Գագիկ Մելքոնյանը՝ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին
«Մինչեւ հիմա ասում ենք՝ 100 տարի առաջ էս տվինք, էն տվինք: Հա տվել ենք, հիմա արեք չտանք: 100 տարի առաջ էլ է այս ժողովուրդն այսպես պառակտված եղել: Արեք չպառակտվենք, միանանք, դաս քաղենք անցյալից: Դաշնակն ասում է՝ ես Դաշնակցություն եմ, 130 տարվա կուսակցություն եմ, ես պտի ղեկավարեմ այս երկիրը, ինչի՞ պիտի Նիկոլ Փաշինյանը ղեկավարի, կամ մի ուրիշը: Քոչարյանն էլ ասում է՝ ես պտի քոքից մաշեցնեմ սրանց ու ես պտի ղեկավարեմ»,- «Առավոտի» հետ զրույցում ընդդիմությունից դժգոհեց ՔՊ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:
Մեր դիտարկմանը, որ Քոչարյանի օրոք, համենայնդեպս, հաղթանակ ենք ունեցել, ոչ թե պարտություն՝ Գագիկ Մելքոնյանը հակադարձեց. «Ինքը նախ չի կռվել, ոչ մի պատերազմի էլ չի մասնակցել, ինքը ոչ մի հաղթանակի մասին ոչ էլ կարա խոսա, դա՝ մեկ: Երկրորդն էլ՝ այդ հաղթանակները տարել եք՝ լավ եք արել, բա ինչի՞ չպահեցիք մինչեւ վերջ: 10 տարի եղել ես հանրապետության նախագահ, այդ 10 տարում Ղարաբաղի հարցը լուծեիր: Չէ՞ որ քեզ այստեղ նախագահ նշանակել էին, որ դու Ղարաբաղի հարցը լուծեիր: Ինչի՞ չլուծեցիր, երբ որ դու հնարավորությունն ունեիր: 5 շրջան էիր տալու, 7 շրջան էիր տալու, թե ինչ էիր տալու՝ թող այդ ժամանակ լուծեիր այս հարցը ու այս հազարավոր զոհերը մենք չունենայինք»:
Երբ ասացինք՝ չի տվել, հողը պահել է ու ասում է՝ լավ ժառանգություն եմ փոխանցել՝ բանակցություններով՝ Գագիկ Մելքոնյանը ի պատասխան վիճեց. «Ո՞րը: Այսինքն, երկիրը կախաղանից կախած՝ թողել գնացել է: Երբ որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ տղե՛րք, չեք կարող աշխարհի դեմ կռվեք, աշխարհը ստիպում է մեզ, որ այս հարցը լուծենք, դուք ցույց եք տալիս՝ ազատագրել ենք այդ տարածքները, ի՞նչ տարածք ես ազատագրել, ի՞նչ: Պարո՛ն Սերժ Սարգսյան, Աղդամը ասում ես իմ հայրենիքը չի, հետո էլ ասում ես՝ Աղդամն ազատագրել եմ, կամ էն մյուսը, ի՞նչ ազատագրել, տայի՛ք իրենց: Մարդիկ ասում են՝ աշխարհի խոշորները՝ Ամերիկան, Ֆրանսիան, Ռուսաստանը 25 տարի ընկել են ձեր հետեւից, խնդրում էին ձեզ, ասում էին՝ արա՛, արեք էս հարցերը լուծենք, պրծնենք, մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, դուք էլ, եթե չլուծեք, ուրիշ ձեւ է լուծվելու այս հարցերը: Քոչարյանին ասա՝ ինչի՞ չտվեցիր այդ տարածքները, ուրիշի տարածքներ էին, հիմի էլ դառել եք եսիմ ինչ, ուզում եք մտնեք Ռուսաստանի կազմի մեջ, դառնաք Բելառուսի նման, որ պրծնենք: Անկախ պետություն ենք, տեսնում եք, որ աշխարհը հլը մեզ մարդատեղ է դնում, հրավիրում են, կանչում են ամեն տեղ, այս վերջին Բրյուսելի հանդիպումն էր, տեսա՞ք ինչքան դրական եղավ, որ մարդիկ ճանաչեցին, որ Հայաստանը իրոք ժողովրդավար պետություն է: Չնայած ես այս ժողովրդավարությանը շատ դեմ եմ, մեր երկիրը պիտի լինի նախագահական, կիսանախագահական: Մեկը լինի, ձեռը խփի սեղանին, ասի՝ այսպե՛ս է լինելու մեր ուղին: Շատ բաներ կան, որ կփոխվի: Հլը մեր պատերազմը ավարտված չի, մեր մեջքը դզված չի: Ու բոլորը ասում են՝ սա չի լինի, նա……բա դո՛ւք ասեք՝ ինչո՞վ եք օգնելու պետությանը, չենք ասում ղեկավարեք երկիրը: Պետությանը ինչո՞վ եք օգնելու, թե՞ էդ մենակ մեր պետությունն է, ձերը չի»:
Կարդացեք նաև
Փոխանցեցինք ընդդիմության դիրքորոշումը՝ գնացեք, որ օգնենք պետությանը, մինչեւ չգնա Նիկոլ Փաշինյանն ու իր պարտված թիմը, մենք ոչ մեր մեջքն ենք ուղղելու, ոչ էլ լավ է լինելու՝ Գագիկ Մելքոնյանն արձագանքեց. «Ո՞վ է գալու, ասա՛, ո՞վ: Իրանք ո՞վ, Քոչարյա՞նը: Քոչարյանը էս երկրի հերն անիծել է»: Փոխանցեցինք քոչարյանական փաստարկները՝ երկնիշ տնտեսական աճ է ապահովել, «վագրային թռիչք» ենք ունեցել, արցախյան պատերազմի հաղթանակներն են մատնացույց արվում՝ Մելքոնյանը պատասխանեց. «Լսի՛, ի՞նչ հաղթանակ: Հաղթանակն ո՞ւր է, ես չեմ տեսել այսպիսի հաղթանակ, ես տեսնում եմ այս օրը, որը նրա արդյունքներն են: Էն ժամանակ էլ Ղարաբաղի հարցը պիտի լուծվեր ուրիշ ձեւով: Մե՛նք ենք կոտորվել, Հայաստանի ժողովուրդն է կոտորվել, 20 տարի իշխել են, 20 տարում ի՞նչ են արել այս երկրի համար, ճանապա՞րհ են սարքել, թե՞ Հյուսիսային պողոտա: Բանա՛կը պիտի ուժեղանար, պիտի բերեին անօդաչուներով լցնեին բանակը, սա անեին, այն անեին, որ մենք կարողանայինք հետո կռվեինք: Թուրքի հետ իրանք պայմանավորվան, ամեն ինչ արեցին, քցեցին թռա՞ն, հա՞, հիմա էլ ասում են՝ մենք հերոս ենք եղել: Ժողովուրդը չե՞ք տեսնում, որ չի ընդունում այդ մարդկանց: Ես դրանց խորհուրդ եմ տալիս, որ հավաքվեն, գնան Ղարաբաղ, նորից Ղարաբաղից սկսենք ամեն ինչը: Այ եթե իրենք հավաքվեն հիմա, գնան Ղարաբաղ, նորից ղարաբաղցիների դուխը կբարձրանա, իրանց փողերը տանեն դնեն այնտեղ, տնտեսությունը զարգացնեն, Ղարաբաղը հզորացնեն իր այգիներով, խաղողագործությամբ, ամեն ինչով: Զարգացնենք, հարստանանք, ամեն ինչն էլ կլուծվի կամաց-կամաց»:
Մելքոնյանին հարցրեցինք՝ որ ասում եք՝ ժողովրդին չտանեին կոտորեին, ճիշտ էր ժամանակին տարածքները տալը, բա 2018-ին Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, պատերազմը եղավ 2020-ի սեպտեմբերին, բա այդ նույն խորհուրդը Նիկոլ Փաշինյանին տայիք, ասեիք՝ պարո՛ն Փաշինյան, մի՛ տար այս ժողովրդին կոտորելու, մեկ է, չենք կարողանալու, ոչ թե եթեր մտեք, ասեք՝ ով ինչ «կասկա» ու զինվորական շոր ունի, հագեք եկեք կռվի, թող ի՛նքը տար տարածքները՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «2018-ի հեղափոխությունը որ եղավ, մինչեւ դեկտեմբերի 6-ը անիշխանություն էր, համաձա՞յն ես, 2019-ի հունվարից նոր սկսեց Ազգային ժողովը գործել, պետությունը սկսեց գործել: 2019-ին ահագին զինտեխնիկա է ձեռք բերվել այդ ընթացքում, ահագին ռազմամթերք է ձեռք բերվել, այսինքն, մենք հաշվենք 2019-2020 թիվ՝ 2 տարի է, այս երկու տարում հսկայական սպառազինություն է ձեռք բերվել: Իսկ եթե մենք հաշվեինք՝ ամեն տարի եթե մենք կարողանայինք այդքան սպառազինություն ձեռք բերել, արդեն մեր դիմադրողականությունը շատ կբարձրանար: 2-3 տարում չես կարա 2 մլրդ-ի զենք առնել»:
Հարցին՝ բա ինչի՞ էինք «թաթախվում» պատերազմի մեջ՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Մենք թաթախվել էինք 90 թվից, այդ ժամանակից ենք մենք այս խաղերի մեջ: Ոչ թե 2018-ին Նիկոլն եկավ, պատերազմը սկսվավ»:
Դիտարկմանը՝ իրեն էլ են առաջարկել Լավրովի պլանը, Փաշինյանին էլ են ասել՝ տուր 7 շրջանները, ինչո՞ւ չի տվել՝ նա պատասխանեց. «Գոյություն ուներ ոչ մի թիզական շարժումը, մինչեւ պատերազմը գնում էր դա, որ ոչ մի թիզ հող: Լեւոն Տեր-Պետրոսյանը որ 98-ին հրաժարական տվեց, ասեց՝ ես գնում եմ, դու արեք, մի տվեք հողերը, թե տղա եք: Մենք աշխարհի դեմ էինք դուրս եկել, տեսա՞ք, պատերազմի ժամանակ ոչ ոք մեզ չէր աջակցում: Ասում էին՝ արա, 25 տարի ձեզ ասել էինք, որ այսպես պիտի լինի, չեք արել՝ դե հիմա գնացեք: Այսինքն, թող ոչ ոք մեղքը չգցի: Քոչարյանն էլ թող իմանա, որ ինքը երբեք Հայաստանում ղեկավար չի դառնա էլ, այս ժողովուրդը թույլ չի տա: Նույնիսկ պարտվել ենք, ժողովուրդը էլի 50%-ից ավելի ձայն տվեց, որովհետեւ ինքը մերժեց նախկիններին: Ժողովուրդն արդեն ազատության համը զգացել է, երբեք չի ուզում այդ ազատությունը կորցնի, անկախ ամեն ինչից: Իր որդիները զոհվան այսքան, էլի ինքը իր ազատությունը գերադասեց ամեն ինչից, համաձա՞յն եք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.01.2022