Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակների վճարման քարտային համակարգի անցնելու «ճարտարապետները» չեն կարողացել ամեն ինչ հաշվարկել. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 13,2022 10:22

Դեռ ամիսներ առաջ լսել էի, որ թոշակները քարտերով են փոխանցելու, եւ դա իհարկե, ռացիոնալ է, ավելի ժամանակակից եւ մի քայլ առաջ մեր գործող ավանդական համակարգից։ Ինքս շատ վաղուց անցել եմ քարտի եւ ծախսերս գերադասում եմ դրանով կատարել։ Բայց երբ մի անգամ տերմինալը փողս «կերավ», կոմունալ վճարումներն սկսեցի մուծել ավանդական ձեւով` կանխիկով։ Սկզբում դա բավական մեծ հոգս էր, քանի որ փոստային բաժանմունքներն ամսի 10-ից հետո ծանրաբեռնվում էին եւ հերթեր ստեղծում։ Հետո բանկերը եւ առանձնացված կազմակերպություններ ներգրավվեցին, եւ անցնելիս մի քանի րոպե ծախսել դրա վրա այլեւս շատ մեծ խնդիր չէր։

Ահա երեկ փոստային բաժանմունքի կողքով անցնելիս որոշեցի մտնել` տեսնելու կոմունալների տվյալները ստացվե՞լ են, ու ականատես եղա անսովոր մեծ հերթի։ Պարզվում է` թոշակների վճարման քարտային համակարգի անցնելու «ճարտարապետները» չեն կարողացել ամեն ինչ հաշվարկել։ Պարզ է, որ հայի բնավորությամբ մեր քաղաքացիները միայն վերջին օրը պետք է նետվեին այդ քարտերը ստանալու։ Վերջին թոշակն արգելել են փոստատարներին` սովորական կարգով տները տանել, ու ստիպված ժողովուրդը «լցվել» է փոստային բաժանմունքներ ու չի կարողանում ստանալ։ Այս ոլորտում հերթերը վերացնելն առ այսօր անհնար է եղել, այս առիթով դրանք այնպիսի չափերի են հասել, որ ամբողջ գործընթացն են անհնար դարձնում։ Ոմանք վատանում էին. ճնշումը, շաքարն էր բարձրանում եւ այլն։ Աթոռ ճարած մի մեծահասակ կին համարյա լացակումած բողոքում էր, որ երկրորդ անգամն է գալիս։ Նախորդ անգամ երկար սպասելուց ուժահատ վերադարձել էր տուն։ Այս անգամ դուստրը տաքսիով բերել էր ու, հերթին սպասել չկարողանալով, գնացել իր գործին։ Հիմա նորից էր հոգնել, շնչակտուր էր լինում ու չգիտեր՝ ինչ անել։ Հերթի զիջում խնդրելն ավելորդ էր, քանի որ բոլորն էլ այդ տարիքի ու մեծ մասամբ նույն վիճակի էին։ Ոլորտը տնօրինողները գիտե՞ն, որ թոշակառուների մեծ մասը հենաշարժական դժվարություններ ունեն։ Եվ եթե իրենց գործողություններով նոր, անհնարին հերթեր են ստեղծում, պիտի դրանք չեզոքացնելու միջոցառումները եւս նախատեսեն։ Դժվարությամբ շարժվող մի տղամարդ ասաց, որ ամռանից ի վեր առաջին անգամ է դուրս եկել, հազիվ հասել բաժանմունք, բայց հույսը կտրել է, որ կկարողանա սպասել՝ մինչեւ իր հերթը հասնի։ Մեկն էլ մտահոգվում էր, որ ամբողջ թոշակը պիտի տա կոմունալ վճարումներին, բայց եթե այսպես շարունակվի, չի հասցնելու ստանալ, ու նոր բարդություններ են ծագելու` անջատումների հետ կապված։ Մեկ ուրիշը խանութում կուտակված պարտքի մասին էր մտածում եւ այլն… ։ Աշխատողներն ասում էին, որ դրությունը ոչ թե բարելավվելու, այլ շուտով ավելի է բարդանալու, որովհետեւ մեկ-երկու օրից այս այցելուներին գումարվելու են կոմունալ վճարումների համար եկողները։

Բայց այս տանջանքը միայն մեկ ամսվա չվճարված թոշակը ստանալու համար էր։ Քարտ ձեռք բերելու համար դեռ երեք այցելություն էլ է պետք` սոցապ բաժանմունք եւ երկու անգամ` բանկ։

Հիշեցի, որ վերջին աշխատավայրումս առաջին աշխատավարձի օրն ինձ հանձնեցին պատրաստի բանկային քարտը։ Մտածում եմ` հնարավոր չէ՞ր գոնե այս կերպ մի ամանորյա նվեր մատուցել թոշակառուներին… Ինչպե՞ս է ստացվում, որ գովելի նորամուծությունը վերածվում է ձախավերության` համավարակի պայմաններում այսպիսի արհեստական կուտակումներ ստեղծելով ամենախոցելի եւ ամենից ավելի օգնության կարիք ունեցող խավի համար։

Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31