Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգենդար բալետմայստերը ծննդյան հոբելյանը կտոնի Երեւանում

Հունվար 13,2022 12:30

Հարցազրույց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Օլեգ Վինոգրադովի հետ

– Մաեստրո, կարճ ժամանակով եք Երեւանում ու, բնականաբար, մեր թատրոնում բեմադրություն իրականացնելու մասին խոսք լինել չի կարող։ Հավատացնում ենք, որ աժիոտաժ է հայաստանցի ձեր կոլեգաների եւ, իհարկե՝ բալետարվեստի սիրահարների շրջանում։ Ըստ մեր տեղեկությունների՝ դուք հրավիրված եք Երեւանի օպերային թատրոնի տնօրինության կողմից՝ ակնկալելով ձեր խորհուրդները հայկական բալետի առաջընթացի նպատակով։ Պտտվում են խոսակցություններ, թե առաջիկայում կիրականացնեք Պրոկոֆեւի «Մոխրոտը» ու «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումները։ Մեզ համար շատ կարեւոր է լսել ձեր կարծիքը թատրոնի բալետային խմբի մասին եւ, եթե կարելի է՝ ասեք, խնդրեմ՝ հիմնավո՞ր են այդ խոսակցությունները։ (Մեր ընթերցողին տեղեկացնենք, որ Երեւանի 89-ամյա թատրոնում 1970թ. Օլեգ Վինոգրադովը բեմադրել է Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ», 1986-ին էլ՝ Գարոլդի «Լիզա եւ Կոլեն» ներկայացումները)։

– Միանգամից ուզում եմ հայտարարել, որ աստիճանաբար ձեր թատրոնի բալետային խումբը կհասցնեմ միջազգային չափորոշիչներին համապատասխանող որակի, այն դարձնելով աշխարհի լավագույններից մեկը։ Ինձ հրավիրել է տաղանդավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը եւ ես շատ լավ գիտեմ՝ ինձնից ինչ է ակնկալվում։ Նշեմ, որ ունեմ հիանալի ասիստենտներ, կարճ ասած՝ թիմ, որի հետ համագործակցության արդյունքում ստացել եմ բարձրարվեստ ու բարձրակարգ ներկայացումներ, որոնք այսօր էլ տարբեր հեղինակավոր թատրոնների խաղացանկում են։ Մաեստրո Դուրգարյանի հետ որոշել ենք իրականացնել «Ռոմեո եւ Ջուլիետ»-ը ու նույնիսկ օրն է որոշված՝ ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին, որն իմ ծննդյան օրն է։ Ստացվում է՝ 85-ամյակս նշելու եմ Երեւանում, ձեր օպերային թատրոնում։

Օլեգ Վինոգրադովը գրառում է անում Փարաջանովի
տուն-թանգարանի հուշամատյանում

– Չլսեցինք ձեր կարծիքը մեր բալետային խմբի մասին։

– Արդեն ասացի, թե ձեր բալետային խմբին ինչ է սպասվում, թույլ տվեք կրկնել՝ ինձ հետ համագործակցության արդյունքում։ Հիանալի ներուժ ունեք, բայց այսօրվա դրությամբ ես հաճելիորեն հիասթափված եմ (ժպտում է)։ Այո, այո, մի զարմացեք, բարձունք նվաճելու ճանապարհը հաճախ սկսվում է նման վիճակից։ Կրկնելը չի խանգարի, ասեմ՝ ներուժ կա։

Մաեստրոն՝ Սուրբ Սարգիս եկեղեցիում

– Մաեստրո, հավանաբար գիտեք, որ արեւմտյան տարբեր խմբերում ու թատրոններում իսկապես փայլում են մեր բալետի արտիստները։ Վերջին 30 տարիներին «դուրս գնալու» տենդենցը նկատվում է նույնիսկ պարարվեստի քոլեջի վերջին կուրսի սաների շրջանում։ Մինչդեռ դուք, լինելով ծնունդով Սանկտ Պետերբուրգից եւ ավարտելով տեղի Վագանովայի անվան պարարվեստի ուսումնարանը, 1958թ. գործուղվել եք Նովոսիբիրսկի թատրոն։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք ընկալել դա, գուցե որպես աքսո՞ր…

– Լավ բնորոշեցիք՝ աքսոր։ Բայց ոչ, դա եղել է իմ խնդրանքով։ 21 տարեկան էի ու, բնականաբար, ձգտում էի անկախության։ Տեսեք, Կիրովի՝ այժմ Մարիինյան թատրոնում ուսումնարանի ցանկացած շրջանավարտ, օրինակ, 10 տարի կարող էր անցկացնել կորդեբալետում, հետո էլ հանդես գալ էպիզոդիկ դերապարերով եւ այդքանով ավարտել կարիերան ու անցնել թոշակի։ Իսկ Նովոսիբիրսկի երիտասարդ օպերային թատրոնում մեզ՝ սկսնակներիս, օգնում էին պրոֆեսիոնալները։ Օրինակ, ես առաջին խաղաշրջանում Նինո Ֆուրավլյովայի հետ Չայկովսկու «Կարապի լճում» հանդես եկա իսպանական պարով։ Զբաղված էի խաղացանկային համարյա բոլոր ներկայացումներում։ Այդ տարիներին աշխատեցի այնպիսի մեծանուն խորեոգրաֆների հետ, ինչպիսիք են Լեոնիդ Յակոբսոնը, Վախթանգ Չաբուկիանին… Ավելին, շուտով դարձա բալետմայստերի ասիստենտ ու ընդամենը 23 տարեկանում բեմադրեցի իմ առաջին գործը՝ «Մոխրոտը», որին հաջորդեց «Ռոմեո եւ Ջուլիետը»։ Իհարկե, ինչքան էլ ես շնորհալի, տաղանդավոր, հանճարեղ կամ չգիտեմ ինչ լինեի, մեծ նշանակություն ունեցավ հանճարեղ տնօրենի, այո, հանճարեղ Սեմյոն Զելմանովի վերաբերմունքը, ինչու ոչ՝ աջակցությունը։ Ես սա հենց այնպես չեմ ասում։ Հիմա ձեր թատրոնում տնօրեն է Կարեն Դուրգարյանը, որը տաղանդավոր երաժիշտներին, արտիստներին առաջ մղելու համար ոչ մի խոչընդոտից չի վախենա եւ կպայքարի նրանց ստեղծագործական աճի, ճանաչելի դարձնելու համար։ Ես դրանում վստահ եմ։ Պարզ մի բան. Դուրգարյանը նոր է նշանակվել եւ արդեն խորհրդակցելու համար մասնագետ է հրավիրում։ Եվ դա ճիշտ աշխատաոճ է, ինչը վաղուց ընդունված ձեւ է։ Ժամանակին Նովոսիբիրսկում ինձ էլ նկատել է Յուրի Գրիգորովիչը եւ հրավիրել Մոսկվայի «Բոլշոյ» թատրոն։

– Արեւմտյան մամուլը հաճախ է անդրադառնում ԱՄՆ-ում ձեր հիմնած բալետի դպրոցին…

– Այդպես էլ պետք է լիներ։ Ես ինքս ինձ չեմ գովաբանում, բայց առիթի դեպքում, ինչպես եւ հենց հիմա, նշեմ, որ Ամերիկայում իմ ղեկավարած բալետի դպրոցի սաները առաջին տարիներին 26 ոսկե մեդալ են նվաճել միջազգային մրցույթներում։ Մինչ այդ այդպիսի բան չէր եղել, ԱՄՆ-ից ոչ մի պարող ոսկի մեդալ չէր շահել…

– Մամուլն անդրադառնում է նաեւ բեսթսելլեր դարձած ձեր հուշերին, ինչպես նաեւ որպես նկարիչ ձեր գործերին։

– Իհարկե, շնորհակալ եմ արվեստի այդ ճյուղերին ձեր անդրադարձի համար։ Գրքերիցս մեկը իսկապես հետաքրքիր է (ժպտում է)։ Խորհուրդ կտայի կարդալ «Բալետմայստերի խոստովանությունը» գիրքը, որտեղ կան հուշեր, որ արդյունք են իմ՝ այսպես կոչված, լրտեսական գործունեության։ Մի փոքր մանրամասնեմ. օրինակ, պատահել է, որ ավտոմեքենաս թողել եմ մի թաղամասում, փոխել հագուստս, կերպարանափոխվել, գնացել մեկ այլ թաղամաս, որպեսզի որպես ականատես ներկա լինեմ սպասվող ինչ-ինչ դեպքերի, որ հետո գրի առնեմ դրանք, եւ այլն։

– Մաեստրո, հավաստիացնում ենք, որ մեր օպերային թատրոնում բալետային ներկայացումներն անցնում են լեփ-լեցուն դահլիճում…

– Այդպես էլ պետք է լինի։ Բալետն արվեստի ամենագեղեցիկ ձեւերից մեկն է։ Բացարձակապես մարմնական, բայց աբստրակտ արվեստ է՝ տարբեր շարժումներով, ժեստերով… որոնց միջոցով արտիստը հանդիսատեսին է փոխանցում համապատասխան զգացմունքներ, հույզեր եւ այլն։ Բալետի միջոցով կարելի է փոխանցել այն դրամատիկ բովանդակությունը, որը բառերով հնարավոր չէ արտահայտել։ Ի վերջո, բալետարվեստը երաժշտության ընկերակցությամբ շատ մեծ ազդեցություն ունի, քան ցանկացած այլ վիզուալ արվեստ։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել է Ազգային օպերային թատրոնի PR բաժինը

«Առավոտ» օրաթերթ
12.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31