Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իշխանա-ընդդիմադիր» պարզունակ սխեմաները

Հունվար 13,2022 10:00

Չնայած Հայաստանի իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունն իրար հասցեին պարբերաբար ծանր մեղադրանքներ են հնչեցնում՝ կան կարեւոր խնդիրներ, որտեղ նրանք իրար հետ, կարծես թե, սկզբունքորեն համաձայն են: Ղազախստանի վերջին իրադարձությունները դրա վառ ապացույցն էին: Երկու կողմերն էլ միակարծիք են այդ իրադարձությունների «մոսկովյան» մեկնաբանության հետ. կար հրաշալի իրավիճակ եւ նույնքան անթերի իշխանություն, ու հանկարծ Արեւմուտքի կողմից «սրսկված» մութ ուժերը, ահաբեկիչները, հանցագործները ցանկացան այդ հովվերգությունը փչացնել՝ նրանք «Մայդանի սցենարով» անկարգություններ կազմակերպեցին: Դե, որ Պուտինն այդպես է մտածում, ապա մեր իշխանությունն ու ընդդիմությունը քանի՞ գլխանի են, որ այլ կերպ մտածեն:

Նրանց վարկածը Հայաստանի սահմաններին վերջերս տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ նույնպես «միասնական է»: Ըստ այդմ, Թուրքիան եւ Ադրբեջանը չեն հաշտվել եվրասիական դաշինքի հակաթուրանական հուժկու հարվածի հետ եւ այժմ փորձում են վրեժխնդիր լինել:

Պետք է ասել, որ մեր «արեւմտամետ» ընդդիմությունն էլ բավականին պարզունակ մեկնաբանություններ է անում: Մոտավորապես այսպես՝ Փաշինյանի իշխանությունն, իհարկե, հրաշքների հրաշքն է, բայց թերեւս չարժեր զորք ուղարկել՝ Ղազախստանում ժողովրդավարական շարժումը ճնշելու համար:

Այդ երկու՝ ռուսամետ «իշխանա-ընդդիմադիր» եւ արեւմտամետ «իշխանա-ընդդիմադիր» մոտեցումները թեեւ հասկանալի են՝ շահագրգռվածությունների առումով, բայց սխալ են մեթոդաբանության տեսանկյունից: Դրանք ելնում են հետեւյալ կանխադրույթներից.

ա/ աշխարհում, բացի Ռուսաստանի եւ Արեւմուտքի անհաշտ պայքարից, ոչ մի այլ գործոն, շարժիչ ուժ չկա,

բ/ այդ երկուսը խաղում են միայն «մեկ քայլանոց կոմբինացիաներով», պայմանականորեն ասած՝ միայն զինվորներն ու մնացած ֆիգուրներն առաջ տալով,

գ/ նրանք երբեք ոչ մի հարցում չեն սինքրոնացնում իրենց քայլերը:

Մինչդեռ չի կարելի անվերապահորեն պնդել, որ Ղազախստանում զանգվածային բողոքները բացառապես Արեւմուտքի եւ ինչ-որ ահաբեկիչների սադրանքի արդյունք են: (Հայաստանում ոչ ոք դեռեւս չի արել Ղազախստանի ներքին գործընթացների լուրջ եւ բազմակողմանի վերլուծություն): Միանշանակ չէ, որ Նազարբաեւի ռեժիմը Կրեմլին ամբողջությամբ բավարարում էր: Դժվար է համաձայնել, որ Արեւմուտքը շահագրգռված է «Մեծ Թուրանի» ծրագրերի իրագործմամբ՝ շատ ավելի հավանական է, որ դրան հակազդելու հարցում Վաշինգթոնը, Բրյուսելը եւ Մոսկվան համակարծիք են: Բացի այդ, հայաստանյան պարզունակ սխեմաներում ոչինչ չի խոսվում կարեւոր, ուժեղ եւ շահագրգռված խաղացողի՝ Չինաստանի մասին: Վերջապես, Ադրբեջանն ագրեսիայի համար բազմաթիվ այլ պատճառներ ունի, բացի ղազախական իրադարձություններից:

Քաղաքական գործիչներն, իհարկե, կարող են վստահ տոնով պնդել իրենց «սեւ-սպիտակ ճշմարտությունները»: Բայց եթե մարդիկ ուզում են հասկանալ գործոնների բազմազանությունը, ապա այդ «մանիքեական» տեքստերը բավարար չեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Պատվի և արժանապատվության միակ փրկությունը իշխանության ձևավորումն է, որտեղ.
    Զինված ուժերը կձևավորվեն միայն հայկական ծագմամբ ռուս զինվորականներից:
    Զինված ուժերի գլխավոր շտաբը կձևավորվի միայն հայկական ծագմամբ ամերիկացի զինվորականներից:
    Ոստիկանությունը կձևավորվի միայն հայկական ծագմամբ արաբ ոստիկաններից:
    Պետական («ազգային») անվտանգությունը միայն հայկական ծագմամբ բրիտանացի մասնագետներից:
    Սահմանապահ զորքերը միայն հայկական ծագմամբ սկանդինավցի զինվորականներից:
    Ֆինանսների նախարարությունը կձևավորվի միայն հայկական ծագմամբ իսրայելցի ֆինանսիստներից:
    Մշակույթի նախարարությունը կձևավորվի միայն հայկական ծագմամբ հնդիկ բանասերներից և պատմաբաններից։
    Արդյունաբերության նախարարությունը կձևավորվի միայն հայկական ծագմամբ գերմանացի ինժեներներից:
    Գյուղատնտեսության նախարարությունը կձևավորվի միայն հայկական ծագմամբ հոլանդացի ձեռնարկատերերից:
    Արդարադատությունը կձևավորվի միայն հայկական ծագմամբ պարսիկ իրավաբաններից։
    Կառավարության ղեկավարը պետք է լինի հայկական ծագում ունեցող միայն աֆրիկյան զուլու։
    և այլն:
    Չեղարկել նախագահի և այլ պարազիտների պաշտոնը:
    Եթե ոչ՝ գնացեք արտերկիր և կորեք:

  2. Nimar says:

    Ինչ վերաբերում է Ղազախստանի «ժողովրդավարական շարժմանը», ապա դժվար է հավատալ, որ նման բան կարող է լինել այնպիսի համամասնությամբ, որ ազդի երկրի «քաղաքական կյանքի» վրա։ Իրավիճակի հումորն այն է, որ այս երկրի ներկայիս ղեկավարը կարծես ամենամեծ «դեմոկրատն ու արդիականացնողը» լինի։ Բայց նման «ժողովրդավարություն» այն իմաստով, որ հասկանում է ֆրանսիացին կամ գերմանացին, տեղի բնակչությանը պետք է ոչ ավելի, քան օրինակ՝ աֆղաններին։ Բոլորս տեսանք, որ Աֆղանստանում ժողովրդավարության «ներդրումը» ավարտվեց անհաջողությամբ՝ «արևմտյան» իմաստով, բայց իշխանության եկան թալիբները, ի դեպ, նրանք շատ կիրթ են «արևելյան» իմաստով։ Չափազանց անլուրջ է կարծել, թե 3000 խաղաղապահներ խեղդամահ են արել «երիտասարդ ղազախական ժողովրդավարությանը»։ Չեմ բացառում, միգուցե ինչ-որ մեկն այնքան միամիտ է, որ հավատում է նրա գոյությանը։ Իսկ օրինակ՝ մենք Չինաստանում ժողովրդավարություն ունե՞նք, թե՞ ոչ։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31