Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությանը, իսկ կոռումպացված պաշտոնյաներին՝ դավաճաններին. «Սպիտակ թուղթ»

Հունվար 13,2022 13:00

Սկիզբը՝ այստեղ:

6. Պրոֆեսիոնալ եւ բարձր արդյունավետությամբ բանակ

Սա հիմնականորեն կպահանջի լայնածավալ կառուցակարգված եւ ենթակառուցվածքային բարեփոխումներ, որոնք խթան կհանդիսանան Հայաստանի զինված ուժերի արդիականացման համար:

Դրանք պետք է ներառեն, բայց չսահմանափակվեն հետեւյալով.

(1) զինված ուժերի ռազմական պատրաստվածության բարձրացում՝ բոլոր ռազմական միավորների մշտական պատրաստվածությամբ,

(2) զորահավաքային կարողությունների ավելացում,
(3) զորամասերի վերակազմավորում՝ դիվիզիաներից ու գնդերից մինչեւ բրիգադներ՝ որպես ստանդարտ մարտական միավորում,
(4) պատերազմի օպերատիվ մակարդակում արագ արձագանքման ուժերի զարգացում,
(5) հատուկ ջոկատների ստորաբաժանումների չափի եւ գործառնական շրջանակի ընդլայնում եւ
(6) ավագ սպաների թվի նվազեցում` կրտսեր սպաների թվի միաժամանակ ավելացմամբ. այդպիսով վերացնելով «շրջված բուրգի» խնդիրը, որն այժմ առկա է Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) ոլորտում:

7. Զինված ուժերի համալրման համակարգ

Զորահավաքային համակարգը պետք է փոխակերպվի բարեփոխումներով, որոնք ուղղված լինեն զորակոչին եւ պրոֆեսիոնալ զինծառայողների ու զորակոչիկների համապատասխան մասնաբաժինների ու դերերի վերանայմանը: Հետեւյալ նկատառումները նման բարեփոխումների հեռանկարային ուղղություններ են: Այս փաստաթղթի հեղինակները դրանք առաջարկում են որպես ընդհանուր ուղղություններ, որոնք պետք է դիտարկվեն ռազմական եւ քաղաքացիական-ռազմական ակնառու փորձագետներից կազմված ապագա հանձնաժողովի կողմից, որին հանձնարարված կլինի խորությամբ ուսումնասիրել այդ խնդիրները:

2020թ. պատերազմում 18 – 20 տարեկան պատանիների զորակոչային բանակը անտանելի գին վճարեց: Ապագայում նման իրավիճակից խուսափելը պետք է լինի ԶՈՒ՝ ցանկացած բարեփոխումային փաթեթի վճռորոշ տարրը:

Զորակոչը կարող է աստիճանաբար եւ որոշ չափով կրճատվել իր տեւողությամբ (տեւողությունը պետք է սահմանվի)՝ միաժամանակ բարելավելով որակը: Այն կարող է հավասարապես լինել արական եւ իգական սեռի ներկայացուցիչների համար, սակայն զորակոչի կազմակերպման հարցում սեռին հարմարեցված տարբերություններով: Զինվորական ծառայության պայմանները բարելավվել են 2018 եւ 2020թթ. ընթացքում: Եթե բարձրագույն հրամանատարությանը հաջողվի հետագայում նվազեցնել վատ սովորությունները, ինչպիսիք են՝ ահաբեկումը եւ բռնությունը, այն կդառնա ավելի գրավիչ: Պարտադիր զորակոչի ժամկետից հետո, ով ցանկանում է շարունակել ծառայությունը, կարող է դառնալ մասնագետ՝ պայմանագրով: Անհրաժեշտ կլինի նախկին զորակոչիկներին կանչել կանոնավոր վերապատրաստումների եւ թարմացումների: Պահեստայինների ուսուցումը, ինչպես նշվեց, երկար ժամանակ անտեսվել էր:

Եթե պրոֆեսիոնալ բանակի համակարգը դառնա հայկական ԶՈւ-ի կորիզը, ապա ընդհանուր թիրախ կարող է դառնալ երեք բրիգադի կազմավորումը՝ յուրաքանչյուրը 5000 հոգուց բաղկացած: Այս թիվը ավելի փոքր է, քան ազգային զորակոչը նախատեսում էր մինչեւ 2020 թվականը: Այն, ինչի կարելի է հասնել այս թիրախային թվի հետ, այսինքն՝ ինչ առաքելություն պետք է սահմանել ԶՈւ-ի համար, ուսումնասիրության ենթակա հարց է եւ կախված է հիմնական ռազմավարությունից, որը Հայաստանը կընտրի իր համար: Այնուամենայնիվ, նախորդ համակարգը, ապավինելով պաշտպանության (ոչ լիարժեք) ամրացված տարածքներին, ցույց տվեց նաեւ, որ ցանկացած թվով զինվորներ, որ Հայաստանը կարող էր հավաքագրել զորակոչային բանակում, նույնիսկ լավագույն ժամանակներում, անբավարար կլիներ: Եթե Հայաստանը նպատակ ունի պահպանել ՇԳ-ն, որը հավասար է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի ամբողջ երկարությանը՝ երկար ժամկետում, ցանկացած համակարգ ցանկացած դեպքում կարող է անկարող լինել: Առաջարկվող համակարգը թանկարժեք է՝ ծախսային առումով. դրա տարեկան նվազագույն արժեքը մոտավորապես գնահատվում է մեկ միլիարդ դոլար: Այս հարցը պետք է նույնպես քննարկվի այդ համակարգի տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ:

8. Ստեղծել կամավոր պայմանագրային պահեստային ուժ` հիմնված տարածքային սկզբունքի վրա՝ պրոֆեսիոնալ բանակին աջակցելու համար

2020թ. պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանն ունի վատ պատրաստված պահեստազորայիններ՝ անհամարժեք պատրաստվածությամբ եւ բանակի գծային ստորաբաժանումների հետ լավ ինտեգրվելու անկարողությամբ: Կամավորներին ուղղված վարչապետի կոչը այս իրավիճակի ակնհայտ ապացույցն էր:

Պայմանագրային պահեստազորայինները հավաքվում էին շաբաթական մեկ անգամ ցածր մակարդակի ուսուցման եւ պարբերաբար՝ շաբաթ-կիրակի օրերին վերապատրաստման, իսկ հավաքական դաշտային ուսուցման համար՝ տարեկան մի քանի շաբաթ:

Կարող են ստեղծվել նաեւ իգական պահեստային ջոկատներ, որոնք, հնարավոր է, սկզբում առանձնացված լինեն արական սեռից:
Արտերկրում ապրող հայերի համար կարող են լինել օրենսդրական դրույթներ՝ որպես պայմանագրային պահեստազորայիններ ընդգրկվելու համար: 2020 թ. պատերազմի ընթացքում մի շարք սփյուռքահայեր կամավորագրվեցին՝ առանց Հայաստանի քաղաքացիություն ունենալու:

Այս մարդկանց առնչությամբ, որոնք փաստացի պաշտպանված չեն հայկական պետության կողմից, գոյություն ունի իրավական սողանցք:

Յուրաքանչյուր պահեստային միավոր կապված է ակտիվ բաղադրիչ միավորի հետ: Ակտիվ պահեստազորը պետք է ինտեգրվի Ընդհանուր բանակի հայեցակարգին՝ առանձին, բայց զուգահեռ հրամանատարական շղթաներով: Կան կամավոր խմբեր, որոնք զբաղվել են պահեստազորայինների եւ նախազորակոչիկների պատրաստմամբ: Դրանք կարող են օգտակար լինել այս տեսակի բարեփոխումների իրականացման, ինչպես նաեւ հասարակություն-բանակ հարաբերությունների սոցիոլոգիական կողմերի համար, ու նաեւ որոշելու համար, թե ինչ են ուզում քաղաքացիները եւ պատրաստ են կամ պատրաստ չեն դրանք կատարելու:

Պայմանագրային պահեստազորի առավելությունները.

  • Դեպի ծով ելք չունեցող երկրներում՝ խորդուբորդ տեղանքով եւ սահմանափակումներով (չափերով, կազմակերպչականությամբ, ֆինանսապես, հագեցվածությամբ) պահեստազորը կարող է աջակցել գործող ուժին:
  •  Տարածքային սկզբունքի վրա հիմնված գործուն պահեստազորը կստեղծի ամբողջական ստորաբաժանումներ՝ տեղական ստորաբաժանումների անձնակազմի շատ ավելի մեծ համախմբվածությամբ: Նրանք կունենան ավելի լավ ուսուցում եւ տեղանքի իմացություն:
  • Տարածքային բաշխումը նման պահեստազորին կստիպի արձագանքել շատ ավելի արագ՝ ի համեմատ կենտրոնացված ազգային ուժերի:
  • Քաղաքացիների հետ կապի հաստատում տեղական մակարդակում, ինչը կդառնա փողոց՝ երկկողմանի երթեւեկությամբ. օրինակ՝ այն կդառնա «մեր համայնքային գունդը»:
  • Այն հնարավորություն է տալիս քաղաքացի-զինվորներին (ստորաբաժանման հիմնական մասը) ծառայել իրենց երկրին՝ միաժամանակ շարունակելով ապրել, աշխատել եւ սովորել իրենց սեփական համայնքում:
  • Այն փոխանցում է լիարժեք մոբիլիզացված երկրի զգացում, որը պատրաստ է պաշտպանվել յուրաքանչյուր քառակուսի կիլոմետր տարածքի վրա:
  • Այն մեղմում է ժողովրդագրական տկար պատկերը:
  • Այս ուժերը օգտակար են նաեւ խաղաղ ժամանակներում:
  • Այս նախատիպը կարող է հարմարեցվել հայկական պատմական ավանդույթի օրինակով՝ այն «հիմնավորելու» համար ազգային փորձի մեջ:

Հեղինակները կրկին պնդում են, որ այս տարբեր ուղղությունները կարիք ունեն խոր եւ լայնակի ուսումնասիրման: Համեմատության համար կարելի է բերել մի շարք երկրների օրինակներ. Ֆինլանդիայի, Շվեյցարիայի, Իսրայելի եւ այլ երկրների: Հայաստանի քաղաքացիների սոցիալական երկարաժամկետ հակումները, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության ընտրությունը, որն արվել է այսօր եւ կարվի մոտ ապագայում՝ որոշումներ կայացնողների կողմից, փոխկապակցված են այն ուղղությունների հետ, որոնք, ի վերջո, պետք է գերակա դառնան Հայաստանի պաշտպանական համակարգի նկատմամբ:

9. Ռազմահետազոտական եւ արդյունաբերական էկոհամակարգի ստեղծում, որը որոշակի արժեք ունի արտաքին շուկաների համար եւ մեծապես օգտակար է ազգային անվտանգության կարիքների համար

  • Հետազոտություն եւ զարգացում. օգտագործելով երկրի եւ Սփյուռքի գիտատեխնոլոգիական փորձագետներին, ինչպես նաեւ համատեղ ներդրումային ընկերություններին՝ պետական ձեռնարկությունների (ՊՁ) հետ մեկտեղ, Հայաստանը պետք է գլխավորի ռազմական հետազոտությունների եւ զարգացման լայնածավալ նախագիծը:
  • Ռազմարդյունաբերական համալիրի զարգացում. համատեղ ձեռնարկությունների ներդրում եւ զարգացում ՊՁ-ների մասնակցությամբ, որոնց միջոցով ռազմական տեխնիկայի եւ տեխնոլոգիայի արտադրության ենթակառուցվածքը համապատասխանեցվում է պետական հետազոտական եւ զարգացման ծրագրերին:

Այս երկու կետերը միասին կծառայեն մրցունակ եւ արդյունավետ էկոհամակարգի առաջացմանը, որում հետազոտությունը, զարգացումը եւ արդյունաբերական արտադրությունը համաժամանակեցվում (synchronize) են: Դրա համար ոչ պետական հատվածը պետք է ամրապնդի արտահանմանն ուղղված իր ակտիվները, որպեսզի երբ պետական հատվածը հետագայում պատրաստ լինի այդ գործի մեջ նետվելու, արդյունավետ կապ ստեղծվի մասնավոր ներդրողների եւ ՊՁ-ի միջեւ:

«Եթե ցանկանում եք կառուցել մի երկիր, ուր կվերադառնան նրա որդիներն ու դուստրերը, եթե ցանկանում եք կառուցել մի երկիր, որտեղից նրանք կմեկնեն միայն արձակուրդի, եթե ցանկանում եք մի երկիր, որը վախ չի ունենա ապագայի նկատմամբ, ապա կատարեք ընդամենը երկու քայլ.

1.Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությանը, իսկ կոռումպացված պաշտոնյաներին՝ դավաճաններին, մինչեւ յոթերորդ սերունդը…

2.Երեք մասնագիտություններ դարձրեք առավել բարձր վարձատրվող եւ հարգված: Դրանք զինվորականներն են, ուսուցիչները եւ բժիշկները …
… Եվ ամենակարեւորը՝ աշխատանք, աշխատանք եւ աշխատանք, քանի որ ոչ ոք չի կարող պաշտպանել քեզ, ոչ ոք չի կերակրի քեզ՝ քեզանից բացի, եւ քո երկիրը միայն քեզ է պետք եւ ուրիշ ոչ մեկին: Երբ դա դառնում է ոչ թե սոսկ բառեր եւ մի պարզ կարգախոս, այլ ապրելակերպ, ուրեմն դու հասել ես քո նպատակին … »:

Վերագրված է Իսրայելի վարչապետներից Գոլդա Մեյրին

«Սպիտակ թուղթ». 2020թ. Ղարաբաղյան պատերազմը եւ Հայաստանի ապագա արտաքին ու անվտանգության քաղաքականությունները

ՌՈԲԵՐՏ ԱՅԴԱԲԻՐՅԱՆ (Փարիզ)

ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆ (Բոստոն)
ԹԱԼԻՆ ՓԱՓԱԶՅԱՆ (Էքս ան Պրովանս)

«Առավոտ» օրաթերթ
12.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31