքան դրական է տրամադրված հայ-թուրքական երկխոսությամբ: Անկարան արդեն իսկ գովեստի խոսքեր է շռայլում ՀՀ իշխանությունների ուղղությամբ, երբ նույնիսկ պաշտոնական երկխոսությունը չի մեկնարկել:

Հունվարի սկզբին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացին ուշադրությամբ հետեւող ԱՄՆ-ի պետքարտուղարը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, որի ընթացքում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, Էնթոնի Բլինքենն ու Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել էին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակման թեման: Թե ինչ էին խոսել Էնթոնի Բլինքենն ու Մեւլյութ Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերությունների մասին, կողմերի պաշտոնական հաղորդագրությունները չմանրամասնեցին։ Սակայն փոխարենը Չավուշօղլուն մի հարցազրույցում որոշ ուշագրավ մանրամասներ պատմեց հայ-թուրքական նշմարվող երկխոսության մասին: Թուրքիայի ԱԳ նախարարը, մասնավորապես, պատմել է, թե ինքն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի սկզբին զրուցելու առիթ են ունեցել Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում։ Հետաքրքրական է, որ այդ ոչ պաշտոնական շփման մասին երկու երկրների նախարարությունները ոչինչ չէին հաղորդել։

«Հայաստանի ԱԳ նախարարը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը դրական մոտեցում ունեցող ընկեր է: Նրան այդպես եմ անվանում, քանի որ արդեն ընկերներ ենք դարձել նրա հետ հանդիպելով Ստոկհոլմում: Ընթրիքից առաջ հնարավորություն ունեցանք ոտքի վրա հընթացս զրուցելու, խոսել ենք հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին, հայտնել եմ, որ առաջիկայում հայտարարելու ենք բանագնացների մասին, գոհունակությամբ ընդունեց, ընդգծվեց նաեւ կարճ ժամանակում բանագնացների հանդիպման անհրաժեշտության մասին»,- նշել է Չավուշօղլուն: Ապա, նա նկատել է, որ Հայաստանից եկող ազդակներն ու ձեռնարկվող քայլերը ցույց են տալիս, որ այս պահին հայկական կողմը դրական տեսակետ ունի, բայց այն պետք է մնայուն լինի: Թուրքիայի ԱԳ նախարարը նաեւ շեշտել էր, որ երկխոսության են գնում առանց նախապայմանների, բայց որոշ հարցերում հնարավոր չէ համակարծիք լինեն: Նկատի ունենալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ Չավուշօղլուն համոզմունք է հայտնել, թե հայկական կողմը նման նախապայման առաջ չի քաշի՝ գիտակցելով, որ դա իրատեսական չէ. «Եթե նախապայմաններով սկսենք, այս գործընթացը ոչ մի կետի չի հասնի»: Չավուշօղլուն, ի դեպ, նույն հարցազրույցում դրական էր արտահայտվել նաեւ հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի մասին, ասելով, թե ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Աքիֆ Չաղաթայ Քըլըչը ճանաչում է Ռուբինյանին եւ իրենց տպավորությամբ՝ նա «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում բարի նպատակներ ունեցող անձնավորություն է, որը լավ գիտի Թուրքիան»։

Ինչպես նկատում ենք, Չավուշօղլուն Արարատ Միրզոյանին արդեն «ընկեր» է կոչում, բայցեւ արդեն նշելով, որ երկխոսության են գնում «առանց նախապայմանների», հավելում է, որ որոշ հարցերում տարաձայնություններ կլինեն: Այստեղ նաեւ մի կարեւոր հանգամանք հիշեցնենք, որ Չավուշօղլուն մի քանի առիթներով արդեն իսկ հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացում Անկարան իր քայլերը կհամաձայնեցնի Ադրբեջանի հետ։ Այսինքն, հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում պաշտոնական Անկարայի պատկերացրած գծից որեւէ շեղում, անցանկալի ընթացք ուղղակիորեն անդրադառնալու է Հայաստան-Ադրբեջան խնդրի վրա, այս մասին բաց ու հստակ ասվել է՝ նախապես:

Եվ վերջում, ՀՀ իշխանությունը ո՞ւնի բացատրություն, թե ինչու Հայաստան-Թուրքիա բանակցությունների առաջին պաշտոնական շփումի մեկնարկից մի քանի օր առաջ Բաքուն գնաց սահմանային սրացման (հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետեւանքով զոհվեցին երեք հայ զինծառայողներ): Այս հարցի պատասխանն առավել քան պարզ է. թուրք-ադրբեջանական տանդեմը պաշտոնական Երեւանին ընտելացնում է իրենց հետ բանակցել պարբերական, կամ մշտական կրակոցների, սահմանային լարվածության ու ահաբեկչությունների ֆոնին, վստահ լինելով, որ Հայաստանի պարտված իշխանությունը չբանակցելու, առավելեւս, հարկ եղած պահին բանակցությունների սեղան «շրջելու» համարձակություն երբեք չի ունենալու:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 13.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31